Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իսկ ե՞րբ են պատժվելու մեղավորները

Փետրվար 11,2011 00:00

2010 թվականի սեպտեմբերի 15-ին «Տուժել է անմեղ քաղաքացին» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Նոյեմբերյանի բնակիչ, մանկուց հաշմանդամ, միայնակ ապրող 58-ամյա Սեդա Փաշիկյանը զրկվել է նպաստից, քանզի ինչ-որ պաշտոնյայի սխալի արդյունքում ստացվել է, որ Սեդա Փաշիկյանը գրանցված է ոչ թե Նոյեմբերի 29-ի փողոցի 7-րդ շենքի 3, այլ՝ նույն շենքի 23 բնակարանում, որտեղ հաշվառված է նաեւ 1984 թվականին ծնված Թեհմինե Անանյանը:

Տավուշի մարզում Վերահսկիչ պալատի կատարած ստուգումներով պարզվել է, որ Սեդային գրանցել են ուրիշի բնակարանում: Վերահսկիչի բացահայտումից հետո նա հունիսի 4-ին այդ բնակարանի հաշվառումից հանվել է եւ հաշվառվել 1994 թվականից իրեն սեփականաշնորհված թիվ 3 բնակարանում: Ս. Փաշիկյանն ընտանեկան նպաստը վերականգնելու պահանջով ընդդեմ Տավուշի մարզպետարանի, սոցիալական ծառայություններ տրամադրող Նոյեմբերյանի տարածքային մարմնի եւ Նոյեմբերյանի քաղաքապետարանի՝ հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (նստավայրը՝ Սեւան): Անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին դատարանը (նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան) վճռել է հայցը բավարարել: Դատարանը որոշել է, որ հայցվորին նշանակված ընտանեկան նպաստի վերականգնումը պետք է կատարվի հունիս ամսից, երբ նպաստի վճարումը դադարեցվել է: Դատարանը վճռել է նաեւ սոցիալական ծառայություններ տրամադրող Նոյեմբերյանի տարածքային մարմնից բռնագանձել դատական հայցի նախապես չվճարված տուրքը՝ 4 հազար դրամի չափով:

Պարզվում է, Սեդա Փաշիկյանը սոցիալական ծառայությունների կամ համայնքապետարանների ձեռամբ տուժած միակ քաղաքացին չէ: Նույն կերպ դադարեցվել էր Նոյեմբերյան քաղաքի մեկ այլ բնակչուհու՝ Մարիամ Շահնազարյանի ընտանեկան նպաստի վճարումը: Նա եւս դիմել էր վարչական դատարան եւ հաղթել:

Սրանով հանդերձ, որեւէ պատասխանատու պաշտոնյա նախատինքի որեւէ խոսք չի լսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել