Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մայրապետյանից նեղացած են

Փետրվար 11,2011 00:00

Բաց նամակ ՀՀ նախագահին

Երբ Երեւանի Կոզեռն թաղամասն ընդգրկվեց հասարակության եւ պետության կարիքների համար օտարվող տարածքների ցանկում, բնակիչների համար հարցական մնաց «բացառիկ գերակա հանրային շահ» ձեւակերպումը, այն դեպքում, երբ ձեռք բերողի կողմից իրականացվում էր ընդամենը բիզնես-ծրագիր:

«Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Մայրապետյանի՝ գործընթացի վաղեմությունը կորցրած գրություն-առաջարկը, որը թվագրված էր 2010թ. դեկտեմբերի 30-ով եւ բաժանվել էր բնակչությանը 2011թ. տոներից հետո, չէր ապահովում իրավական ակտերի 61-րդ հոդվածի 1-ին կետը, որում ասվում է. «Եթե քաղաքացիների վերաբերյալ կայացվում է որոշում, այն 3-օրյա ժամկետում գրավոր պատշաճ կարգով պետք է տեղեկացվի: Հակառակ դեպքում այն անվավեր է»: Ինչ վերաբերում է առաջարկին եւ կից ներկայացված պայմանագրի նախագծին, այն չէր ապահովում «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքի» պահանջներին: Օտարվող գույքի համար օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի անտեսումով՝ միակողմանի, բոլորիս համար անհայտ «ԱՐԱՔՍ 80» ՍՊԸ-ի կողմից սահմանված գնով ներկայացված էր ավելի շուտ ոչ թե առաջարկ, այլ պահանջ-ուլտիմատում, որի շարադրանքը չէր համապատասխանում օրենքի մյուս կետերին նույնպես: Պայմանագրի նախագծում անգամ չէր խոսվում պետության կողմից երաշխավորի առկայության մասին: Երբ բացատրության պահանջով դիմեցինք կառավարությանը, պատասխանը եղավ լրատվամիջոցներին տրված Ս. Մայրապետյանի հարցազրույցը, որտեղ բոլոր նրանց, ովքեր նախագահի կողմից մի քանի տասնյակ տարիների տնօրինած գույքի եւ հողակտորի համար ստացել էին սեփականության իրավունք, համարեց «քստիկավորներ»:

Հարգելի նախագահ, Կոզեռնի խնդիրները կարեւորելով՝ թաղամասում մեզ հետ հանդիպելիս ստեղծվեց մի նոր իրավիճակ, որը խոսում էր փոխադարձ հարգանքից ու վստահությունից: Եվ մեր մտքով չէր կարող անցնել, որ անտեսելով օրենքը, գնորդը իր կամքը կարող է թելադրել վաճառողին՝ հիմք ընդունելով իր իսկ սուբյեկտիվ ձեւակերպումները: Արդեն շուրջ 1 ամիս է, ինչ թաղի բնակչությունը՝ վրդովված եւ վիրավորված այդ արտահայտությունից, սպասում է ձեր եւ կառավարության կողմից ադեկվատ պատասխան Ս. Մայրապետյանին:

Ժողովուրդն իր քվեն տվել է Ձեզ եւ Ձեր կուսակցությանը: Ստեղծված ներկա իրավիճակում ժողովրդին առաջնահերթ հետաքրքրում է իր նկատմամբ նման թողտվությունների դեմ պայքարն ու գնահատականը: Մենք մեզ համար ուզում ենք պարզել՝ ո՞վ է նրան իրավունք տվել նման ածականներով վիրավորել ժողովրդին: Չէ՞ որ չենք չափազանցնի, եթե ասենք, որ սեփականության այդ իրավունքով հայ ժողովրդի համարյա կեսը ստացել է իր ուշացած սեփականության իրավունքը: Չէ՞ որ Հայաստանը հայերի հայրենիքն է եւ ամեն մի հայ իրավունք ունի իր հայրենիքում սեփականություն ունենալու, առավելեւս, երբ ինքը այդ գույքը տնօրինել է մի քանի տասնյակ տարիներ, սակայն իրականացվեց 20 տարի անց: Ի դեպ, մինչեւ օրս կան բնակիչներ, որոնք դեռ սեփականաշնորհման գործընթացի քաշքշուկների մեջ են: Եվ վերջապես, եթե երկրի նախագահը գույքը եւ հողը սեփականացրել է հօգուտ իր ժողովրդի, չի նշանակում, որ պետք է բոլորը միանան ու նվիրեն այն Ս. Մայրապետյանին: Մենք եւ մեր ծնողները պատահաբար չենք հայտնվել Կոզեռնում. մենք քաջ գիտակցում ենք մեր թաղամասի եզակի դիրքն ու արժեքը եւ պատկերացնում ձեռք բերողի սպասվելիք եկամուտների չափը: Մեր տները մեր դղյակներն են եւ մեր ունեցածին մենք տեր ենք: Մեր թաղի յուրաքանչյուր ընտանիք իր սեփական աշխատանքով կարող է բարելավել իր բնակպայմանները: Եթե կառուցապատման ծրագիրը բոլորի համար չի ապահովում ավելի բարեկեցիկ, արժանապատիվ ապրելակերպ, ապա գերշահույթ ստանալու համար Կոզեռնը այնքան էլ հարմար չէ: Թաղի բնակչությունը՝ դիմելով Ձեզ, խնդրում է մեզ զերծ պահել Ս. Մայրապետյանի հետ գործարքից, քանի որ, ըստ օրենքի, նա սպառել է իր ժամկետները եւ ընդհանրապես հանրային շահին ենթադրյալ օրենքով սահմանված ժամկետները՝ նույնպես:

Ինչ վերաբերում է թաղամասի բարենորոգմանը, մենք դեմ չենք. եթե կլինեն բարեխիղճ ձեռքբերողներ եւ մեզ հետ գործարքի կգան հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքով եւ նրա տարրին համապատասխան կիրականացնեն գործընթացները, մենք միայն կողջունենք այդպիսիներին: Հակառակ դեպքում մենք՝ կոզեռնցիներս, առաջիկա ընտրություններին կգտնվենք չկողմնորոշված իրավիճակում եւ չենք իմանա՝ ինչպես մասնակցել ընտրություններին եւ ում տալ մեր ձայնը: Որովհետեւ նման իրավիճակներում որոշ մարդիկ դառնալով դրության տեր, օգտվելով առիթից՝ անտեսում են օրենքը եւ քամահրանքով են վերաբերվում ժողովրդին: Իրացվող տարածքների բնակչության հանդեպ նման վերաբերմունքը ակամա ապակառուցողական իրավիճակի նախապայման է, որը չի կարող խոսել մեր պետության ու ժողովրդի շահերից: Մեկ մարդու շահը վեր չէ պետության ու ժողովրդի շահերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել