Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գիվին» սպանել է «Մշկոյին»

Փետրվար 11,2011 00:00

\"\"
Գեւորգ Միրաքյանը։

Երեկ Վանաձորում տեղի է ունեցել սպանություն: Առավոտյան ժամը 9:15-ին անհայտ քաղաքացին ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել, որ Տիգրան Մեծի 54 շենքի բակում դիակ կա: Ոստիկանության աշխատակիցները՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի, Վանաձորի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանի եւ քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ, դեպքի վայրում հայտնաբերել են 70-ամյա «Մշկո» մականվամբ, նախկինում 11 անգամ դատապարտված, Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի 1-ին շենքի 1 բնակարանի բնակիչ Միշա Կիրակոսյանի դիակը՝ բռնության հետքերով: Նույն օրը ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Տիգրան Մեծի 54 շենքի 2 բնակարանի բնակիչ «Գիվի» մականվամբ, նախկինում 10 անգամ դատապարտված 51-ամյա Գեւորգ Սեյրանի Միրաքյանը:

Վերջինս քննչական խմբին պատմել է սպանություն կատարելու հանգամանքները: Օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ սպանության գիշերը Տիգրան Մեծի 54 շենքի 2 բնակարանում նրանք միասին կերուխում են արել, որի արդյունքում, ըստ Գեւորգ Միրաքյանի, Միշայի «գլուխը տաքացել է»: «Հաց էինք ուտում, մի քանի բաժակ խմեցինք, Մշկոն մեր ուշունց տվեց: Ես էլ հարցրի՝ ինչի՞ ես մեր քրֆում, ասեց՝ լավ եմ անում, ես էլ Մշկոյի չալիկն առա, տվի գլխին»,- ոստիկաններին պատմել է սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվածը:

«Չալիկը» սպանության գործիք հանդիսացող ձեռնափայտն է: Այնուհետեւ, երբ «Գիվին» համոզվել է, որ «Մշկոն» մահացել է, դիակը դուրս է հանում բնակարանից եւ գցում բակ: Սպանություն կատարողը դեպքի վայրում փորձարարական աշխատանքներից հետո ձերբակալվեց եւ տեղափոխվեց ոստիկանության Վանաձորի ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ): Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Այսօր քննչական մարմինը դիմելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի 2-ամսյա կալանք կիրառվի նախկինում 10 անգամ դատապարտված Գեւորգ Միրաքյանի նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել