Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախարարի խորհրդականին հանձնարարական չեն տվել

Փետրվար 11,2011 00:00

Մարատ Հայրապետյանը երբեւէ չի մասն ակցել Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը

Լուրերն այն մասին, թե ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանը այսուհետեւ իր ուսերին կվերցնի Ազգային երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության հոգսերը, իրականությանը այնքան էլ մոտ չեն: «Առավոտի» հետ զրույցում Մարատը ասաց, որ նման հանձնարարական չի ստացել: Հավանաբար, ասեկոսեներին հիմք է ծառայել վերջերս կայացած «Տարվա մարդիկ- 2010» մրցանակաբաշխությունը, որը նախաձեռնել էր երեւանյան ամսագրերից մեկը եւ որտեղ Մարատը ժյուրիի կազմում էր: Մ. Հայրապետյանը խոստովանեց, որ միշտ իրեն ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել մասնակցել Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը, քանի որ այն գրեթե միշտ համընկել է իր արտերկրյա շրջագայությունների հետ: 2008թ.-ից Մարատը մասնակցել է ԱՄՆ-ում անցկացվող ամենամյա «Armenian Golden Star Awards» մրցանակաբաշխությանը, որտեղ հանդես է եկել ոչ միայն երգչի, այլ նաեւ հաղորդավարի կարգավիճակում: 2008թ.-ին նա ճանաչվել է «Լավագույն ինտերնացիոնալ երգիչ», 2009-ին՝ «Լավագույն վոկալիստ»:

Մարատին գոհացնում է «Armenian Golden Star Awards»-ում գործող համակարգը, որտեղ ընտրությունը անվանակարգերում կայացնում են ոչ թե ժյուրիի եւ SMS քվեարկությամբ, այլ համացանցի միջոցով, ինչի արդյունքում գրանցվում է տվյալ համակարգչի համարը եւ չի տրվում հնարավորություն մեկ ձայնից ավելի ուղարկել որեւէ մասնակցի օգտին: Մարատին հայաստանյան պարագայում չի գոհացնում նաեւ ժյուրիի գործոնը: Երգիչը ավելի քան համոզված է, որ ժյուրիի տարբերակում էլ անձնական համակրանքն է հաճախ գործում: Նրան զարմացնում է այն հանգամանքը, թե ինչպես են որոշվում հատկապես «Տարվա լավագույն երգիչ-երգչուհի» անվանակարգերի հաղթողները: Որպես կանոն, նշում է Մարատը, մրցանակը տրվում է մի երգչի կամ երգչուհու, ով առանձնակի չի փայլել ոչ բեմերում, ոչ էլ հեռուստաէկրաններին, տեսահոլովակ էլ չունի, մինչդեռ «Տարվա լավագույնը» պետք է տրվի ամենաակտիվ գործունեություն ծավալած երգչին: Հեռուստաեթեր ներխուժած անհասկանալի տեսահոլովակների մասին էլ Մարատն ասաց, որ այնքան շատ են չերգող, բայց տեսահոլովակի գումար ունեցողները, որ հեռուստաընկերությունները անգամ ֆիզիկապես չեն հասցնում դրանք ցուցադրել: Հավելենք, որ Մարատը պատրաստվում է մասնակցել Կրեմլում կայանալիք «Արմենիա» մրցանակաբաշխությանը, իսկ «Armenian Golden Star Awards»-ում այս տարի երգիչը կներկայացնի «Մայրիկիս» երգը, որի խոսքերի հեղինակը Սիլվա Կապուտիկյանն է, երաժշտությունը գրել է ինքը՝ Մարատը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել