«Լոռվա ձոր» հայրենակցական միության եւ «Փյունիկ» հիմնադրամի կազմակերպած նկարչական փառատոները եւ ցուցահանդեսները արդեն հետաքրքիր ավանդույթ ունեն. նկարչական աշխատանքները ցուցադրվում են ինչպես Երեւանում՝ երկրի գլխավոր ցուցասրահում, այնպես էլ տեղերում, որտեղ կայացել է նկարչական փառատոնը, որպես կանոն՝ մարզկենտրոններում: Երեւանում այս տարվա հունվարին «Աշնանային Վայոց ձոր» ցուցահանդեսի բացման ժամանակ նշվեց, որ փետրվարի սկզբին ցուցահանդեսը կհանգրվանի Վայոց ձորի մարզկենտրոնում՝ Եղեգնաձորում, ուր օրեր առաջ տեղի ունեցավ ցուցադրության բացումը:
Օրվա բանախոսները՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը, Հայաստանի ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, նկարիչ Գագիկ Ավետիսյանը ընդգծեցին այն կարեւորությունը, որ նկարչական փառատոնի աշխատանքները ցուցադրվում են այնտեղ, որտեղ դրանք ստեղծվել են եւ այս պարագայում շատ հետաքրքիր է տվյալ տարածաշրջանի արվեստասերների վերաբերմունքը:
«Փառատոնը տեւել է մեկ շաբաթ (անցած տարվա նոյեմբերին) եւ այդ ընթացքում 19 նկարիչ ստեղծել է ավելի քան 120 աշխատանք,- ասում է Սերգո Երիցյանը,- այստեղ հնարավոր է եղել բերել ստեղծված կտավների կեսը, որոնք էլ ամբողջական պատկերացում են տալիս տարածաշրջանի մասին՝ ներկայացնելով ինքնատիպ ու բազմազան բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, բնակավայրերը»:
Հենց այս իրողություններն էլ այն հիմքն են, որ այդքան մեծ հետաքրքրության է արժանացել այս ցուցահանդեսը: Բավականին ժամանակ է պահանջվում մինչեւ բոլոր արվեստասերներին հնարավորություն է ստեղծվում ներս մտնել Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի մեծ սրահ, ուր ներկայացված են աշխատանքները:
«Շատ ուրախ եմ, որ մարզում մշակութային տարին սկսվում է այսպիսի կարեւոր իրադարձությամբ,- ասում է Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը,- այստեղ տարածաշրջանի ամեն բնակիչ իր սիրած միջավայրն է փնտրում ու գտնում՝ Նորավանք, Արփայի հովիտ, Եղեգիսի կիրճ եւ այսպես շարունակ: Կարծում եմ, սրանով չպետք է բավարարվել, մենք ուրախ կլինեինք, եթե ունենայինք նկարչական փառատոն՝ թեկուզեւ «Գարնանային Վայոց ձորը» խորագրով»:
Ցուցասրահում հետաքրքրությունը բավականին մեծ է, քանի որ նկարները ներկայացնում են հենց իրենք՝ հեղինակները: Որպես կանոն, այցելուները դիտելով նկարները, հարցականների հանդիպելիս դիմում են նկարիչներին: Ու կարծես թե ամբողջ սրահում, նկարներին ծանոթանալուց զատ, ընդհանրական քննարկում է տեղի ունենում, երկխոսություն արվեստասերի եւ արվեստագետի միջեւ:
«Այսպես ջերմությունը եւ մտերմությունը արվեստասերների եւ արվեստագետների միջեւ շատ մեծ է,- ասում է ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադեւոսյանը, որի նկարների մոտ այցելուների կուտակումները ավելի մեծ են,- ինչի՞ մասին են հարցնում՝ ավելի շատ գույների ընտրության, բազմազանության, նրբերանգների մասին: Եղեգնաձորցիները նուրբ եւ անմիջական ընկալում ունեն»:
Մարդիկ չեն շտապում, նկարից նկար են տեղափոխվում, փորձում հասկանալ իրենց աշխարհի անդրադարձները՝ թեեւ դրանցում ավելի շատ աշնանային գույներ են, բայց կարծես տարվա բոլոր եղանակների ներկապնակի խտացումը եւս կա: