Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՍՊԱՐԵԶԸ» ՈՍՏԻԿԱՆԱԽԵՂԴ ԷԻՆ ԱՐԵԼ

Փետրվար 11,2011 00:00

Այդուհանդերձ, բողոքավոր վարորդներին հաջողվեց Գյումրիի ժուռնալիստների ակումբից ավտոերթ կազմակերպել դեպի Բավրա:

Ուղիղ մեկ շաբաթ է՝ Գյումրիի վրացական պետհամանիշ ունեցող մեքենաների վարորդները չեն հանգստանում. նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ընդդեմ Մաքսային օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների: Վարորդներին հունից հանում է այն, որ այսուհետեւ ստիպված են մեքենայի գնից շատ ավելի թանկ վճարել՝ այն մաքսազերծելու համար, իսկ ԱԺ-ի այս քայլը նրանք որակում են որպես «գրպանահատություն ու թալան»: Երեկ վարորդները հավաքվելու էին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, որտեղից եւ սկսվելու էր ավտոերթը դեպի վրացական սահման: Սակայն բողոքավորներից ավելի շուտ տեղ էին հասել ոստիկանները՝ շրջափակելով «Ասպարեզ» ակումբ տանող փողոցը ու արգելելով վրացական պետհամարանիշով մեքենաների մուտքը դեպի ժուռնալիստների ակումբի բակ: Վարորդներից ոմանք ստիպված էին մեքենաները թողնել հարեւան փողոցում ու ոտքով հասնել «Ասպարեզ»:

Նշենք, որ ոստիկանների մեջ եւս կան մարդիկ, որոնք իրենց մեքենան Վրաստանից են բերել, հետեւաբար եւ զգալի էր, որ բողոքի ակցիան նաեւ նրանց սրտով էր: Թեեւ հացից չզրկվելու համար նրանք շրջափակել էին փողոցը, սակայն այդ ամբողջ ընթացքում հումոր էին անում, օրինակ՝ իրենց նկարող ժուռնալիստներին խնդրում էին մյուս բողոքի ակցիայի ժամանակ անպայման տալ իրենց լուսանկարները: Ոստիկանների մեկնաբանմամբ՝ «Ասպարեզի» դիմաց գտնվում է թիվ 25 դպրոցը, ուստիեւ չի կարելի խախտել հասարակական կարգն ու այդտեղ բողոք անցկացնել: Ի դեպ, այս անգամ Գյումրի էին ժամանել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները՝ վարորդների խաղաղ երթ անցկացնելու իրավունքը ապահովելու համար: Գյումրի էր եկել նաեւ «ԱԼՄ» հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը, որը ձեռքի հետ «մինի» հանրահավաք անցկացրեց՝ խոսելով կործանվող երկրից ու մի շարք խորհուրդներ տալով վարորդներին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողներին տեղեկացրեց, որ թեեւ «Ժառանգությունը» հարցը բարձրացրել էր ԱԺ-ում, սակայն կառավարության դիրքորոշումը մերժողական է: «Կառավարությունը հիմնավորում է, թե թանկարժեք մեքենաներ են ներմուծում, որոնք չեն ցանկանում մաքսազերծել, եւ այս օրենքի փոփոխությունը դրա համար է մտցվել, բայց դա բացարձակ հիմնավոր չէ, եւ սա տարածվում է հսկայական խավի անձանց նկատմամբ եւ ոչ լավ իմաստով: Բոլորս էլ հասկանում ենք, եթե մի մեքենան արժե մոտ $1000 եւ նրա մաքսազերծումը $1000 է, ապա դա ուղղակի անտրամաբանական է: Ըստ որոշ հաշվարկների, դրանք կազմում են 40000 մեքենա, եթե 40000 մարդ թանկարժեք մեքենա ունի, ուղղակի որպես փոխադրամիջոց, գործիք օգտագործում է այդ մեքենան, եւ նրան ստիպում են, որ դրա համար մուծի այդ գումարը, սա կարծում եմ, որ անընդունելի է եւ սոցիալական պետության գաղափարի հետ որեւէ կապ չունի»,- ասաց պատգամավորը: Իսկ թե ինչո՞ւ են մեքենաների մաքսազերծման համար այդքան մեծ գումարներ պահանջում, պատգամավորի կարծիքով, միակ հիմնավորումն այն է, որ ՀՀ-ում գործում է օլիգարխիկ-տնտեսական եւ ֆեոդալական համակարգ, որը ենթադրում է հարկահավաք՝ նմանատիպ գործողություններով: «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը պնդելով, որ ոստիկանները խախտում են վարորդների ազատ տեղաշարժվելու իրավունքը, ի վերջո կարողացան ոստիկաններին համոզել, նրանց ճանապարհից հետ կանգնեցնել ու բողոքավորներին ուղեկցել դեպի Բավրայի մաքսակետ: Բավրայում հնչեցին դատապարտող ելույթներ, վարորդներն իրենց պահանջները գրավոր ներկայացրին Բավրայի մաքսատան ղեկավարին, այնուհետեւ, տեղափոխվելով Գյումրիի Թատերական հրապարակ, շարունակեցին բողոքը:

Ի դեպ, այստեղ վարորդները, մի գլխարկ դնելով հրապարակի դիմաց, փող էին գցում դրա մեջ, իրենց իսկ ասելով՝ ԱԺ-ի «մուրացկան ու գրպանահատ» պատգամավորներին օգնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել