Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿՊԱՏԺԻ

Փետրվար 11,2011 00:00

Իսկ գայլ սպանողներին՝ կպարգեւատրի

\"\"Կառավարության երեկվա նիստն առանձնացավ ինքնախարազանման նոտայով: Երբ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց գերավճարի եւ/կամ գերավճարից տարբերվող գումարների հետվերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման եւ/կամ վճարման կարգը, նա շեշտեց, որ այս կարգը գործելու է հօգուտ հարկատուի, եւ հետվերադարձի ուշացման դեպքում ֆինանսական տույժեր են նախատեսվելու: Առանձնահատուկ ոգեւորությամբ այս նախագծին անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ասելով, որ սա «կարեւորագույն որոշում է», որով կառավարությունն ինքն իր համար շատ խիստ պատիժներ է սահմանում. «Եթե ուշացնենք ԱԱՀ գերավճարի վերադարձը, ապա յուրաքանչյուր օրվա համար տուգանք է վճարելու»: Ճիշտ է, մինչ այդ նշեց, որ վերջին երկու տարում գերավճարների վերադարձի չվճարման կամ ուշացման դեպքեր չեն եղել, բայց, փաստորեն, համենայնդեպս որոշել են հարկատուներին ապահովագրել իրենց հնարավոր անփութությունից:

Մեկ ուրիշ որոշմամբ կառավարությունը հաստատեց գայլերի թվաքանակի կարգավորման եւ միջոցառումների իրականացման կարգը: Ավելի պարզ լեզվով ասած՝ հաստատվել է գայլերի ոչնչացման ծրագիր: Ավելին, դրանց ոչնչացման համար սահմանվել է պարգեւատրում՝ յուրաքանչյուր «սատկացրած» գայլի համար «սատկացնողը» 100 հազար դրամ կստանա: Սակայն հետաքրքիրը ոչ թե գայլերի գլխագինն է, այլ այն, որ այս կարգը ներկայացնողը… բնապահպանության նախարարն էր: Եվ ոչնչացված գայլերի համար նախատեսված պարգեւավճարների ընդհանուր գումարը՝ 10 մլն դրամը, հատկացվեց հենց բնապահպանության նախարարությանը: Ըստ վարչապետի՝ այս կարգը արդեն իսկ հաջողությամբ կիրառվել է Լեռնային Ղարաբաղում, եւ ժամանակն է մեզ մոտ էլ իրականացնել:

Ի դեպ, ըստ այդ կանոնների՝ գայլերի որսը կարելի է իրականացնել կամ որսորդական ողորկափող հրազենով, կամ ակոսափող հրազենով, կամ թակարդներով։ Եվ միայն բացառիկ դեպքերում դա կարելի է անել որեւէ այլ ձեւով (ասենք՝ ավտոմատով, քարով կամ բռունցքով- Մ. Բ.), եթե «գայլերը իրենց կենսակերպով եւ վարքով հասցնում են կամ կարող են վնաս հասցնել մարդու գործունեությանը կամ կյանքին»։ Ի դեպ, նրանք, ովքեր կանեն այդ հերոսությունը, պետք է շտապեն, ըստ կանոնի՝ «գայլի մորթին պետք է ներկայացնեն հանձնաժողովին՝ կատարված գործողության պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում»։ Հակառակ դեպքում՝ չեն ստանա 100 հազար դրամը:

Իր մեկ այլ որոշմամբ գործադիրը թույլատրեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին Մեծամոր քաղաքում գտնվող եւ իր սեփականությունը հանդիսացող բնակելի բազմաբնակարան շենքով վճարել ընկերության տեղաբաշխած՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց եւ նշված գույքը նվիրաբերել Մեծամորի քաղաքային համայնքին՝ պայմանով, որ վերջինս գույքը որպես բնակելի ֆոնդ իր հերթին նվիրատվությամբ տրամադրի ՀԱԷԿ-ի 50 աշխատակիցների:

Կառավարությունը մի քայլ էլ արեց Վրաստանի վարչապետի մոտակա այցին ընդառաջ: Երեկվա նիստում որոշվեց համաձայնություն տալ ՀՀ եւ Վրաստանի կառավարությունների միջեւ «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» եւ «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային կետերի համատեղ օգտագործման համաձայնագրի կնքմանը, որն ուղղված է ապրանքների, տրանսպորտային միջոցների եւ ուղեւորների տեղաշարժի պարզեցմանը:

Երեկ կառավարությունը ընդհանուր առմամբ կողմ եղավ ԱԺ մի խումբ պատգամավորների այն օրենսդրական նախաձեռնությանը, որով դատական վճռի արդյունքում արդարացված անձը կազատվի դատարանում պետտուրքի վճարումից:

Սակայն դեմ եղավ մեկ այլ խումբ պատգամավորների օրենսդրական այն նախաձեռնությանը, որով առաջարկվում էր գյուղատնտեսական ապրանքարտադրողների նկատմամբ կիրառել հատուկ, բարենպաստ հարկային քաղաքականություն: Բայց, որպես փոխզիջում, առաջարկել է նախաձեռնության հեղինակներին համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ 2011-ին նախատեսվող քայլերում:

Կառավարությունը զինծառայությունից մեկ տարվա տարկետում տվեց նաեւ Մխիթար Աղաբեկյանին, որը ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանի՝ արտասահմանում կրթություն ստացող որդին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել