Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեծ փոփոխությունների ժամանակը

Փետրվար 11,2011 00:00

Արամ Կարապետյանը միանգամայն իրական է համարում  պատերազմի վերսկսման հավանականությունը՝ ի տարբերություն հայաստանյան շատ քաղաքական \"\"գործիչների:

Միջազգային ճգնաժամային խմբի «Հայաստան եւ Ադրբեջան. կանխել պատերազմը» վերնագրով զեկույցը, որում թափանցիկ ակնարկներ են արվում ղարաբաղյան ճակատում պատերազմի վերսկսման իրական հնարավորությունների մասին, հայաստանյան քաղաքական դաշտում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «հնարավոր պատերազմը» վերջին տարում ավելի հավանական է դարձել՝ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացի վատթարացման պատճառով: Սույն դիտարկումը հայաստանյան քաղաքական գործիչների համար ՄՃԽ-ի ուղղությամբ «քարեր նետելու» առիթ դարձավ, մինչդեռ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հակառակ կարծիքն ունի: Երեկ այս թեմայի շուրջ «Առավոտի» հետ զրույցում նա համաձայնեց, որ զեկույցն ուղղորդող բնույթ ունի, ու հավելեց, որ տարածաշրջանում «շատ մեծ փոփոխությունների ժամանակ է սկսվել», եւ այն, ինչը որ սկսվել է Աֆրիկայում, միանշանակ ներառելու է Մերձավոր Արեւելքը, ապա՝ Անդրկովկասն ու Կովկասը: Նրա համոզմամբ՝ ծրագրերն այդպիսինն են, ու այս ամենում շատ կարեւորագույն դեր են խաղալու սառեցված հակամարտությունները: Եվ այս ամենը, նրա կարծիքով, ի վերջո նպատակաուղղված է Իրանի հետ կապված խնդիրները լուծելուն: Նախատեսվող այս լայնամասշտաբ փոփոխությունների ուղղությունն իր մեջ կարող է երկու իրարամերժ տարբերակ ներառել՝ տարածաշրջանի իսլամիզացիա, որի ջատագովն իրանական շրջանն է, կամ իսլամական համակարգը կառավարելու՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ցանկությունները: Պայքարի այս տենդենցների մեջ Արամ Կարապետյանը կարծում է, որ «ամեն ինչ» է օգտագործվելու. «Քանի որ Միջազգային ճգնաժամային խումբն, իմ կարծիքով, ամերիկյան ծագում ունի, եւ ինչ-որ տեղ նաեւ այնտեղ աշխատող մարդիկ որոշակի հակվածություններ ունեն դեպի Իսրայել, պարզ է, որ իրենց նպատակաուղղվածությունը ակնհայտ պետք է լիներ»: Ինչ վերաբերում է զեկույցում տեղ գտած վերլուծությանը, այստեղ Արամ Կարապետյանը վերապահումներ չունի, քանի որ համոզված է. «Իրենք վերլուծությունը հստակ են անում. շատ ճիշտ է, որ ԼՂՀ հարցի կարգավորումը սառեցված է, իսկ դա միանշանակ հասկանալի է, որ վերջիվերջո բերելու է հակամարտության ակտիվ փուլի մեջ մտնելուն: Չի կարող այդքան երկար սառեցված մնալ: Առաջ գոնե պատկերացումներ կային, որ հարցն ինչ-որ ձեւով կլուծվի, հիմա՝ Աստանայից հետո, այդ պատկերացումներն իսպառ ոչնչացված են: Որոշ գործիչներ հայտարարում են, որ «սպոնտան» պատերազմներ չեն լինի, ես համաձայն եմ՝ սպոնտան չեն լինի: Կլինեն շատ ուղղորդված, նպատակաուղղված գործողությունների ու տրամաբանության մեջ, ցավոք, եթե ինչ-որ ուղղություններ շատ շտապ չգտնվեն: Եթե Հայաստանում եւ Ադրբեջանում գնալով իրավիճակները վատթարանում են, այո, պատերազմը դառնում է բավականաչափ ռեալ գործընթաց»:

«Սպոնտան» պատերազմի անհավանականության մասին երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: «Դա հնարավոր է միայն, եթե Ճգնաժամային խումբը ֆինանսավորող ուժերը որոշեն»,- ասել է Աշոտ Մանուչարյանը: Նա կարծիք հայտնեց նաեւ, որ ՄՃԽ-ն «տխուր գործունեություն» է ծավալել եւ «սպասարկում է հայտնի շահեր»՝ դառնալով գործիք այն ուժերի ձեռքին, որոնք տարածաշրջանի ժողովուրդների հարստության կողոպուտ են իրականացնում. «ՄՃԽ-ի գործունեությունը ուղղված է այդ կողոպուտը ապահովելու, ճգնաժամային կետերը պահպանելու համար: Օբյեկտիվ որեւէ բան ես նրանց գործունեության մեջ չեմ տեսնում: Եվ սա ուղղակի շարունակությունն է այդ բանի»:

Եթե ՄՃԽ-ի ծրագիրն իրականություն դառնա, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ, ռազմական գործողությունները կլինեն բավականին լայնածավալ, քանի որ, ուզեն թե ոչ, այդ գործողություններում պետք է ընդգրկվեն ՌԴ-ն, ՆԱՏՕ-ն, Իրանը: Հետաքրքրվեցինք՝ այս գործողությունները զարգացման դեպքում կզուգահեռվեն Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական կյանքո՞վ, թե՞ անկախ դրանից: «Մեկը մյուսի շարունակությունն է»,- ասաց Արամ Կարապետյանը՝ հավելելով, որ առաջիկայում «հետաքրքիր զարգացումներ» սպասվում են: Այս համատեքստում վերահաստատելով, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների բոլոր նախադրյալները վաղուց կան, ասում է, որ այժմ քաղաքական պահի՝ ժամկետների ընտրության փուլում ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել