Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՇԱՄԵԴԱԼ՝ ՌԱԶՄԻԿ ՎԱՍԻԼՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Փետրվար 10,2011 00:00

Օրերս Մոսկվայի տանը կայացավ տոնական միջոցառում՝ նվիրված Հայոց ազգային բանակի հիմնադրման 19-ամյակին: Միջոցառման կազմակերպիչներն էին «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական-բարեգործական, «Ազատագրում» հայրենասիրական եւ «Երիտասարդության կամք» երիտասարդական հ/կ-ները:
ՊՆ հասարակության եւ տեղեկատվության հետ կապերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Ֆելիքս Պողոսյանը իր ելույթում ասաց. «Բանակը ծանր ժամանակներում ձեւավորվեց եւ անցավ փառահեղ մարտական ուղի: Բանակը լուրջ խնդիր ու պարտք ունի իր ժողովրդի առջեւ, որը պատվով է կատարում: Հիմա զինադադար է, պատերազմը ավարտված չէ, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակն է: Եթե մեր հակառակորդը վստահ լինի, որ կարող է հաղթել հայոց բանակին, ապա նրա հոխորտանքները գործի կվերածվեն եւ նա կիրականացնի իր ագրեսորական նպատակները: Բայց մեր բանակը ամրացել է, մարզված է, զինված ժամանակակից սպառազինությամբ ու տեխնիկայով եւ պատրաստ է ջախջախել ագրեսոր հակառակորդին»: Միջոցառման ընթացքում եղան նաեւ հետմահու պարգեւատրումներ՝ «Հայոց արծիվներ» մեդալի արժանացավ ՀԱԲ-ի հրամանատար Ռազմիկ Վասիլյանը: Առաջին անգամ տրվեց նաեւ «Ռազմիկ Վասիլյան» անվանական մեդալ, որին արժանացավ հրամանատարի զինակից ընկեր, ազատամարտիկ-հազարապետ Ջուլիետա Գյունաշյանը, ով այդ առիթով «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մեդալների եւ պատվոգրերի շատ եմ արժանացել, բայց այս մեկը, որ իմ զինակից եղբոր եւ իմ հրամանատարի անունն է կրում, ինձ համար ամենահոգեհարազատն է, որի համար շատ հպարտ եւ ուրախ եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել