Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍՄԲԱՏՅԱՆԸ ՂԵԿԱՎԱՐԵԼ Է ԼՈՆԴՈՆԻ ՍԻՄՖՈՆԻԿԸ

Փետրվար 11,2011 00:00

Գերաստղ Մաքսիմ Վենգերովն էլ կղեկավարի Երիտասարդական նվագախումբը

\"\"
Վ. Գերգիեւը (ձախից), Ս. Սմբատյանը եւ Դ. Մացուեւը:

Ժամանակակից աշխարհում իմպրեսարիոներին հաճախ փոխարինում է համացանցը, որում տեղ գտած տվյալների բանկը հնարավորություն է տալիս արագ «գտնել» արվեստագետին ու հրավիրել: Այս ճանապարհով է վերջերս կայացել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությունը:

«Առավոտի» հետ զրույցում Ս. Սմբատյանը մանրամասնեց, որ հրավերը ստացել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Վ. Գերգիեւ) պատվավոր նախագահ սըր Քոլին Դեւիսի կողմից: Փետրվարի 5-ին Լոնդոնում կայացած համերգին երիտասարդ դիրիժորը ղեկավարել է Բեթհովենի 7-րդ եւ Ստրավինսկու եռամաս սիմֆոնիաները: Սա բրիտանացի երաժշտասերների եւ հայ դիրիժորի երկրորդ հանդիպումն է, իսկ առաջինը կայացել է 2010-ին, Վինձորյան պալատում, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը կազմակերպվել էր արքայազն Չարլզի կողմից:

6-ամյա Երիտասարդական նվագախումբը հասցրել է հանդես գալ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ունկնդիրների առջեւ, ելույթներ է ունեցել հանրահայտ համերգասրահներում՝ Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահի եւ կոնսերվատորիայի մեծ դահլիճներում: Նվագախումբը ստեղծագործական կապեր ունի այնպիսի անվանի երաժիշտների հետ, ինչպիսիք են Վլադիմիր Սպիվակովը, Միշել Լեգրանը, Վալերի Գերգիեւը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Բորիս Բերեզովսկին, Դենիս Մացուեւը, Վադիմ Ռեպինը, Գրիգորի Ժիստինը եւ այլք: Մեզ հետ զրույցում անցյալ տարվա ընթացքում Երիտասարդականի արտերկրյա համերգներից Ս. Սմբատյանն առանձնացրեց իրենց մասնակցությունը «Մոսկովյան զատիկի», Բեռլինի «Young Euro.Classic», Կասսելի «KULTURSOMMER.NORDHESSEN», Վրոցլավի «YOUNG. CLASSIC. WRATISLAVA» փառատոներին:

«Առավոտը» տեղյակ է, որ նվագախմբի երկացանկում դասական երաժշտության գրականության կողքին մշտապես տեղ ունի հայկականը. հնչել են Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Էդվարդ Հայրապետյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործությունները: Ստացվում է, որ հայաստանցի դիրիժորների եւ կոմպոզիտորների մեծ մասին մշտապես հուզող մի հարց, գոնե Երիտասարդականի դեպքում՝ լուծված է:

Քանի որ նվագախումբն իրագործում է նաեւ բարեգործական ծրագրեր՝ ելույթներ մանկատներում, աջակցություն երիտասարդ երաժիշտներին եւ այլն, խնդրեցինք ներկայացնել դրանք, սակայն Ս. Սմբատյանի պատասխանը հետեւյալն էր՝ «բարեգործության մասին չեն բարձրաձայնում»: Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս դիրիժորն ասաց, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 22-ին Երիտասարդականի ընկերակցությամբ կկայանա աշխարհահռչակ ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովի համերգը: Նկատենք, որ վերջին շրջանում Երեւանը թեեւ համաշխարհային համբավ ունեցող երաժիշտների պակաս կարծես չի զգում, սակայն Մ. Վենգերովը այլ մեծության աստղ է, նրա անունը ընդգրկված է երաժշտարվեստի տարբեր ժանրերի եւ ուղղությունների՝ 12 գերաստղերի ցանկում: Նրանց թվում են Սթիվի Ուոանդերը, Սթինգը, Թելեմանը եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել