Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինքն իրեն թալանե՞լ է

Փետրվար 11,2011 00:00

Ու դիմել ոստիկանությո՞ւն:

Եթե առավոտյան արթնանում եք եւ հայտնաբերում, որ ձեր գազի հաշվիչը կորել է, ապա մինչ ոստիկանություն դիմելը՝ նախ ձեր բնակարանում այն փնտրեք: Քանի որ չի բացառվում, որ ինքներդ եք ձեր հաշվիչը գողացել: Այս տրամաբանությամբ է ղեկավարվում «Երեւանգազ» ընկերությունը:

Նուբարաշենի խճուղու 3-րդ շենքի 27-րդ բնակարանի բնակիչը 2 օր առաջ հայտնաբերել է, որ գազի հաշվիչը գողացել են: Նա դիմել է համապատասխան մարմիններին, գազի վարչություն եւ ոստիկանություն: Մինչ նրան խոստացել են գործով արագ զբաղվել, տիկինը արդեն 3 օր չի կարողանում բնակարանը ջեռուցել, քանի որ գազն անջատել են: «Երեւանգազի» Էրեբունու գրասենյակից՝ տիկնոջ դիմումներին չեն պատասխանում: «Ես փորձում եմ ճշտել, թե ինչ պետք է անեմ կամ որքան գումար պետք է վճարեմ, որպեսզի գազամատակարարումը միացնեն, ոչինչ չեն ասում: Ախր այս ցրտին առանց գազի դիմանալն անհնար է»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչը:

Մենք էլ փորձեցինք «Երեւանգազից» ճշտել, թե որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ գազամատակարարումը վերականգնելու համար: Երբ մենք ընկերության փոխտնօրեն Սուրեն Մնացականյանին փոխանցեցինք, որ գազի հաշվիչը գողացել են, նա անմիջապես վրդովված ասաց. «Թե ով է գողացել՝ ինքը ավելի լավ պիտի իմանա: Հնարավոր է՝ ինքն է գողացել իր հաշվիչը: Ես ոստիկանության հազար տարվա աշխատող եմ, փորձը ցույց է տալիս, որ հիմնականում բնակիչներն են ձեռք տալիս հաշվիչին, ուրիշ ոչ մեկ: Լավագույն դեպքում՝ մեր աշխատող տարածքի հսկիչի հետ: Առաջին դեպքը չի»: Մեր այն դիտարկմանը, որ տիկինը ոչ մի պատճառ չուներ նման քայլի գնալու, ընդ որում՝ գողն ինքը լինելով՝ «Առավոտին» չէր էլ դիմի, պարոն Մնացականյանը հետեւյալ օրինակը բերեց. «Ազգային ժողովի դեպուտատ ա եկել իմ մոտ, հարգարժան դատավոր, էսօր ողորմածիկ, էկել էին իմ մոտ իրենց ծանոթի համար: Երդվում-պատռտվում էին, որ անհնար է էդ մարդը իրա հաշվիչը գողացած լինի: Հարցը երբ հասավ հնարավոր լինելուն, արդեն կողքի են գնացել»: Մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ պետք է բնակիչն ինքն իր հաշվիչը գողանա, պարոն Մնացականյանը վստահեցրեց. «Հաշվիչի թիվը թափելու համար»: Մեր այն հարցին, թե ե՞րբ վերջապես բնակիչը գազամատակարարում կունենա, գուցե ոստիկանության պատասխանի՞ն են սպասում, փոխտնօրենն ասաց. «Ոստիկանությանը որ սպասենք՝ 25 տարի հետո պատասխանը կստանանք: Պետք է ծառայությունից էպիկրիզ մեզ ներկայացնեն, թե ծախսը որքան է՝ նայենք-տեսնենք ինչ է կատարվում, որ նոր հասկանանք՝ ինչ ենք անելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել