Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՄՇԱԿԵԼ

Փետրվար 10,2011 00:00

\"\"2011 թ. Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի համար գլխավորը աշնանը Փարիզում մեկնարկող աշխարհի առաջնությունն է, որտեղ էլ վերջնականապես որոշվելու է, թե Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում մեր երկիրը քանի՞ տղա եւ քանի՞ աղջիկ է ներկայացնելու:
Նախաօլիմպիական այս տարին հագեցած է նաեւ բոլոր տարիքային խմբերի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններով, որոնցից մեր մարզիկները վերջին տարիներին վերադառնում են մեդալների հարուստ ավարով: Դե, դրան սովորած հայաստանցի մարզասերներն էլ նոր ձեռքբերումների են սպասում: «Առավոտը» Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ ունեցած զրույցում պարզեց այս տարի նրանց առջեւ դրված խնդիրները եւ ծրագրերը:
– Պարոն Խաչատրյան, ի տարբերություն մյուս մարզաձեւերի, ծանրամարտում վարկանիշային են միայն օլիմպիական խաղերին նախորդող երկու տարիների աշխարհի առաջնությունները, որոնց արդյունքների հանրագումարով են օլիմպիական  ուղեգրերը (թիմային) բաշխվում: Ներկայիս դրությամբ ինչպե՞ս է տղաների եւ աղջիկների մասնակցության հեռանկարը:
– Անշուշտ հիշում եք, որ անցած տարի Անթալիայում մեր աղջիկները լավ հանդես եկան՝ նվաճելով նախնական առավելագույն՝ չորս տեղ: Հակառակ դրան, մեր նախանշած պլանները չիրականացրեց տղամարդկանց հավաքականը: Երկու ծանրորդ տապալվեց առաջին մրցաձեւում, որը մեր ընդհանուր թիմային հաշվարկին ոչինչ չավելացրեց, իսկ պոկում վարժությունում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Արա Խաչատրյանի՝ հրումում ստացած ցավալի վնասվածքը օդի պես անհրաժեշտ վարկանիշային միավորների նոր կորստի պատճառ դարձավ: Ի վերջո, մենք այստեղ էլ նախնական չորս տեղ ունեցանք (փաստացի՝ երեք ծանրորդով), ինչը տղաների պարագայում մեզ չի գոհացնում: Դրա համար էլ 2011-ի անելիքների ծրագիրը կազմելիս գլխավոր շեշտը դրել ենք Անթալիայում կորցրածն այս աշնանը հնարավորին չափով ետ բերելու վրա ու դրա համար անում եւ անելու ենք ամեն բան:
– Կոնկրետ ի՞նչ է նախատեսված:
– Նախ, որ ազգային հավաքականի մեր առաջին համարներին հատուկ նախապատրաստում ենք աշխարհի առաջնությանը: Այդ նպատակով ֆեդերացիան ու մարզչական խորհուրդը որոշել են, որ ապրիլի կեսին Կազանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը կմասնակցի ազգային հավաքականի երկրորդ կազմը: Ինչ վերաբերում է աշխարհի պատանիների (Պերու, մայիսի 8-14), աշխարհի երիտասարդների (Մալայզիա, հունիսի 30-ից հուլիսի 7), Եվրոպայի պատանիների (Լեհաստան, օգոստոսի 21-28), Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների (սեպտեմբերի 10-18) առաջնություններին, դրանց կմասնակցեն տվյալ տարիքային խմբերի մեր լավագույնները:
– Ձեր ակնարկած առաջին համարները հիմա ինչո՞վ են զբաղված:
– Աշխարհի չեմպիոն Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը հիմա Մոսկվայում ֆիզիոթերապեւտիկ կուրսեր են անցնում: Դա հետվնասվածքային վերականգնողական փուլ է, որը կավարտվի փետրվարի վերջին: Դրանից հետո նրանք կվերադառնան ու մարտից կներգրավվեն ուսումնամարզական հավաքների մեջ: Նազիկ Ավդալյանը եւ Առաքել Միրզոյանը նույնպես ապաքինվել են վնասվածքներից հետո եւ մարզվում են, աստիճանաբար մոտենում իրենց լավագույն մարզավիճակին:
– Ասացիք, որ Եվրոպայի առաջնություն մեկնելու է ազգային հավաքականի երկրորդ կազմը: Կազան մեկնողների անուններն արդեն հայտնի՞ են: Հաշվի առե՞լ եք, որ մարզասերները մեր ծանրորդներից մեդալներ են ակնկալում:
– Այո: Անցած տարվա պես մեդալներ, այդ թվում նաեւ՝ ոսկե, կարծում եմ, անպայման լինելու են: Միայն թե, հնարավոր է, որ այս անգամ դրանցից մի քանիսի գույները մի փոքր համեստ լինեն: Իսկ ինչ վերաբերում է ծանրորդների անուններին, նշածս մարզիկների բացակայությամբ մինչեւ հիմա մեր կազմակերպած ուսումնամարզական հավաքներին մասնակցել են մոտ տասներկու ծանրորդներ: Նրանք հավաքականի կազմում կշարունակեն մարզումները: Իսկ թե ո՞վ կմեկնի Կազան, մարզիչները կորոշեն փետրվարի 25-28-ը կայանալիք Հայաստանի առաջնության ժամանակ: Ասեմ նաեւ, որ այդ օրերին մարզասերները մրցահարթակում կտեսնեն մեր մյուս ճանաչված մարզիկներին՝ Գեւորիկ Պողոսյանին, Արթուր Բաբայանին, Հայկ Հակոբյանին, Սմբատ Մարգարյանին, ինչպես նաեւ հեռանկարային մի ամբողջ շարք երիտասարդ ծանրորդների:
– Այնուամենայնիվ, կբացատրե՞ք, թե ինչու եք որոշել մեր առաջատար ծանրորդներին այս տարի մինչեւ աշխարհի առաջնությունը «թաքցնել»:
– «Թաքցնել» ասածը ճիշտ ձեւակերպում չէ, բայց կպատասխանեմ՝ առանց փակագծերը մինչեւ վերջ բացելու: Որ այս տարի Կազանում անպայման հաղթելու համար պայքարել չենք պատրաստվում, տեղյակ պահել ենք ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ ստացել նրա համաձայնությունը: Սա, կարելի է ասել, 2011 թվականին մեր ֆեդերացիայի տակտիկական քայլերից մեկն է: Ելնելով այսօր ծանրամարտի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին մեր ձեռքի տակ եղած ինֆորմացիայից, նպատակահարմար ենք գտել, որպեսզի մեր առաջատարներն աշխարհի առաջնությանը նախապատրաստվեն երկու փուլով եւ փարիզյան մրցահարթակ մտնեն լավագույն մարզավիճակում: Բանն այն է, որ ավանդաբար ծանրամարտի գերտերություններ հանդիսացող երկրները՝ Չինաստանը, Թուրքիան, Ռուսաստանը, Բուլղարիան, Լեհաստանը, Կորեան, Թաիլանդը եւ այլն, Հայաստանի նման երկրներին, որոնք վերջին մի քանի տարիներին օլիմպիական խաղերում, աշխարհի ու մայրցամաքների տարբեր տարիքային խմբերի առաջնություններում իրենց համար անսպասելի հավասար պայքար են մղում ու որոշ դեպքերում էլ հաղթում են, ցանկանում են միջազգային պաշտոնական մրցումներում, եթե կարելի է ասել, ճնշել: Իսկ թե ի՞նչ մեթոդներով, դժվար չէ կռահել: Օրինակ, եվրոպական մի քանի երկրներ յուրաքանչյուր քաշային կարգում մի քանի գրեթե հավասարազոր ծանրորդներ ունեն: Չի բացառվում, որ նրանք, ասենք, Եվրոպայի առաջնությունում պայքարին այնպիսի ընթացք տան, որ դրան խառնվելը կարող է անցանկալի վնասվածքների հանգեցնել: Եվ եթե նրանք աշխարհի առաջնություն կկարողանան գործուղել մեկ այլ մարզիկի եւ պահանջված օլիմպիական ուղեգրերը նվաճել, մենք մեզ այդպիսի շռայլություն թույլ տալու եւ ուղեգրերի խնդիրը վտանգելու իրավունք չունենք:
– Տղաների քանի՞ ուղեգիրը ձեզ կգոհացնի:
– Անթալիայից առաջ պլանավորել էինք առավելագույնը՝ վեց: Սակայն երկու ծանրորդների ձախողումից հետո մեզ մնում է պայքարել գոնե հինգ վարկանիշի համար: Իսկ աղջիկների համար երեք-չորսը մեզ լիովին բավարարում է:
– Նախապատրաստության փուլում չլուծված հարցեր կա՞ն:
– Ոչ: Կառավարությունը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության միջոցով մեր ֆեդերացիային աջակցության անհրաժեշտ գումար հատկացրել է: Իսկ եթե ընթացքում ինչ-ինչ հարցեր են առաջանում, դրանք անմիջապես լուծում է պարոն Գագիկ Ծառուկյանը: Մեր ծանրորդները ոչ մի բանի պակաս չունեն:
– Եվ վերջին հարցը. Լոնդոնում ի՞նչ ակնկալիքներ ունեք:
– Բարելավել Պեկինի օլիմպիական խաղերի արդյունքները, գոնե մեկ օլիմպիական ոսկի նվաճել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել