Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հասարակության պահող ուժ

Փետրվար 11,2011 00:00

Հայաստանին նո՞ր միֆեր են անհրաժեշտ

Ցանկացած հասարակություն ունի որոշակի շերտ, որը համարվում է առավել օբյեկտիվ, որին հասարակության ամենալայն զանգվածները վստահում են:

Ես չեմ խոսում իշխանություններին վստահել կամ չվստահելու մասին, այլ այն մասին, որ պետության կայացման համար անհրաժեշտ է ունենալ մարդկանց մի խումբ, որը ազգաբնակչության գերակշիռ մեծամասնության կողմից կընդունվի որպես «ամենաօբյեկտիվը»: Օրինակ, Եգիպտոսում այդպիսի խմբի հավակնեց բանակը, որը իրեն զերծ պահեց ներքաղաքական գործընթացներից, եւ հակամարտող երկու կողմերն էլ չմեղադրեցին նրան կողմնակալության մեջ:

Այսինքն՝ կան երկրներ, որոնց համար «օբյեկտիվ» մարմինը համարվում է բանակը, ինչպես դա ժամանակին եղավ նաեւ մեր հարեւան Թուրքիայում: Մեր մյուս հարեւան Իրանում այդ առաքելությունը իր վրա վերցրել է հոգեւորականությունը, ու նա է աշխարհիկ կյանքում որոշում այս կամ այն կողմի ճշմարտացիությունը: Արեւմուտքի շատ երկրներում այդպիսի ֆունկցիա իր վրա վերցրել է դատարանը, որոշներում թագուհիները կամ թագավորները, որոնք ներկուսակցական պայքարին չեն մասնակցում, սակայն իրենց հեղինակությամբ կարգավորում են երկրի ներքաղաքական իրավիճակը եւ օրենքների կատարելիություն: Կան երկրներ, որոնք ունեն մի քանի այսպիսի «զսպող մեխանիզմներ», զորօրինակ ԱՄՆ-ում, բացի դատական անկախ համակարգից, ստեղծվել է էքսնախագահների ինստիտուտ, որը մեծ հեղինակություն է վայելում հասարակության մեջ, եւ բազմաթիվ արտաքին ու ներքին հարցեր լուծվում են հենց այս ինստիտուտի միջոցով: Կան երկրներ, որտեղ այդ զսպող խավը հանդիսանում են տարեց մարդիկ, որոնք հասարակության համար հանդիսանում են «վերին ճշմարտությունը» փոխանցող մարդիկ:

Հիմա նայենք, որն է այն զսպող կամ կարգավորող ուժը, որը հնարավոր ճգնաժամերի դեպքում մեր երկիրը կհամախմբի ու դուրս կբերի այդպիսի իրավիճակներից:

Հոգեւորականները ոչ միանշանակ են ընդունվում հասարակության կողմից, այլապես այդքան շատ չէին տարածվի տարատեսակ աղանդները: Բանակ զորակոչվում է հիմնականում ազգաբնակչության չունեւոր խավը, որն արդեն անվստահություն է մտցնում հասարակության մեջ ու այս պարագայում, բանակից պահանջել լինել «ամենաօբյեկտիվը» կամ զսպող ուժը՝ անմտություն կլինի: Էքսնախագահները պաշտոնաթողությունից հետո էլ զբաղված են ակտիվ քաղաքականությամբ, թագավոր ու թագուհի բարեբախտաբար չունենք, տարիքով մեծերն էլ այնքան անպաշտպան են, որ հասարակությանը պաշտպանելու փոխարեն հասարակությունն է պաշտպանում նրանց, այն էլ ապաշնորհ ձեւով: Մտավորականության մասին կարելի է ընդհանրապես մոռանալ, քանզի դա սովետական միֆ էր, որ կարելի է ունենալ մի ընդհանրական մտավորականություն, որը կկատարի հասարակության առաջնորդողի դեր: Դատարանների ու դատավորների մասին նույնպես ամեն ինչ հայտնի է:

Մյուս կողմից էլ կեղծ հեղինակություններ ստեղծելով՝ էլ ավելի կարժեզրկենք արդեն արժեզրկվածը, ինչպես պատահեց տարաբնույթ հասարակական ու հանրային խորհուրդներ ստեղծելով: Վերոնշյալ շերտը չի կարող ձեւավորվել ինչ-որ մի հրամանագրով կամ ինչ-որ մեկի ցանկությամբ: Այդպիսի դեր կարող էին իրենց վրա վերցնել արցախյան պատերազմի մասնակիցները, սակայն նրանց զգալի մասը ծայրահեղ աղքատության եզրին է ու հազիվ օրվա հացն է կարողանում վաստակել, իսկ մի չնչին մասն էլ դարձել է օլիգարխ ու վարկաբեկել ոչ միայն իրենց, այլ նաեւ այն ազնիվ տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի: Պատմության վրա էլ հույս չի կարելի դնել, քանզի այն շատ թույլ ուսումնասիրված լինելով՝ ավելի է աղավաղում եղած-չեղածը:

Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ հին միֆերը քայքայվել են, իսկ նորեր՝ չեն ստեղծվում: Միգուցե այս հասարակությանը նո՞ր միֆեր են անհրաժեշտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել