Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Փետրվար 11,2011 00:00

\"\"Վերջին երկու տարում պետությունը չի ավելացրել նյարդահոգեբուժական դիսպանսերի ֆինանսավորումը, տեսնես մեղվաբուծությունը կօգնի՞:

Փետրվարի 5-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզում ներկայումս թմրանյութեր չարաշահողների պաշտոնական թիվը 39 է: Հաշվառված թմրանյութ չարաշահողները հիմնականում 25-50 տարեկան տղամարդիկ են: Ըստ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրեն Արարատ Վարդանյանի՝ 2010 թ.-ին Սյունիքում երիտասարդների շրջանում նույնիսկ 2 մահացության դեպք է գրանցվել:

Մեզ հետ զրույցում դիսպանսերի տնօրենը կոչ արեց թմրանյութ չարաշահողների ընտանիքի անդամներին եւ մերձավորներին, որ օգնության ձեռք մեկնեն, եւ բուժման կարիք ունեցող իրենց հարազատներին որքան հնարավոր է շուտ բժշկի մոտ բերեն՝ բարդացումը հնարավորինս վաղ կանխարգելելու եւ համապատասխան բուժում կազմակերպելու համար: Բժիշկը նաեւ հիշեցնում է, որ օրենքում կատարվել են փոփոխություններ: Եթե նախկինում բժշկի դիմելը թմրամոլները վտանգավոր էին համարում, քանի որ ոստիկանության տեսադաշտում էին հայտնվելու, ապա այսօր եթե արձանագրվում է, որ անձն ունի թմրադեղային կախվածություն, այսինքն՝ տառապում է հիվանդությամբ եւ բուժման կարիք ու անհրաժեշտություն կա, ապա քրեական պատասխանատվությունից ազատվում են եւ ուղարկվում բուժման: «Բոլորս գիտենք, որ թմրամոլությունը դարաշրջանի հիվանդություն է, եւ որ չբուժվելու դեպքում թե՛ անձնական, թե՛ սոցիալական ինչպիսի հետեւանքներ են առաջանում: Բացի այն, որ ծախսում են ընտանիքի ամբողջ գումարը, որպեսզի թմրանյութ գտնեն եւ օգտագործեն, շատ անգամ էլ նաեւ քրեական արարքներ են կատարում՝ գումար հայթայթելու համար: Կա նաեւ բժշկական վտանգ. երակային գործածումը հղի է վտանգավոր հետեւանքներով, նույն ասեղով ներարկվելու դեպքում հիվանդ թմրամոլը կարող է վարակել շրջապատի մյուս անդամներին»,- տեղեկացնում է Արարարտ Վարդանյանը:

Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում հաշվառված է 2476 հոգեկան հիվանդ: 2010թ.-ին այստեղ հաշվառվել է 154 հիվանդ, որից 134-ը առաջնային հիվանդներ են: Նրանց մեջ կան 0-4 տարեկան 2 երեխա եւ 15-17 տարեկան 5 երեխա: Ներկայումս հիվանդանոցում բուժում է ստանում հոգեկան շեղումներ ունեցող 44 հիվանդ:

Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերը բավականին դժվարություններ ունի: Մասնագետների պակասի պատճառով աշխատանքները թերի են կատարվում, մարզի մյուս տարածաշրջաններում չկան մասնագետներ, հոգեբույժի աշխատանքը կատարում է ինֆեկցիոն բժիշկը կամ թերապեւտը, լավագույն դեպքում՝ նյարդաբան բժիշկը: Մայրաքաղաքից կադրերը չեն ցանկանում գալ մարզ աշխատելու:

Դիսպանսերի տնօրինությունը հնարավորության դեպքում նախատեսում է այցելել մարզի մյուս տարածաշրջաններ: Արարատ Վարդանյանի փոխանցմամբ՝ հիվանդներին հաշվառումից հանում են միայն մահացության կամ այլ տեղ բնակվելու նպատակով տեղափոխման դեպքերում: Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի ամենամեծ խնդիրն այսօր սուղ բյուջեն է: Գոյատեւման միակ աղբյուրը պետբյուջեից տրամադրվող գումարն է, որը 2010թ.-ին նույնն է մնացել, ինչ 2009թ.-ին, սակայն այս ընթացքում ապրանքների գների մեծ աճ է եղել, ու այլ ելք չի մնում, քան սահմանափակ բյուջեի պայմանների մեջ ձգտել տեղավորվել: «Մեկ հիվանդի սննդի համար օրական 270-320 դրամ գումար է ընդամենը նախատեսված, մինչդեռ այսօրվա պայմաններում 1000-1200 դրամ գումար է անհրաժեշտ: Նրանք պետք է լավ սնվեն՝ իմունիտետը թուլացնող դեղորայք են օգտագործում, օրական մեկ անգամ մսով սնունդ տալու փոխարեն ստիպված շաբաթական մեկ կամ լավագույն դեպքում՝ 2 անգամ ենք տալիս, իսկ նախկինում ամեն օր էին ուտում: Ձգտում ենք ե՛ւ կաթնամթերք տալ, ե՛ւ մսամթերք, բայց մեզ հատկացված գումարը չի բավականացնում նրանց անհրաժեշտ սննդով ապահովելու համար: Կենտրոնը գազիֆիկացված է, ունենք կենտրոնացված ջեռուցման համակարգ, լոկալ կաթսայատուն, բայց, ցավոք, ձմռան ցրտին մենք չենք կարողանում անհրաժեշտ ջերմությամբ ապահովել հիվանդասենյակները: Օրական 7-8 ժամ հազիվ ենք տաքացնում, գումարները չեն բավարարում ավելին տաքացնելու համար, եթե ձմեռը սաստիկ ցուրտ է լինում՝ մի փոքր ավելի ենք ջեռուցում, բայց այս դեպքում էլ ծախսած գազի դիմաց վճարելիս ենք խնդրի առաջ կանգնում»,- հավելում է բժիշկ Վարդանյանը:

Նյարդահոգեբուժական դիսպանսերի հիվանդները մեղր են ուտում՝ հենց իրենց մոտ պահվող մեղվաընտանիքների շնորհիվ: Հիվանդներից մեկը՝ Վազգենը, մեղվաբուծական ծրագրի ղեկավար է: Ծրագիրը մի բարերարի մտահղացում է եւ կյանքի է կոչվել նաեւ ամերիկյան «UMCOR» բարեգործական միության օգնությամբ: Կազմակերպությունը դիսպանսերին նվիրել է մեղվափեթակներ, մեղվաբուծական պարագաներ: Ծրագրի նպատակն է հիվանդների համար որոշակի զբաղվածություն ապահովել: 2 տարվա ընթացքում այստեղ մեղվաընտանիքների թիվը հասել է 8-ի: Ստացված մեղրի բերքն էլ կախված է տարվա եղանակային պայմաններից: 2009թ.-ին 23 կգ մեղր է ստացվել պահվող ընտանիքներից, իսկ 2010թ.-ին ավելի քիչ էր՝ 18 կգ: Առայժմ բերքը ամբողջությամբ մատակարարվում է դիսպանսերի հիվանդներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել