Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ԵԳԻՊՏՈՍԻՆ ԿՈՉ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ

Փետրվար 10,2011 00:00

Միացյալ Նահանգները Եգիպտոսի կառավարությանը կոչ է արել անհապաղ չեղյալ անել երկրում հայտարարված արտակարգ դրությունը, դադարեցնել ձերբակալություններն ու լրագրողների ու ընդդիմության դեմ բռնարարքները:
BBC-ի մատուցմամբ, Վաշինգտոնի այդ դիրքորոշումը չորեքշաբթի հրապարակել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը՝ Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետ հեռախոսազրույցում: Բացի այդ, Բայդենը, որը գրեթե ամեն օր հեռախոսով շփվում է եգիպտացի իր գործընկերոջ հետ, նաեւ ասել է, թե Եգիպտոսը պետք է անհապաղ ձեւավորի երկրում առավել մեծ վստահություն վայելող կառավարություն:
ԱՄՆ-ն Եգիպտոսում ճգնաժամի հաղթահարման համար այդ երկրի իշխանություններին առաջարկել է նաեւ սահմանափակել ներքին գործերի նախարարության լիազորությունները, շարունակել ընդդիմության հետ երկխոսությունը եւ կազմել դեպի ժողովրդավարություն անցման հստակ ժամանակացույց:
Ընդսմին, Կահիրեի Թահրիր հրապարակում, նաեւ Ալեքսանդրիայում եւ երկրի այլ քաղաքներում Հոսնի Մուբարաքի պաշտոնանկության պահանջով շարունակվում են ընդդիմության բողոքի հարյուրհազարանոց ցույցերը: Ցուցարարները հրաժարվում են գնալ իշխանությունների առաջարկած փոխզիջումներին: Ցույցերը շարունակվում են՝ չնայած այն բանին, որ երկրի կառավարությունը հայտարարել է աշխատավարձերը եւ բյուջետային ոլորտի աշխատողների թոշակները 15 տոկոսով բարձրացնելու մասին, որի համար պետության գանձարանից կպահանջվի մոտավորապես 960 մլն դոլարի հատկացում: Բացի այդ, Եգիպտոսի իշխանություններն արդեն հայտարարել են հատուկ մարմին ստեղծելու մասին, որը սահմանադրական փոփոխություններ է առաջարկելու, նաեւ հետեւելու է բարեփոխումների ընթացքին: Եվս մեկ հանձնաժողով ստեղծվելու է առաջիկա օրերին: Այն, ըստ Եգիպտոսի փոխնախագահի, զբաղվելու է Մուբարաքի ընդդիմախոսների եւ կողմնակիցների միջեւ բախումների հետաքննությամբ եւ այդ առնչությամբ համապատասխան եզրակացություն է ներկայացնելու գլխավոր դատախազին:
Սուլեյմանը հայտարարել է, թե նախագահը հրամայել է դադարեցնել ընդդիմության նկատմամբ հետապնդումները:
Չորեքշաբթի օրը երկրի լրատվամիջոցներն արդեն հաղորդել են 34 քաղբանտարկյալի ազատ արձակման մասին: Բայց խոսքը այս դեպքում վերաբերում է այն քաղբանտարկյալներին, որոնք հունվարյան խռովությունների ժամանակ փախել էին բանտերից, ապա՝ ինքնակամ ներկայացել իրավապահներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել