Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թո՛ղ վերաքննիչ դատարանը գտնվի իր բարձրության վրա»

Փետրվար 11,2011 00:00

Դատավոր Արմեն Դանիելյանին  հորդորում է փաստաբանը

Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում շարունակվեց Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ, քրեական գործով տուժող, «Էլիտ Շանթ» ընկերության ղեկավար Վարշամ Ղարիբյանի կողմից առեւանգված, խոշտանգված Հովհաննես Եղիազարյանի՝ վերաքննիչ բողոքի քննությունը: Վերջիններս մերձավոր ազգականներ են: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով մերժվել է տուժողի՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքի կողմից Վարշամ Ղարիբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դիմումները:

Երեկվա դատը աչքի ընկավ նրանով, որ Հ. Եղիազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդությամբ, այն հիմնավորմամբ, որ դատավորը օբյեկտիվ վերաբերմունք չի դրսեւորում գործի քննության նկատմամբ եւ գտնվում է ՀՀ դատախազության ազդեցության տակ: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը հայտարարեց, որ պաշտպանի միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման, քանի որ ներկայացված հիմնավորումները չեն կարող ազդել դատավորի անաչառության եւ անկողմնակալության վրա: Ինչ վերաբերում է նրան, որ պաշտպանը կարող է մեղադրող դատախազ Արմեն Կարապետյանի նկատմամբ եւս բացարկի միջնորդությամբ հանդես գալ, Լ. Սահակյանը հայտարարեց. «Անիմաստ ենք համարում դատախազին բացարկ հայտնել, քանի որ չկա մի դատախազ, որ դատախազությունից ազդված չլինի»:

Դատավոր Ա. Դանիելյանը հրապարակեց բողոքաբերների հիմնավորումները՝ նախորդ ատյանների կայացրած վճիռների անօրինական լինելու վերաբերյալ, միաժամանակ համարյա զարմանքից «բղավեց» դահլիճում լուռ նստած ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Պ.Բոյաջյանի վրա, քանի որ վերջինս դատարան էր ներկայացել առանց նախաքննության նյութերի, իսկ վերջում հորդորեց հաջորդ դատական նիստում այն անպայման ունենալ:

Փաստաբան Լ. Սահակյանը, ներկայացնելով իր դիտարկումները գործի վերաբերյալ, թե ինչպես են ծանրակշիռ ապացույցների առկայության պայմաններում արդեն 3 տարի կոծկում կատարված հանցագործությունը, ճնշումներով ցուցմունքներ կորզում, հռետորական կոչ արեց. «Ի վերջո, պետք է այս երկրում գործի օրենքը: Տեղի է ունեցել հանցագործություն, բայց գործն անընդհատ կարճվում է: Եթե առաջին ատյանը չգտնվեց իր բարձրության վրա, ապա գոնե վերաքննիչ դատարանը գտնվի իր բարձրության վրա: Արդեն լուրջ խնդիր է, երբ մարդն առեւանգվում է ու այդ չի բացահայտվում, թեեւ ինքներս էլ կարծում ենք, որ այս գործի լուծումն արդարացի լինել չի կարող»:

Հ. Գ. Երեկվա դատական նիստն աչքի ընկավ նաեւ իր «կուրյոզ» դրվագներով: Դատավոր Ա. Դանիելյանն անընդհատ դիտողություններ էր անում նիստին հետեւող Հ. Եղիազարյանի ազգականներին՝ լուռ մնալու, բջջային հեռախոսները անջատելու, «չշարժվելու» հորդոր-խնդրանքներով, թեեւ նրան հաջողվեց ներկաներից մեկին, ի վերջո, դուրս հրավիրել դատական նիստերի դահլիճից: Ինչ վերաբերում է փոքր-ինչ վատ զգացող պաշտպան Լ. Սահակյանին, դատավորը մերթընդմերթ հարցնում էր, թե ինչպես է պաշտպանի առողջական վիճակը՝ առաջարկելով դատը ընդհատել կամ հետաձգել: Լ. Սահակյանի պատասխաններին, թե վատ վիճակում էլ կարող է նիստը շարունակվել, դատավորը դատարանի ծանրաբեռնվածության, քննիչի կողմից նյութերը դատարան բերելու հիմնավորմամբ նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 21-ը՝ փաստաբան Լ. Սահակյանին մաղթելով քաջառողջություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել