Միայն օրերս իր անկախությունը հռչակած Հարավային Սուդանում, հենց նախարարության շենքում գնդակահարվել է գյուղական համայնքի զարգացման նախարար Ջիմմի Լեմի Միլլուն: Նրան սպանել է նախարարության վարորդը, որը հետո գնդակահարել է նախարարության շենքի մոտ կանգնած պահպանության աշխատակցին ու ապա ինքնասպան է եղել: Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավային Սուդանի բանակի ներկայացուցիչ Ֆիլիպ Ագուերին:
Հիշեցնենք, որ Հարավային Սուդանի՝ որպես նոր պետության, ձեւավորման մասին հայտարարվել էր երկուշաբթի օրը, այն բանից հետո, երբ հրապարակվել էին անկախության հանրաքվեի արդյունքները: Ըստ դրանց, հանրաքվեին մասնակցածների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել էր Հարավային Սուդանի անկախության օգտին: Նոր ձեւավորված պետության օրը այդ երկրում այսուհետեւ կնշվի փետրվարի 9-ին: Միջազգային հանրությունն ու կազմակերպությունները, նաեւ այն երկրները, որոնք հանդիսանում են 2005թ.-ին ստորագրված Սուդանի խաղաղ համաձայնագրի դիտորդները, ողջունել են Հարավային Սուդանում տեղի ունեցած հանրաքվեի վերջնական արդյունքները: Այդ մասին ասված է չորեքշաբթի օրը՝ Բրյուսելում հրապարակված նրանց համատեղ հայտարարությունում: Հարավային Սուդանի անկախությունը ճանաչելու մասին հայտարարությունը ստորագրել են ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Աֆրիկյան միությունը, Եգիպտոսի կառավարությունը, Քենիան, Զարգացման միջկառավարական աշխատակազմը, Իտալիայի կառավարությունը, Արաբական պետությունների լիգան, Նիդեռլանդները, Նորվեգիայի կառավարությունը, Ուգանդան, Մեծ Բրիտանիան: