Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿՈՒԲԻԿ-ՌՈԲԻԿ

Փետրվար 11,2011 00:00

\"\"Երեկ լրագրողները սպասում էին քաղաքական ամուսնալուծությանը

Երկուշաբթի սկսված գարնանային նստաշրջանի առաջին քառօրյան կարելի է անվանել սպասումների քառօրյա: Քաղաքական ուժերը, առաջին հերթին՝ կոալիցիան, անասելի լարվածության մեջ են, եւ դրա պատճառը նույն արմատից բխող մի շարք հարցերն են՝ ի՞նչ է լինելու շաբաթ օրը մեկնարկող ԲՀԿ համագումարում, ի՞նչ է լինելու մինչ այդ համագումարը:

Ըստ ասեկոսեների, նախագահ Սարգսյանը խստորեն պահանջել է ԲՀԿ-ից հստակ ասել՝ պաշտպանելո՞ւ է այդ կուսակցությունն իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, թե՞ ոչ, եւ ասել հենց հիմա՝ առանց ձգձգելու: Եթե ոչ, ապա՝ դուրս գալ կոալիցիայից: Համենայնդեպս, երեկ ու նախորդ օրերին ե՛ւ լրագրողները, ե՛ւ պատգամավորները խոսում էին հենց դրա մասին: Ասում են՝ ժամանակը երկուշաբթիից ձգվեց մինչեւ շաբաթվա վերջ, որովհետեւ ԲՀԿ-ն ասել է, թե դեռ մտածում է: Այսօր, մեր տեղեկություններով, պետք է տեղի ունենար կոալիցիոն ընդլայնված հանդիպում, որի ժամանակ էլ ԲՀԿ նախագահը կհայտարարի կամ արդեն իսկ հայտարարել է իր որոշման մասին: Իհարկե, մենք լուրջ կասկածներ ունենք, որ երեկվա դրությամբ արդեն հարցը վճռված էր, քանի որ, ըստ հավաստի տեղեկությունների, երեկ, ժամը 14-ին, ԲՀԿ-ն հավաքվել էր Գագիկ Ծառուկյանի շուրջը:

Թեպետ լրագրողները եւ կոալիցիոն մյուս ուժերը համոզված պնդում էին, թե «Բարգավաճը» դուրս է գալու կոալիցիայից, բայց ինքս մի տեսակ թերահավատ էի: Եվ դրա համար ունեմ հետեւյալ բացատրությունը։ Նախ՝ ԲՀԿ-ում այլմոլորակայիններ չեն, շատ սովորական մարդիկ են, նույն միս ու արյունից, ինչպես եւ ՀՀԿ-ում, ՕԵԿ-ում կամ Դաշնակցության մեջ: Իսկ այս մարդիկ ապրում են նույն հողի վրա եւ սնվում են նույն միջոցներից: ԲՀԿ խմբակցության 26 պատգամավորներից միայն երկուսն են, որ բիզնես չունեն, մյուսները հայտնի կամ անհայտ գործարարներ են՝ դրանից բխող բոլոր նրբություններով: Իսկ բիզնեսը պարզապես անհնարին է պահել առանց «տանիքի», առանց իշխանական լծակների, առանց «դաբրոյի»: Պարզ է, չէ՞, որ այս մարդիկ իրենց տարիների վաստակը անտեր չեն կարող թողնել: Մանավանդ՝ նրանցից որեւէ մեկը գաղափարների համար մեռած չէ, նրանց բոլորի համար կա եւ գործում է մեկ գաղափար՝ սեփական գործը եւ ունեցվածքը չկորցնելը: Ուրեմն, նախ այս պատճառով ԲՀԿ-ական գործարարները կարող են ընդդիմանալ պարոն Ծառուկյանին: Երկրորդ. ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, եւս լուրջ մտածելու բաներ ունի: Հակառակ դեպքում այժմ ԲՀԿ-ական պատգամավորները շատ հեշտ կսկսեն աջ ու ձախ, ձայնագիրչը ձեռքից ձեռք խլելով (տեսել ենք, չէ՞) բացատրել, թե իրենց մեջ հանկարծ զարթնեց նժդեհյան ոգին, եւ իրենք իրենց այսուհետ տեսնում են Հանրապետականի ներսում:

Իհարկե, «Բարգավաճի» գործարարներին հատ-հատ անդրադառնալը մեծ տեղ կզբաղեցնի, բայց մեկի մասին հարկ կա հատուկ կարգով խոսել։ Պարզապես պատկերացրեք, թե ինչ կլինի նախկին ՕԵԿ-ական, այժմ ԲՀԿ փոխնախագահ եւ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանի վիճակը, երբ ԲՀԿ-ն հայտարարի, որ դուրս է գալիս կոալիցիայից: Պատկերացրեցի՞ք: Խոսքերն ավելորդ են։ Ըստ մեր տեղեկությունների, արդեն իսկ Սամվել Բալասանյանը քունն ու հանգիստը կորցրել է եւ մտքերի մեջ է՝ այ մարդ, էս ինչ անեծք է, ուր մտնում եմ, մեկ էլ որոշում են ընդդիմադիր դառնալ:

Լրագրողները երեկ ամբողջ օրվա ընթացքում իզուր էին փորձում որեւէ մեկից կոնկրետ տեղեկություն կորզել: ԲՀԿ խմբակցությունից մեկ-երկու պատգամավոր էր նստած դահլիճում, ՀՀԿ-ն էլ ասում էր, թե ինքն ասելիք չունի: Իսկ կոալիցիոն հավատարիմ զինակից ՕԵԿ-ը մի տեսակ ուրախության րոպեներ էր ապրում, քանի որ, ըստ ամենայնի, հաշվարկ էր անում՝ ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից, որքան նախարարական տեղ կազատվի, որքան այլ մեծ ու փոքր պաշտոններ, մարզպետներ, փոխմարզպետներ եւ այլն:

Նման սցենարները հայկական քաղաքական դաշտի համար ամենեւին նորություն չեն, սրանք ժամանակի փորձությունն անցած եւ թրծված սցենարներ են: Բոլորը գիտեն, թե ինչ է սկսվում, երբ իշխող ուժերից մեկը որոշում է թողնել իշխանական իր լծակները եւ անցնել ընդդիմադիր դաշտ:

Եթե մեկն ու մեկին թվում է, թե ԲՀԿ-ական գործարարները իրենց բիզնեսը պակաս են սիրում, քան Գագիկ Ծառուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, չարաչար սխալվում են: Իհարկե, իրենց դուրս գալը «Բարգավաճից» գործարարները կբացատրեն մոտավորապես նույն կերպ, ինչպես ժամանակին բացատրեցին Սերգո Երիցյանը կամ ՕԵԿ-ից փախած գործարարները՝ «Ես ինձ չեմ տեսնում ընդդիմադիր դաշտում»: Եվ եթե դրանից հետո լրատվամիջոցները գրեն, թե սկսվել է հերթական առնետավազքը, ապա ոչ ոք թող չնեղանա, քանի որ այդ երեւույթը քաղաքագիտության մեջ այլ անուն, կարծեմ, չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել