Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ ՃԱՆԱՊԱՐՀ՝ ԺԱՐԳՈՆԻՆ ԵՎ ՓՈՂՈՑԻ՞Ն

Փետրվար 10,2011 00:00

\"\" Մտավորականները մտահոգված են «Արարատ»  հեռուստաալիքի փակմամբ

Հունվարի 21-ից «Արարատ» հեռուստաալիքի հաճախականությամբ եթեր է հեռարձակվում Վեհափառի հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունը, ու մինչ այսօր «Արարատի» ստեղծագործական խմբերը հարկադիր պարապուրդի են մատնված, հաղորդումներն էլ եթեր չեն գնում: Այս վիճակը հարուցել է անվանի մտավորականների եւ արվեստագետների մտահոգությունը՝ չէ՞ որ մշակութային ալիք ունենալը նախագահի նախընտրական խոստումներից մեկն է եղել: Հիշեցնենք, որ նրանք նամակով դիմել էին ՀՀ եւ ԱԺ նախագահներին, վարչապետին, Հանրային խորհրդի նախագահին: «2011թ. հունվարի 21-ից «Արարատ» մշակութային հեռուստաալիքով, որը Հանրային հեռուստաընկերության երկրորդ կապուղին է, եթեր են հեռարձակվում ոչ պետական «Շողակաթ» հեռուստաընկերության հոգեւոր-եկեղեցական ծրագրեր: Նշված օրվանից դադարեցվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբերի մշակութային հաղորդումների ցուցադրությունը: Ուզում ենք ընդգծել, որ այդ հաղորդաշարերը պատրաստում էին հայկական հեռուստատեսության ստեղծագործական ավանդույթները շարունակող, պրոֆեսիոնալ, աշխատանքի տասնամյակների փորձ ունեցող, պետական մշակութային քաղաքականություն իրականացնող մարդիկ»,- ասված էր նրանց նամակում, որի տակ ստորագրածները ակնկալում էին, թե, իրենց ձեւակերպմամբ՝ սխալը կուղղվի: Որքանով տեղյակ ենք, «Արարատի» աշխատակազմին մինչ օրս որեւէ հիմնավոր բացատրություն չի տրվել, միակ մարդը, որի հետ հանդիպումը ինչ-որ առումով գոհացրել է, եղել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը: «Արարատցիներին», որոնց մեջ կան մինչեւ 40 տարվա վաստակ ունեցող պրոֆեսիոնալներ, զայրացնում է ինչ-ինչ մարդկանց այն պատճառաբանությունը, թե իբր «Արարատը» չի կայացել, իսկ դրա համար բուն պատասխանատուից ինչո՞ւ պատասխան չեն պահանջում: Եվ հիմա, երբ հեռարձակվում են «Շողակաթի» 2003, 2004, 2006, 2008թթ. հաղորդումները, արդյո՞ք դրանք բավարարում են մեր իրականության մեջ գոյություն ունեցող մշակութային պահանջարկը: Ի դեպ, «Շողակաթը» թերագնահատելու միտում ամենեւին չունենք, որովհետեւ այն իր հստակ ուղղվածությունն ունի, որին լավ ծառայում է: Խնդիրն ավելի բարդ է եւ միայն հեռուստաալիքի փակվելուն չի վերաբերում. տպավորություն է ստեղծվել, թե հարգարժան Վեհափառը մշակույթի հանդեպ արշավ է սկսել՝ թամանյանական շենքի ավերումը՝ Սուրբ Կաթողիկե եկեղեցու վերակառուցման աշխատանքների հիմնավորմամբ, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հանդեպ ոտնձգության փորձը, «Արարատ» հեռուստաալիքը… Մի՞թե «Հ1»-ի կարուսելներով, սիրո պատմություններով, «Աննա», «Հրեշտակների դպրոցը» եւ այլ սերիալներով են սերունդ դաստիարակելու եւ մշակույթի մարդ ծնելու:
«Արարատը» միակ ալիքն էր, որտեղ մշակույթի բուհերի շրջանավարտների ուժերն էին «իրացվում», նաեւ մերօրյա արվեստագետները ներկայացվում:
Երբ «Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ ինպե՞ս է լուծվելու «Արարատի» ստեղծագործական խմբերի եւ հաղորդումների ճակատագիրը, նա ասաց, որ հարցի հասցեատերը «Հ1»-ն է. «Դա պետք է Հանրայինին հարցնեք, որովհետեւ «Արարատի» աշխատակիցները Հանրային հեռուստատեսության աշխատակիցներն են, «Շողակաթինը» չեն: Մենք պատվերով հաղորդումներ ենք այնտեղ դնում, այնպես որ, հարցը ըստ հասցեի չի ուղղված: «Շողակաթը» հեռուստաընկերություն է, ալիքը պատկանում է Հանրայինին, որը էնտեղ հաղորդումներ էր դնում եւ այդ ալիքի անունը դրել էր «Արարատ»: Հիմա էդ ալիքի վրա «Շողակաթի» հաղորդումներն են դրվում՝ «Հ1»-ի պատվերով, իսկ թե այն աշխատակազմը, որին աշխատեցնում էր «Հ1»-ը եւ հաղորդումները դնում էր էդ ալիքի վրա, որտե՞ղ իրենց հաղորդումները կդնի, այս հարցով պետք է Հանրայինին դիմել: Ինչքան գիտեմ՝ իրենք կարծեմ արբանյակային ալիքի վրա դնում են դեռ «Արարատի» հաղորդումները»:
Նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը այն արվեստագետների թվում է, որ, ի պաշտպանություն «Արարատի», ստորագրել է «վերեւներին» ուղղված նամակի տակ: «Պետք է ուժեղացնել «Արարատը», ոչ թե պատճառաբանել, որ թույլ է: Ես հայկական ալիքները նայում եմ, իսկ նրանցից ո՞րն է ուժեղ որ… Ստիպված ռուսական «Մշակույթն» են նայում: Ախր հեռուստաալիք փակելն ամենահեշտ ճանապարհն է»,- ասաց նա ու հավելեց, որ ինքն ու մյուս մտավորականները մինչեւ վերջ պայքարելու են:
Մ. Սարյանի թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը ողջ թանգարանով միացել է «արարատյան» պայքարին, ասում է՝ դա միակ ալիքն էր, որն անդրադառնում էր ոչ միայն իրենց թանգարանին, այլեւ մշակութային բոլոր իրադարձություններին. «Մեր բոլորի բարոյական պարտքն է անարդարության առաջն առնելը, եթե այս երկրում մշակույթի մարդկանց խոսքը դեռ կարող է ինչ-որ բան փոխել, հույս ունենանք, որ կարող է»:
Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը եւս նեղսրտած է, ասում է՝ սերիալներն ու փողոցը եթեր են մտցրել, արժեքավոր ալիքն ու հաղորդումները՝ հանել. «Ամբողջ աշխարհը առաջ է գնում, մենք՝ հետ: Թե կարող էին, թող «Արարատն» ավելի հարստացնեին, փոքր երեխաները մեղք են, սերիալների հերոսների պես փողոցային ժարգոնով են խոսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել