Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եգիպտոսը վրդովված է Վաշինգտոնի հայտարարությունից

Փետրվար 11,2011 00:00

Սաուդյան Արաբիան սպառնում է սատարել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, եթե Սպիտակ տունը նպաստի Եգիպտոսում արագընթաց իշխանափոխությանը: Այդ մասին, ըստ PanArmenian.net-ի, գրել է The Times-ը: Հեռախոսազրույցում թագավոր Աբդալլան ԱՄՆ նախագահ Օբամային խնդրել է չնվաստացնել Մուբարաքին եւ զգուշացրել է, որ կֆինանսավորի Եգիպտոսին, եթե ԱՄՆ-ն հրաժարվի այդ երկրին տարեկան 1,5 մլրդ դոլար ֆինանսական օգնություն ցուցաբերելուց:

ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը Պարսից ծոցում հասկացրել է, որ հարկավոր է թույլ տալ Մուբարաքին մնալ նախագահ՝ ապահովելու համար անցումը խաղաղ ժողովրդավարության: «Մուբարաքն ու Աբդալլա թագավորը ուղղակի դաշնակիցներ չեն, այլ մերձակա բարեկամներ, եւ թագավորն անտարբեր չի նայի, թե ինչպես են հեռացնում եւ նվաստացնում իր ընկերոջը»,- գրել է The Times-ը՝ հղում անելով սաուդյան մայրաքաղաքում իր աղբյուրին: Միեւնույն ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսը հայտարարել է, թե Կահիրեն չունի այլ ելք, քան՝ արագացնել բարեփոխումները:

Եգիպտոսում էլ, մեղմ ասած, հիացած չեն Միացյալ Նահանգների վերջերս արած հայտարարություններով: «Վաշինգտոնի կոչերը՝ արմատական փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ, չեն օգնում կայունացնել իրավիճակը Եգիպտոսում»: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Ահմեդ Աբուլ Գեյթը՝ ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարն ասել է, թե վրդովված է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի պահանջից՝ չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը երկրում. «Մեզ մոտ փողոցներում են հայտնվել 17 հազար դատապարտյալներ: Ինչպե՞ս դուք կարող եք պահանջել փոխել արտակարգ դրությունը»:

Ընդսմին, Եգիպտոսում կրքերը չեն հանդարտվում: Ցույցերը շարունակվում են ինչպես երկրի մայրաքաղաքում, այնպես էլ՝ Կահիրեից հարավ գտնվող Էլ-Վադի էլ-Հադիդ նահանգում, արդեն երեք օր շարունակ չհանդարտվող հուզումների արդյունքում զոհվել է 4 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։

Տեղի բնակիչների եւ անվտանգության ուժերի բախումը տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ Էլ-Խարգա վարչական կենտրոնում։ Ցուցարարները փորձել են վերցնել ոստիկանական բաժանմունքը եւ հրդեհել են դատարանի շենքը։ 3 հազար ցուցարարներին ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ եւ մարտական փամփուշտներ են օգտագործել։

Իսկ փետրվարի 9-ին Պորտ-Սայիդում շուրջ 300 մարդ դյուրավառ հեղուկներով շշեր էր նետել քաղաքային վարչակազմի շենքի ուղղությամբ՝ պահանջելով բարելավել իրենց սոցիալ-կենցաղային պայմանները: Այստեղ ոստիկանությունը իրադարձություններին հետեւել է կողքից եւ չի միջամտել:

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Եգիպտոսի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ բանակցությունների տապալումից հետո ընդդիմությունը հայտարարել է փետրվարի 11-ին Եգիպտոսի ողջ տարածքում նոր ցույցեր նախաձեռնելու մասին՝ խոստանալով փողոց հանել աննախադեպ թվով մարդկանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել