Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏՆ ԷԼ ԽՈՍՏԱՑԱՎ

Փետրվար 11,2011 00:00

Վրաստանում գրանցված մեքենաների վարորդները առայժմ միայն խոստումներ են ստանում

\"\"

Փետրվարի 9-ին տեղեկացրել ենք, որ վրացական գրանցումով մեքենաների վարորդները Նոյեմբերյանում բողոքի ակցիա էին կազմակերպել, որի ժամանակ քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը խոստացել էր, որ փետրվարի 10-ին բողոքավորները կհանդիպեն մարզպետ Արմեն Ղուլարյանին:

Երեկ վրացական համարանիշներով ավտոմեքենաների տերերը կրկին հավաքվել էին քաղաքի կենտրոնական՝ Ազատության հրապարակում: Ժամը 12.25-ին ցուցարարների մոտ իջավ քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը եւ բողոքավորներին խնդրեց բարձրանալ իր աշխատասենյակ՝ հանդիպելու Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ ՀՀԿ Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Հովիկ Աբովյանին:

Քաղաքապետի սենյակում էին նաեւ Հանրապետական կուսակցության Նոյեմբերյանի տարածաշրջանի խորհրդի անդամներ: Բողոքավորներն այնքան շատ էին, որ մի մասը մնաց նախասրահում եւ բաց դռներից անդին հետեւում էր հանդիպման ընթացքին: Մարզպետ Ղուլարյանը իբր թե զարմացած ասաց, որ իրեն հայտնել են 20-25 բողոքավորների մասին:

Նոյեմբերյան քաղաքի ավագանու անդամ, տաքսի ծառայության սեփականատեր Վարուժան Բաբաջանյանը եւ վարորդ Նորիկ Սահակյանը ներկայացրին սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչության սոցիալական վատթար վիճակը. վրացական համարանիշներով մեքենաների տերերը հնարավորություն չունեն դրանք մաքսազերծելու, իրենք մինչեւ այժմ մեքենաների պարտադիր ապահովագրության եւ տեխնիկական զննման համար բավական գումար են ծախսել:

Նոյեմբերյանցիները պաշտոնյաներին ասացին, որ Վրաստանում մաքսազերծման գները, ի տարբերություն Հայաստանի, շատ ցածր են: Հովիկ Աբովյանը նշեց, որ Հայաստանում առկա է արտասահմանյան համարանիշներով, առանց մաքսազերծման՝ շուրջ 6000 ավտոմեքենա, որից 1000-ի տերերն արդեն մաքսազերծել են: Նորիկ Սահակյանը Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ, ՀՀԿ Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Հովիկ Աբովյանից հետաքրքրվեց, թե վերջինս ի՞նչ կարծիք ունի Մաքսային օրենսգրքում կատարված այն փոփոխության մասին, որով օտար համարանիշներով ավտոմեքենաները պիտի մաքսազերծվեն: Հովիկ Աբովյանն ասաց, որ այդ մասին իր կարծիքը Նորիկ Սահակյանին առանձին կհայտնի: Բողոքավորները երկու պահանջ ունեն՝ հետաձգել ավտոմեքենաների մաքսազերծման ժամկետը եւ նվազեցնել մաքսազերծման դրույքաչափերը: Մարզպետ Ղուլարյանն ու մաքսավոր Աբովյանը խոստացան բողոքավորների պահանջները ներկայացնել կառավարություն եւ ընտրատարածքի պատգամավորի միջոցով՝ խորհրդարան:

10 տարի որպես մարզպետ պաշտոնավարող Արմեն Ղուլարյանը նեղվում էր լրագրողներից, երբ իրեն լուսանկարում էին: «Հերիք չէ՞ էդ շոուն շարունակեք, ամեն դիրքից ինձ լուսանկարում եք»,- նեղսրտեց մարզպետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել