Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀԻՄԱ ԷԼ «ՄԵՆԹԵՐԻ՞Ն» ԵՆ ԴՊՐՈՑ ԲԵՐՈՒՄ»

Փետրվար 11,2011 00:00

Ծնողների, հոգեբանների եւ մանկավարժների մեծամասնությունը դեմ է, որ դպրոցում ոստիկան աշխատի

Ավագ դպրոցների համակարգի ստեղծմամբ ՀՀ կրթահամակարգում մեկը մյուսի հետեւից սկսեցին կատարվել տարաբնույթ նորամուծություններ: Ուսումնական պլաններում, գնահատման համակարգում տեղի ունեցան փոփոխություններ, եղան կադրային կրճատումներ եւ այլն: Այժմ էլ կրթության «պատասխանատուները» սկսել են մտածել ավագ դպրոցում ոստիկանի հաստիքի ձեւավորման մասին՝ պատճառաբանելով, թե ավագ դպրոցներում հավաքվում են տարբեր կրթօջախներից եկած, տարբեր նախասիրությունների, հետաքրքրությունների, վարքի տեր պատանիներ եւ հնարավոր է պահանջվի ոստիկանի միջամտությունը՝ նրանց կարգի հրավիրելու համար:

Աշակերտների ծնողների շրջանում «Առավոտի» կատարած հարցախույզը ցույց տվեց, որ այս նախագիծը ծնողների մեծամասնության սրտով չէ: Թիվ 105 ավագ դպրոցի ծնող Ստելլա Սահակյանը նկատեց. «Չեմ հասկանում, մի՞թե մանկավարժները ի զորու չեն մի քանի անչափահասի կարգի հրավիրել, որ պետք է ոստիկան բերեն դպրոց»: Թիվ 54 ավագ դպրոցի ծնող Ռաֆիկ Նազարյանն էլ մեզնից տեղեկանալով նշված մտադրության մասին, վրդովվեց. «Հիմա էլ մենթերի՞ն են դպրոց բերում: Դա հաստատ երեխաներին ճնշելու է եւ հակառակ ռեակցիան առաջացնի: Մեր հասարակության մեջ ոստիկանը դեռ չի ընկալվում քաղաքացու շահերի պաշտպան, օգնական, ընդհակառակը՝ ոստիկանների մի մասը ունի գործ սարքող, անարդար մարդկանց նկարագիր»: Թիվ 83 ավագ դպրոցի ծնող Զավեն Հովհաննիսյանն էլ նկատեց. «Դա մոտավորապես նման է լինելու այն իրավիճակին, որ այսօր հաճախ կարելի է ականատես լինել բուհերի մեծամասնության շրջակայքում: Այսպես կոչված՝ կարմիր բերետավորները հաճախ ոչ թե կարգ են պաշտպանում, այլ իրենք են հրահրում տարաբնույթ խժդժություններ, երբեմն անմեղ պատանիների վրա անհիմն մեղքեր բարդում: Ավագ դպրոցում հավաքվելու են արդեն հասուն երեխաներ, որոնք ոստիկանի ցանկացած դիտողությունից ավելի են բորբոքվելու եւ լրացուցիչ բարդություններ առաջացնելու: Մի խոսքով, ես չէի ցանկանա, որ իմ երեխայի դպրոցում ոստիկան լիներ: Օրինակ՝ անվտանգության աշխատակիցների ներկայությանը կողմ եմ»:

Թիվ 22 հիմնական դպրոցի տնօրեն Շողեր Թորոսյանը նշեց. «Դեմ չեմ, որ լիներ ոստիկանի հաստիք, բայց որ դպրոցը նրան չվճարեր: Իհարկե, սկզբնական շրջանում գուցե նրա ներկայությունից երեխաները ճնշված զգան իրենց, բայց ժամանակի ընթացքում կսովորեն: Ոստիկանի հաստիք ավելի շատ անհրաժեշտ է ավագ դպրոցին, քանի որ այնտեղ տարբեր դպրոցներից են երեխաներ հավաքվում»: Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանն էլ ասաց. «Վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ում կազմակերպված վերապատրաստումից: Մինչեւ այնտեղ մեկնելը դեմ էի ոստիկանի՝ դպրոց մուտք գործելուն: Բայց երբ տեսա, թե այնտեղ այդ համակարգն ինչքան լավ է աշխատում, կարծիքս փոխեցի: Ոստիկանն ամերիկյան դպրոցում պետական պաշտոնյա է համարվում: Մեզ մոտ, իհարկե, այդ կարծիքը դեռ ձեւավորված չէ, բայց ճիշտ աշխատանք տանելու դեպքում ժամանակի ընթացքում այդ գիտակցությանն էլ կհասնենք»: Թիվ 104 հիմնական դպրոցի տնօրեն Հենրիկ Մինասյանի կարծիքը հետեւյալն է. «Ես չեմ ուզի, որ մեր դպրոցում ոստիկան լինի: Մեր բոլոր երեխաները ճանաչում են իրար, ուսուցիչներն էլ լավ գիտեն իրենց բոլոր աշակերտներին: Անգամ ավագ դպրոցում հույժ անհրաժեշտ չէ ոստիկանի հաստիքը, պարզապես առաջին շրջանում, այն էլ, որ հսկի դրսի միջավայրը, որ դրսից կողմնակի անձինք ներս չգան, չանհանգստացնեն աշակերտներին»: Թիվ 192 միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Պողոսյանի խոսքով. «Դեմ եմ, որ ոստիկանը մուտք գործի դպրոց: Մտավախություն ունեմ, որ դպրոց կգան ոչ բարձրակարգ ոստիկաններ, որոնք ինտելեկտով այնքան էլ աչքի չեն ընկնում: Իսկ դա նախընտրելի չէ: Փոխարենը, ավագ դպրոցում եղած խնդիրները լուծելու համար ավելի լավ կլինի կիրառել քարտային համակարգ, որպեսզի երեխաները անցաթղթով մուտք գործեն դպրոց»:

ԵՊՀ պրոֆեսոր, դատական փորձագետ-հոգեբան, գրող Էլդա Գրինը, տեղեկանալով ոստիկանին դպրոց բերելու նախագծին, վրդովվեց. «Ես կտրականապես դեմ եմ, որ ոստիկանը մտնի դպրոց: Դպրոցում ոչ թե ոստիկանը, այլ մանկավարժները պետք է կարգ հաստատեն: Ոստիկանին դիմում են այն դեպքում, երբ օրենքն է խախտվում: Այսպիսով, նշանակում է, որ մանկավարժները ստորագրում են իրենց անկարողության տակ: Սա նշանակում է, որ այլեւս դերակատարություն չի ունենալու երեխայի հոգեբանական անհատական մոտեցումը, քանի որ ոստիկանը միշտ էլ բռնի ուժով է կարգ հաստատում: Փաստորեն, աշակերտների կարգավիճակը մոտենալու է մեկուսարաններում, գաղութներում, բանտերում գտնվողների կարգավիճակին: Հիմա ոստիկաններ կան, որ իրենց է նախ դաստիարակություն պետք, իրենց պետք է կարգի հրավիրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել