Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հ1»-ը վախենում է դատական քաշքշուկներից

Փետրվար 11,2011 00:00

Եվ հենց այդ պատճառով օպերատիվ չի արձագանքում մեր  երկրում տեղի ունեցող իրադարձություններին:

Խորհրդարանը երեկ բավականին ուշացումով քննարկեց Հանրային հեռուստառադիոընկերության 2009թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը: Իրականում այդ քննարկումը ժամանակավրեպ էր, սակայն պատգամավորներն առիթը օգտագործեցին որոշ հարցեր ուղղելու խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը փորձեց հստակեցնել «Արարատ» ալիքի հետագա ճակատագիրը: Ալեքսան Հարությունյանը հայտարարեց, որ «Արարատ» հեռուստաալիքի որեւէ աշխատակից չի կորցնի իր աշխատանքը. «Շուտով կառավարությունը որոշում կընդունի, որով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ենթակայությամբ կստեղծվի պետական փակ բաժնետիրական ընկերություն, որը կկոչվի հոգեւոր-մշակութային ալիք, որը Հանրային առաջին ալիքից կլինի ինքնուրույն, անկախ իրավաբանական անձ: «Արարատի» աշխատակիցները Հանրային հեռուստատեսությունում կվերաձեւակերպվեն որպես մշակութային խումբ եւ հաղորդումներ կպատրաստեն թե Հանրային հեռուստատեսության, թե առաջիկայում ստեղծվելիք հոգեւոր-մշակութային, թե «Արարատ» համահայկական արբանյակային հեռուստաալիքների համար: Որեւէ մեկը չի կորցնելու իր աշխատանքը, որեւէ փոփոխություն նրանց նյութական աշխատավարձի կամ ստեղծագործական կյանքում չի լինելու»,- վստահեցրեց Ալեքսան Հարությունյանը: Թե որքանով են այս խոստումները իրականանալու՝ պարզ կդառնա շատ կարճ ժամանակ անց: Հայտնի է, որ «Արարատի» տեղում (թե՞ փոխարեն) այժմ եթերում է «Շողակաթը», որը հիմա, ըստ պաշտոնական բացատրությունների, իր ողջ արտադրանքը պատրաստում է «Հ1»-ի պատվերով (ու, հավանաբար, հարկատուների հաշվին): Ըստ ամենայնի, ալիքը կշարունակի կոչվել «Շողակաթ», որպես արդեն հայտնի «բրենդ»՝ ինչպես որակեց Ալեքսան Հարությունյանը, իսկ «Արարատը» կունենա նոր լոգո, որը կլինի համահայկական արբանյակային հեռուստաալիքի լոգոն:

Ալեքսան Հարությունյանին հարց ուղղելով՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Հանրային հեռուստաընկերությունը օպերատիվ եւ օբյեկտիվ չի արձագանքում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես. «Ինչո՞ւ «Հայլուրը» չանդրադարձավ ԴԱՀԿ պետի այդ այլանդակ վարքագծին, դե, ասեք տեսնենք՝ էդ ինչ վարքագիծ է, ինչ էր արել էդ մարդը, ում էր ծեծել, ինչ էր եղել, նույնը՝ քաղաքապետի հետ կապված: Ուզում եմ ասել, դուք միշտ հետեւանք եք ասում, արդյունքն եք ասում: Ե՞րբ եք անցնելու օպերատիվ լրատվության: Չնայած չեմ ուզում մեղք գործել, փոփոխություն տեսնում եմ, բայց հիմա դուք այդքանը կտաք, երբ ասում եմ՝ փոփոխություն տեսնում եմ, իսկ նախկին ասածներս «Հայլուրով» չեք հնչեցնի, ես պահանջում եմ, որպեսզի ամբողջ հարցը հնչեցնեք»,- ասաց պատգամավորը: Ալեքսան Հարությունյանն «արդարացավ». «Եթե նկատել եք, շատ անգամ օպերատիվ ասված բանը՝ էլեկտրոնային կայքերում կամ թերթերում, գցում է դատական քաշքշուկների մեջ, եւ ավելի շատ հերքումներ են լինում: Հաշվի առնելով այն, որ «Հայլուր»-ով ասված ամեն խոսք կարող է ավելի վատ հետեւանք ունենալ, մենք մի փոքր զգուշավոր ենք»: Անահիտ Բախշյանը «մխիթարեց» պարոն Հարությունյանին՝ «Հանրային»-ի նկատմամբ այդպիսի դատ չի լինի, այդպիսի վճիռ չի լինի»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը նախ հայտարարեց, թե գոհ չէ «Հանրայինի» լեզվից, եւ նկատեց, որ Հանրային ռադիոյի լեզուն «անհամեմատ բարձր մակարդակի է», ինչպես նաեւ խոսեց հեռուստասերիալներից եւ մասնավորապես նկատեց, որ «Հանրային»-ով ցուցադրվող մի շարք սերիալներ, այդ թվում եւ «Հրեշտակների դպրոցը», բացասական մթնոլորտ են ստեղծում հանրության մեջ. «Ցանկացած մեկը նայելով այդ սերիալը՝ խորը հիասթափություն կունենա Հայաստանում գործող դպրոցներից, որովհետեւ դրանում ոչ միայն հակադաստիարակչական էլեմենտներ կան, այլեւ՝ ընդհանրապես, ոչ թե հայոց դպրոցն է ներկայանում, այլ բոլորովին այլ մի միջավայր, որի դրսեւորումները գուցե ինչ-ինչ ձեւերով կան այսօրվա դպրոցներում, սակայն մենք պետք է ամեն ինչ անենք դրանց չեզոքացման համար եւ ոչ թե այդ բացասական երեւույթները դարձնենք քարոզչություն, ինչը, իմ տպավորությամբ, արվում է նշածս սերիալում»:

Նույն այս սերիալի մասին Ալեքսան Հարությունյանը տրամագծորեն հակառակ կարծիքի էր եւ նշեց, թե բազմաթիվ դպրոցներից հրավեր ունեն սերիալը իրենց մոտ նկարելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել