Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՒՇԱՑԱԾ ԶՂՋՈՒՄ

Փետրվար 11,2011 00:00

Դիրքերում քնած զինվորներին արդարացնելու համար հրամանատարի հասցեին ցեխ են շպրտում

\"\"

Անցյալ տարվա հուլիսի 28-ին Մարտունիի զորամասում հայի ձեռքով դիրքերում սպանվեցին ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանը (լուսանկարում), ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանը, Կարո Այվազյանը: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց սպանություն): Նախնական վարկածի համաձայն, նրանց սպանել էր Կարո Այվազյանը, հետո՝ ինքնասպան եղել:

Նախաքննությունը մինչ օրս շարունակվում է: Այն իրականացնում է ՊՆ քննիչ Մուշեղ Բուլղադարյանը:

Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկում տուժողներից մեկի՝ Անդրանիկ Սարգսյանի հայրը՝ Սարգիս Սարգսյանը, ներկայացրել է, թե ինչ է իրեն պատմել «իր որդու նախկին զինակիցը»: Ըստ այդ «պատմածի», 2 սպա բարձրացել են պոստեր, տեսել են հերթապահության ժամանակ երկու զինծառայողներին՝ Անդրանիկին ու Կարոյին քնած, այդ զինվորներին արթնացրել են, իջեցրել բլինդաժ. «Դառնալով նրանց՝ Վարդգես Թադեւոսյանը հարցրել է. գիտե՞ք ինչ է հասնում դիրքերում քնած զինվորին…դե, եթե գիտեք, հենց հիմա շալվարներդ իջեցրեք»: Ու իբր այդտեղից էլ սկսվել են քաշքշուկը, Կարոյի կրակոցները…

Հրապարակումը վրդովեցրել է Վարդգես Թադեւոսյանի հորը՝ նախկին ազատամարտիկ Արարատ Թադեւոսյանին. «Մի անգամ էլ հրապարակում եղավ: Գնացել եմ լրատվամիջոց: Սակայն նորից շարունակվում է որդուս եւ դիրքերում անմեղ սպանվածների հիշատակի դեմ ցեխ շպրտելը: Համբերությանն էլ վերջ կա: Ստահոդ լուրերը, որոնք տարածվում են, ըստ էության, կարգազանցների հարազատների կողմից, ավելի են բորբոքում մեզ, խորացնում մեր վիշտը: Թեկուզ լրատվամիջոցը հաջորդ իսկ թողարկմամբ ներողություն է խնդրել, բայց Սարգիս Սարգսյանի հետ պետք է կանգնի դատարանի առաջ:

Տղաս՝ Վարդգեսը, սովորական զինծառայող էր: Ես շարքային վարորդ եմ եւ շփացած չեմ մեծացրել նրան: Նա իր ուժերով է հարթել իր ճանապարհը, 11 տարի, մինչ սպանդի օրը, ծառայել է բանակում, ընտանիքի լավ զավակ էր, 3 մանկահասակ երեխաների հայր: Շրջապատում հարգված էր իր մաքրության եւ պարզության համար:

Ինչո՞ւ են որդուս վարկաբեկում: Ինչո՞ւ է մարդասպանի հովանավորողներին թվում, թե սպան իրավունք չունի զինվորին նկատողություն անել, պաշտպանել պոստը, կամ ո՞վ է վկայում, ինչպե՞ս են վկայում, երբ նախաքննության մասին տեղյակ չենք, գիտենք այնքան, որքան դուք»: Արարատ Թադեւոսյանն ասաց, որ հանդիպել է Սարգիս Սարգսյանին, որն «իր ասածները չի կարողանում հիմնավորել»: Ավելին, Սարգիս Սարգսյանն այցելել էր լրատվամիջոց, հայտնելով, թե «որոշել է հերքել իր տրամադրած տեղեկությունները»: Նրա հերքման տեքստն այսպիսին էր. «Իմ թելադրած նյութերը տրամադրվել են առանց ստուգման, որի համար հայցում եմ զոհվածների իրավահաջորդների ներողամտությունը, առանձնապես Վարդգես Թադեւոսյանի: Խնդրում եմ տվյալ դեպքի մասին միակ հրապարակումը համարել ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրությունը»:

Սակայն ինչ արժեք կարող է ունենալ այս ամենը՝ ծնողներին կրկնակի ցավ պատճառած լուրի դիմաց…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել