Մասնագետները խորհուրդ են տալիս՝ հոգեբանական խնդիրների մեջ չգցելու համար երեխային ասել ճշմարտությունը
«Վաաա՜յ, դուռը փակի ու հենց հիմա դո՛ւրս արի սենյակից, մինչեւ դուռը չթակես՝ էլ մեր սենյակ չգաս, անշնորհք երեխա». որքան էլ տհաճ է, երբ երեխան պատահաբար մտնում է ննջասենյակ ու բռնացնում ծնողներին սեռական հարաբերություն ունենալիս, սա այն ռեակցիան է, որ ծնողները երբեք չպետք է դրսեւորեն այդ պահին: Շատ կարեւոր է, որ երեխան չմտածի, թե ինքը շատ ծանր հանցանք է կատարել, եթե ծնողներն այդպիսի ագրեսիվություն են ցույց տալիս: Առաջին տպավորությունից եւ ծնողների սխալ վերաբերմունքից հնարավոր է խաթարվի երեխայի ընկալումը սեռական կյանքի մասին ու հետագայում սխալ պատկերացում ձեւավորի նրա մեջ:
Այս մասին «Առավոտի» հետ զրույցում Մանկավարժական համալսարանի հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի դասախոս եւ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Մարիա Թեւոսյանը խորհուրդ տվեց, որ ամենակարեւորը՝ ծնողները խուճապի չմատնվեն ու չսկսեն երեխային մեղադրել. «Շատ կարեւոր է, թե երեխան քանի տարեկան է: Դրանից կախված՝ ծնողները պետք է կողմնորոշվեն, թե խնդրին ինչպես մոտենան ու երեխային ինչպես բացատրեն իր տեսածը: Եթե նախադպրոցական տարիքի երեխան բռնացնում է այդ պահին ծնողներին, նա վախ է զգում, նրան թվում է, թե հայրը կամ մայրը բռնություն են կիրառում, նա այդպես է ընկալում սեքսը, ուստի առաջին բանը, որ պետք է անեն ծնողները, երեխային հանգստացնելն է: Նրանք պետք է ցույց տան, որ իրենք ողջ-առողջ են, որ իրենց հետ ոչ մի բան չի պատահել, փորձանքի չեն եկել, չեն վնասվել: Դժվար է ասել, թե այդ տարիքում ո՞րն է ավելի ճիշտ՝ ասել, որ ես ու պապան խա՞ղ էինք խաղում, թե՞ ճիշտը՝ ես ու պապան այդպես սիրում էինք իրար: Դա կախված է, թե երեխան ինչ ապրումներ ունի այդ պահին, բայց որ պետք է ինչ-որ կերպ նրան բացատրություն տալ՝ դա հաստատ է»:
Մասնագետները գտնում են, որ սխալ է, երբ ծնողները այդ տհաճ պահին խուճապի են մատնվում, ամոթից թաքնվում ու երեխայի մոտ ցույց տալիս, որ իրենք ինչ-որ ամոթ բանով էին զբաղված: Ճիշտ չէ նաեւ լռելը եւ ձեւ թափելը, թե ոչինչ էլ չի պատահել: Դա ավելի շատ կոգեւորի երեխային, նա կսկսի իր հետաքրքրասիրությունը բավարարել երեւակայությամբ եւ շատ հնարավոր է, որ բոլորովին այլ պատկերացում ունենա, քան իրականում կա: Մարիա Թեւոսյանի դիտարկմամբ՝ «2-3 տարե
կան երեխան պետք է արդեն հասկանա, որ ծնողների միջեւ կա որոշակի հարաբերություն, զգացմունքներ, որոնք դեռ չեն կարող լինել փոքրիկների մոտ, որ դա միայն մեծահասակների համար է: Դեռահասության տարիքում ցանկալի է, որ ծնողներն արդեն զրուցեն նրա հետ այդ մասին, խոսեն, մի խոսքով՝ սկսեն սեռական դաստիարակությունը: Պետք է հանգիստ մոտենան երեխային ու ժպիտով ամեն ինչ բացատրեն, հակառակ դեպքում, եթե երեխային անտեսեն ու ցույց տան, թե ոչինչ չի պատահել, դա կհանդիսանա լրացուցիչ ոչ ադեկվատ ֆանտազիայի աղբյուր»:
Հաճախ, երբ երեխաները մեծանում են, ծնողները նրանց ննջասենյակն առանձնացնելուց հետո գիշերը իրենց ննջարանի դուռը փակում են, մինչդեռ մասնագետները գտնում են, որ դրանով երեխայի հետաքրքրասիրությունն են շարժում, փոքրիկը կսկսի մտածել, որ այդ սենյակում ինչ-որ արգելվող բան կա ու ավելի շատ կուզենա բռնացնել պահն ու ներս մտնել՝ տեսնելու, թե ինչ է այնտեղ կատարվում: Եվ հետո, եթե նույնիսկ երեխան ցույց էլ չտա, նա կարող է խիստ վիրավորվել ծնողներից, որ իրենից ինչ-որ բան են թաքցնում:
Շատ հայ ընտանիքներում, ինչպես հայտնի է, սեքսի եւ սեռական կյանքի թեման փակված է: Եթե նույնիսկ ծնողներն ընդունեն ու հասկանան, որ հոգեբանները ճիշտ են, դժվար է պատկերացնել անգամ, թե ինչպես պետք է սեփական երեխային բացատրեն, թե ինչ են անում գիշերը անկողնում՝ ինքն ու հայրիկը: Հոգեբանները կարծում են, որ հաճախ ծնողները չեն էլ կարող գլխի ընկնել, թե ինչ մտքեր կգան երեխայի գլխում, երբ նա տեսնի ծնողներին սեռական հարաբերության ժամանակ: Դրա համար երեխայի հետ զրուցելիս նախեւառաջ պետք է փորձել ճշտել, թե ի՞նչ է մտածում նա, ինչ տպավորություն է ստացել կամ ինչ է զգացել: Հնարավոր է, որ երեխան բացարձակ գլխի չի ընկել կամ իրեն չի հետաքրքրել այդ տեսարանը եւ ծնողների մեջ ընկնելն ու շնչակտուր բացատրությունները նրան կարող են շեղել: Հնարավոր է երեխան կարծել է, որ հայրը պարզապես մերսում է իր մայրիկին՝ այդքան բան:
Հաշվի առնելով, որ մեր հասարակության մի ստվար զանգված սոցիալական լուրջ խնդիրներ ունի եւ շատերի համար ճոխություն է մի քանի տարեկան երեխայի համար առանձին ննջասենյակ ունենալը, հոգեբանի համոզմամբ՝ պետք է ամեն ինչ անել՝ երեխային նման տեսարաններից հեռու պահելու համար: Ցանկալի չէ, որ երեխան մորը կամ հորը տեսնի մերկ: Որոշ հոգեբաններ այս առումով վստահեցնում են, որ հատկապես տղա երեխաները մերկ մորը տեսնելիս շատ ուժեղ զգացմունքներ են ունենում, սակայն Մարիա Թեւոսյանն այլ կարծիքի է. «երեխան պարզապես իրեն թերի ու աննշան է զգում՝ ավելի մեծ չափսի մարմին տեսնելիս, նա ուզում է մեծ լինել ու նմանվել ծնողներին, իսկ դա չի կարող հաճելի զգացում պատճառել երեխային»: