Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԼԻ ՆԵԼԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԲԱՐԻ ԿԱՄՔՈՎ»

Փետրվար 11,2011 00:00

\"\"Վստահ է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը

– Տպավորություն չունե՞ք, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հիմնական բանավեճերը կարծես ընթանում են ոչ այնքան իշխանության եւ ընդդիմության միջեւ, այլ հենց իշխանության մեջ՝ հանձինս ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, եւ ընդդիմության մեջ՝ հանձինս ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի:

– Չեմ ուզում կարեւորել Ձեր նշած խնդիրը, քանի որ երկրի առջեւ ծառացած նման մարտահրավերներ կան՝ սոցիալական լարվածության վատագույն միջավայր, ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող բավական լուրջ խնդիրներ եւ այլն, բայց բոլորը բան ու գործը թողած՝ ապագա ընտրություններում իրենց կեցվածքն են ճշտում կամ դրսեւորվելու խնդիրները: Ցավում եմ:

Բայց ամեն դեպքում՝ պատասխանեմ հարցին: Իշխանական այս վիճաբանությունը՝ ՀՀԿ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի, ԲՀԿ-ի միջեւ, բացառիկ էր. երկու կողմն էլ փաստերը ներկայացնելու առումով բացարձակ ճիշտ էին: Բոլորի համար էլ հասկանալի է, որ ԲՀԿ-ն նախագահականում ստեղծված «պրոյեկտ» է, եւ դա այնքան բացահայտ էր արվում, որ ԲՀԿ-ի շուրջ ինտելեկտուալ զանգված ապահովելու համար ներգրավվող մտավորականների եւ գլխավոր բժիշկների կոհորտայից շատերը հետո գնում՝ իրենց դարդը պատմում էին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին եւ խորհուրդ հարցնում, թե ինչպես վարվեն: Ու ո՞նց կարող էր առանց Ռոբերտ Քոչարյանի մեկը ներառվել ՀՀԿ-ի ցուցակում: Այնպես որ՝ զուտ փաստերի առումով երկուստեք ճիշտ են, բայց փաստերը մեկնաբանելու առումով գզվռտոցն անհասկանալի է: Եվ համոզված եմ, եթե Սերժ Սարգսյանը չսանձի՝ ՀՀԿ-ական ակտիվ ու ագրեսիվ երիտասարդները շատ կարճ ժամանակ անց կնախաձեռնեն Ռոբերտ Քոչարյանի հարցով Հաագայի դատարան դիմելու ստորագրահավաք:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը՝ այս կամ այն քաղաքական ուժին, որն իրեն ընդդիմադիր է համարում (իրենց խղճին եմ թողնում, չեմ ուզում դա մեկնաբանել). իհարկե, ցավ եմ ապրում, որ երբեմն անտեղի, հանիրավի գզվռտոցներ լինում են ընդդիմության շարքերում էլ: Ասենք, մեկնաբանությունները, որոնք արվում են ՀԱԿ-ի հասցեին, թե մեզնից բացի՝ իբր ուրիշին չենք տեսնում, թյուրըմբռնման հետեւանք են կամ էլ ՀԱԿ-ի այս կամ այն անդամի արտահայտած կարծիքի մեկնաբանություն:

– Սրանք ոչ միայն մեկնաբանություններ են. ՀԱԿ-ի տարբեր գործիչներ իրոք հայտարարել են, թե քաղաքական դաշտում միակ իրական ընդդիմադիրը ՀԱԿ-ն է, կամ էլ շարադրել են չափորոշիչներ՝ որոշելու իրական ընդդիմությանը, որոնցից էլի հետեւում է, թե չկա երկրում այլ ընդդիմություն՝ ՀԱԿ-ից բացի:

– Մենք որոշակի չափանիշներ ենք սահմանել, իհարկե՝ նաեւ բացատրելով, որ եթե միասին չենք՝ իշխանությունների համար շատ ավելի հեշտ է մեզ հետ հաշվեհարդար տեսնելը: Սակայն եթե տվյալ ուժն իշխանությունների դեմ է հանդես գալիս՝ նրա հետ ընդհանրապես խնդիր չունենք: Այո, հնչել են նման մեկնաբանություններ, որոնք նշեցիք, բայց հիշեցնեմ, որ ՀԱԿ-ը 18 ուժերի հանրագումար է, եւ բազմակարծությունը մեր կառույցում իրոք իրական է: Բայց դրանք ոչ թե ՀԱԿ-ի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն է՝ ինչպես շատ անգամ հանիրավի դա վերագրվում է նրան, այլ տվյալ քաղաքական գործչի կարծիքը:

– Հաճախ նաեւ ՀԱԿ-ի համակիր մամուլի հրապարակումներն են համարվում ՀԱԿ-ի դիրքորոշումը:

– ՀԱԿ-ը մամուլ չունի: Եվ «ՀԺ»-ն, եւ «ՉԻ»-ն ու մնացած թերթերը եղել են մինչեւ ՀԱԿ-ի ստեղծվելը: Դա նրանց քաղաքական դիրքորոշումն է՝ կարող են ՀԱԿ-ի համակիր լինել: Բայց այդ թերթերում այս կամ այն լրագրողի մեկնաբանությունը կամ գնահատականը դարձյալ Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ ՀԱԿ-ի ամբողջական դիրքորոշմանը վերագրելն անընդունելի է:

Լեւոն Տեր-Պետրոսյանին չսիրելը դարձել է քաղաքական կատեգորիա: Բայց խնդիրը նրան սիրել-չսիրելը չէ (սիրողների պակաս չկա)՝ խնդիրը նրա ասածները հասկանալը, երկրի ապագայի նկատմամբ նրա մտահոգությունները կիսելը եւ ուրիշի դիրքորոշումները նրան չվերագրելն է: Որոշ քաղաքական ուժեր ուղղակի չեն ցանկանում մեզ հետ համագործակցել՝ պատճառաբանելով գոյություն չունեցող խնդիրներ՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի դիկտատ» եւ այլն: Ես նման բաներ չեմ տեսել ՀԱԿ-ում: Սակայն ասում եմ՝ ամեն մեկն իր չափով թող պայքարի իշխանության դեմ: Ու թեեւ կդժգոհեն, կփնթփնթան, թե մենք ակտիվ չենք, ժողովրդական զանգվածներին ոտքի չենք հանում, բայց երկրի պետական շահերը մեզ համար ավելի գերակա են, քան իշխանության ինքնանպատակ գալը:

– Մինչ ընդդիմության համագործակցության հնարավորությանն անդրադառնալը՝ մի հարց: Անկախ այժմ դրսեւորվող հակասություններից, ահա տեղեկություն կա, որ ՀՀԿ-ն կոալիցիայի անդամներին ներկայացրել է նոր նախագիծ, թե պատրաստ են հետագա համագործակցության նաեւ 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններից հետո: Ձեր կանխատեսումը՝ կհաջողվի՞ կոալիցիային պահպանել միասնականությունը:

– Իրական պատասխանի համար հարցն այսպես կվերաձեւակերպեի՝ կցանկանա՞ արդյոք դա Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ: Քանի որ ամեն ինչ պայմանավորված է նրա «բարի կամքով»՝ ում եւ ինչքան թույլ կտա դրսեւորվել այս արեւի տակ:

– Այս շաբաթվա ընթացքում «Ժառանգությունը» կոչ արեց հանդես գալ «Ընտրական օրենսգրքի» միասնական այլընտրանքային նախագծով, ՀՅԴ-ն ազդարարեց մտադրությունը՝ սկսել ընտրական շարժում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ անկախ առկա տարաձայնություններից՝ ընդդիմությունը համատեղ հանդես գա գոնե նման առանձին խնդիրների շուրջ:

– Ընդհանրապես լավատես մարդ եմ, բայց ծավալվող իրադարձությունները Հայաստանի շուրջ եւ շարունակվող տնտեսական անսանձ ճգնաժամը, որն արդեն զգալի է դարձել բոլորի համար, անարդարությունների այս այլանդակ շքահանդեսը ինձ ստիպում են ասել, որ ոչ միայն «Ժառանգությունը» կամ ՀՅԴ-ն, այլ անգամ իշխանությանը մաս կազմող մտածող մարդիկ պետք է վերջապես հասկանան, թե խնդիրն այս ընտրական գործընթացը չէ, որի մեջ մի տարի առաջ մտել են թեւերը քշտած: Դրանից ավելի կարեւոր են երկրի կենսական շահերը՝ ԼՂ հարցը, որ դրել են մեր կոկորդին, աշխարհին մեր դեմ ենք հանել, ու չի սպասվում հայանպաստ լուծում: Մեզ պետք է միանան մտածող մարդիկ՝ այս իրավիճակից դուրս գալու համար, այլապես վաղն ուշ է լինելու: Ես գույները չեմ խտացնում՝ իրոք այդպես է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել