Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍՆԵՐԸ ԱՐԵ՞ՎՆ Է

Փետրվար 11,2011 00:00

Փետրվարի 2-ից Լոռու մարզում ձյուն չի եկել, սակայն քամիներն ու ջերմաստիճանի կտրուկ տատանումները հանգեցրին Տաշիրի տարածաշրջանում 5 համայնքների հոսանքազրկմանն ու ներհամայնքային ճանապարհների անանցանելիությանը: Մոտկորում էներգետիկ ճգնաժամը մինչ օրս շարունակվում է:

Մարզկենտրոն Վանաձորում թեեւ բոլոր ճանապարհները բաց են, մեքենաների երթեւեկության խոչընդոտներ չկան, մայթերին եւ մայթեզրերին հավաքված ձյունն ու սառույցը բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծում հետիոտների համար՝ հատկապես կանգառներում. «Ավտոբուսը գալիս է, կանգնում, առաջը կամ ջուր է, կամ սառույց, էն օրը սոթ տվեցի ուղիղ ջրի մեջն ընկա»,- պատմում է մի վանաձորցի:

Մայթերի ձյունը ցերեկային ժամերին այնքան է հալչում, որ բարձրադիր փողոցներից հոսում է գետի նման, իսկ երեկոյան եւ գիշերը՝ բոլոր մայթերն ու փողոցները սառչում են՝ Վանաձորը նմանվում է մեծ սահադաշտի: Մաքրված են միայն մայթերի՝ խանութների առջեւի հատվածները: Փողոցները մաքրելու համար 200 կգ աղ ցանելով՝ Վանաձորի քաղաքապետարանն իր գործն ավարտած է համարում: Վանաձորի 60 համատիրությունները պնդում են, որ մայթերն ու շենքերին կից տարածքները մաքրելն իրենց գործը չէ. «Համատիրությունները տեխնիկա չունեն, ձյուն մաքրելը մեր գործը չէ, բայց որ հալչում է, ինչքան հնարավոր է լինում՝ մաքրում ենք»,- տեղեկացնում են «Դիմաց» համատիրությունից:

Անանցանելի մայթերը անցանելի կդառնան, փաստորեն, եղանակի բարեհաճության դեպքում: Վերջին օրերին գրանցված տաք եղանակը տեղական ինքնակառավարման մարմինների գործն է արել: Լոռու մարզի օդերեւութաբանական կայանը տեղեկացնում է, որ փետրվարի 11-15-ը կրկին ձյուն եւ ջերմաստիճանի 6-8 աստիճանով նվազում է սպասվում: Դժվար չէ կռահել, թե սառույցի վրա նոր ձյունն իր հետ ինչ դժվարություններ ու հետեւանքներ կբերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել