Լրահոս
Օրվա լրահոսը

STRATFOR-Ի ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՉԷ

Փետրվար 11,2011 00:00

\"\"Գնահատելով հետազոտական այս կենտրոնի օրերս արած վերլուծությունը՝ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Օրերս Stratfor հետազոտական կենտրոնի փ որձագետները պնդել էին, թե Հայաստանում եւ հետխորհրդային մյուս պետություններում Եգիպտոսի իրադարձությունների կրկնությունը քիչ հավանական է: Այդ համատեքստում անդրադառնալով նաեւ Հայաստանին՝ շեշտել էին, որ «լայնամասշտաբ բողոքի ակցիաների եւ անկարգությունների նախադրյալներ չկան, թեեւ Հայ ազգային կոնգրեսը, որը ղեկավարում է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոգեւորված Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններից, փետրվարի 18-ին մեծ հանրահավաք է հրավիրել»։ Կենտրոնի փորձագետները, իհարկե, նաեւ նկատել էին, թե 10 հազար մասնակիցների պարագայում ընդդիմությունը մեծ ոգեւորություն կապրի, բայց ըստ նրանց՝ «անգամ մի քանի հազար ցուցարարների մասնակցությունը այդ հանրահավաքին ընդդիմության կողմից կընկալվի որպես լուրջ հաջողություն՝ մղելով նրան հետագա գործողությունների»: Նշվում է նաեւ, թե վերջին շրջանում հայաստանյան ընդդիմության ակցիաներին մի քանի հարյուր մարդ էր մասնակցում, եւ, այդուհանդերձ, «ընդդիմության բողոքի ակցիաները առաջիկա ժամանակաշրջանի առանցքային իրադարձություններն են լինելու եւ արժանի են լուրջ դիտարկման: Այնուհանդերձ, իշխանությունների հետ պայքարի առումով Հայաստանի ընդդիմության կարողությունները շարունակում են սահմանափակ մնալ, այդ իսկ պատճառով Հայաստանը խնդրահարույց երկրների շարքում ամենաքիչ ռիսկայինն է»:

Stratfor-ի փորձագետների այս դիտարկումներին, մասնավորապես՝ Եգիպտոսի իրադարձություններից ընդդիմության ոգեւորությանն առնչվող հատվածի հետ, սակայն, հայրենի ընդդիմության ներկայացուցիչ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը բացարձակապես համաձայն չէ: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, թե որեւէ կապ չի տեսնում Եգիպտոսում ծավալվող իրադարձությունների եւ ՀԱԿ-ի՝ փետրվարի 18-ին ու նաեւ հետո կազմակերպվող հանրահավաքների միջեւ, առավել եւս, որ ընդդիմությունը Հայաստանում մինչ այդ էլ էր բազմահազարանոց հանրահավաքներ անում. «Ինչպես լինում է շատ հաճախ, այս անգամ էլ գործ ունենք մի մեկնաբանության հետ, որը արվել է հեռվից՝ առանց հայաստանյան իրողություններին ծանոթ լինելու: Երբ Stratfor-ի փորձագետը նշում է բողոքի միջոցառումներին հարյուրավոր մասնակցության մասին, նա անտեսում է իրողությունները: Այսպես, ՀԱԿ վերջին երթին (դեկտեմբերի տասին) մասնակցեց շուրջ տասը հազար քաղաքացի: Միայն այս փաստը հաստատում է, որ կամ ինֆորմացիայի պակաս կա Stratfor-ում, կամ մեկնաբանությունը ուղղորդված է: Ինչ վերաբերում է ոգեւորությանը՝ բնական է, որ մի իրավիճակում, ուր հաղթում է ժողովրդի կամքը, դա չի կարող անտեսվել աշխարհի կողմից: Հայաստանի ժողովուրդն էլ բացառություն չէ: Կարող եմ ասել, որ ես իշխանության ներսում եմ տեսնում խուճապի դրսեւորումներ, իսկ մենք՝ ՀԱԿ-ը, անելու է իր նախօրոք ծրագրած հանրահավաքը, որը ակնկալում ենք՝ բավականին հաջողված է լինելու: Միեւնույն ժամանակ, կարծում եմ, մեր ժողովուրդը հետեւություններ է արել այն իրադարձություններից, որոնք տեղի ունեցան Եգիպտոսում: Մենք, բնականաբար, հետեւում ենք զարգացումներին, դասեր ենք քաղում, եւ վստահ եմ, որ իշխանությունները եւս դրանցից դասեր են քաղում: Մյուս կողմից՝ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանում փողոց դուրս գալու եւ պահանջներ ներկայացնելու, մեր ազատությունը նվաճելու դասեր չեն: Մենք դրա փորձն ունենք, եւ դա մեր ժողովուրդն ապացուցել է դեռ 1988-ին: Եգիպտոսի ժողովո՞ւրդը մեզ պետք է օրինակ ծառայի կամ ոգեւորի»: Վլ. Կարապետյանը նաեւ հիշեցրեց ոչ պակաս հեղինակավոր «Էկոնոմիստ» հանդեսի՝ ընդամենը վերջերս հրապարակած վերլուծությունը, որտեղ Եգիպտոսը ներկայացվել էր որպես շատ կայուն ռեժիմ ունեցող պետություն: «Բայց մենք տեսնում ենք, թե որքան կայուն էր այդ ռեժիմը: Այն խայտառակ ձախողումները, որ կան Հայաստանում՝ տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական ոլորտներում, եւ այն իրավիճակը, որն առկա է այսօր, ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը բավականին հիասթափված է առկա իրավիճակից եւ ցանկացած պահի կարող է դուրս գալ փողոց եւ ներկայացնել իր պահանջները»,- հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը՝ հավելելով, թե՝ «Եգիպտոսում մենք ականատեսն ենք այնպիսի զարգացումների, որոնք նախաձեռնել է ժողովուրդը, առաջնորդել է ժողովուրդը եւ հաղթանակի է հասնելու ժողովուրդը: Բռնապետների դարն անցնում է, եւ այս իրողությունը պետք է բոլորը ընկալեն: Երեկվա զարգացումները արագացնելու են իշխանության փոխանցումը եւ նոր նախագահական ընտրությունների անցկացումը: Վստահ եմ, որ Եգիպտոսի նոր իշխանությունները ի վիճակի են լինելու արագ հաղթահարել քաղաքական ճգնաժամը եւ ապահովել երկրի բնականոն զարգացումը: Դրա կարեւորագույն գրավականներից մեկը միջազգային հանրության աջակցությունն է, որը կհամախմբվի նոր՝ ժողովրդի իշխանությունների շուրջը»:

Արդյոք հնարավո՞ր է Հայաստանում սոցիալական ընդվզում, եւ արդյոք Գյումրիում այս օրերին ծավալված բողոքի ալիքը՝ ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացման հետ կապված, նաեւ Երեւանում փողոցում առեւտուր անողների ըմբոստությունը կարելի՞ է այդպիսի ընդվզման մեկնարկ համարել: Առջեւում մեզ դեռ գնաճ էլ է սպասվում: «Թերեւս: Իհարկե, այստեղ կոնկրետ հարցեր են բարձրացվում, եւ դա անում են որոշակի խմբեր: Կառավարությունը, ինչպես միշտ, այդ երկու դեպքում էլ գործեց ժողովրդի շահերին հակառակ, եւ դա սոցիալական ընդվզման դրսեւորումներից մեկն էր: Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունների գործողություններն այսօր ադեկվատ չեն»,- արձանագրեց Վլ. Կարապետյանը:

Նա նկատեց նաեւ, որ ի տարբերություն Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների, որտեղ ամեն ինչ ինքնաբուխ էր, եւ ժողովուրդն ինքը դուրս եկավ փողոց, հետո միայն այս ու այնտեղից հայտնվեցին, այսպես կոչված, ընդդիմադիրները կամ Կահիրե ժամանեցին օտար երկրներից ու հիմա փորձում են ժողովրդին առաջնորդել կամ օգտագործել բողոքի այդ ալիքը, Հայաստանում վիճակն այլ է. «Մեզ մոտ կա կազմակերպված ընդդիմություն, որը վերահսկում է իրավիճակը եւ ինքն է կազմակերպում այդ հանրահավաքներն ու ցույցերը: Ժողովուրդը կարող է օգտվել դրանից: Հուսանք, որ ժողովուրդը մեզ մոտ էլ դուրս կգա եւ կներկայացնի իր պահանջները կառավարությանն ու նաեւ ընդդիմությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել