Փետրվարի 11-ին Երեւանում կկայանա իտալական I Solisti Veneti նվագախմբի համերգը՝ Կլաուդիո Շիմոնեի ղեկավարությամբ: Նվագախումբը հայտնի է ողջ աշխարհում: Իր ավելի քան 50-ամյա պատմության ընթացքում այն մասնակցել է 5500 համերգների՝ աշխարհի 80 երկրներում: «Ես ուրախ եմ, որ այդ ցանկը կհամալրի I Solisti Veneti-ի ելույթը Հայաստանում, չէ՞ որ հայ հանդիսատեսը սիրում է իտալական արվեստը»,- «Արմինֆոյի» փոխանցմամբ՝ երեկվա ասուլիսում նշել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին: Նրա հավաստմամբ, երեւանյան համերգում կհնչեն Վիվալդիի, Ջոակինո Ռոսինիի, Տոմազո Ալբինոնիի, Ջուզեպե Տարտինիի եւ Ռիկարդո Դրիգոյի ստեղծագործություններից: Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկա համերգն իր ավանդը կներդնի մշակույթի ոլորտում՝ հայ-իտալական համագործակցության ամրապնդման գործում:
I Solisti Veneti նվագախումբը հիմնադրվել է 1959 թվականին: Անցած տարիներին նվագախումբը թողարկել է մի շարք հաջողված ալբոմներ, ինչպես նաեւ արժանացել է «Կյանքը երաժշտությունում» պարգեւին: