Դատախազն անձամբ այցելել ու բանակցության փորձ է արել Կիլինկարովի հետ
Սպանության մեջ մեղադրվող ազգությամբ հույն, ալավերդցի Արմեն Կիլինկարովի համար դատախազ Արմեն Շիրոյանը դատարանին միջնորդեց որպես պատիժ սահմանել ազատազրկում՝ 12 տարի ժամանակով:
Դատախազը նախաքննությամբ եւ դատաքննությամբ ապացուցված եւ հիմնավորված է համարում Ա. Կիլինկարովին ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը:
Ա. Կիլինկարովի պաշտպան Ռուբեն Հակոբյանը անհեթեթ է համարում մեղադրողի կողմից 12 տարի միջնորդելը, այն դեպքում, երբ ինքը՝ մեղադրողը նշեց, որ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
«Եթե պայմանականորեն ընդունենք, որ Ա. Կիլինկարովը կատարել է այդ հանցանքը, ապա որեւէ տրամաբանություն չկա պատիժը ծանրացնող հանգամանքների չլինելու դեպքում միջնորդել 12 տարի ազատազրկում: Այս հանգամանքը խոսում է նրա մասին, որ մեղադրանքի կողմը «մաքուր» չէ այդ գործով, վրեժխնդրության զգացումներով լցված է եղել, իսկ թե ինչու՝ չգիտեմ: Նման պատժաչափ ուզելը իրավաբանորեն չէ: Իմ պահանջը միանշանակ արդարացում է»,- պարզաբանում է պաշտպանը:
Արմեն Կիլինկարովն էլ շարունակում է պնդել, որ ինքը սպանության հետ կապ չունի, ավելին, ասում է, որ օրերս «Վանաձոր» ՔԿՀ՝ իրեն տեսնելու է գնացել Լոռու մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանն ու «բանակցություններ» սկսել հետը՝ «Եթե մեղքն ընդունես, նվազ պատիժ կտամ, եթե ոչ՝ առավելագույն խիստ պատիժ եմ տալու»:
«Եթե արած լինեի, կասեի՝ արել եմ: Ինձ հետ «պերեգավորի» էր եկել ՔԿՀ: Եթե ես մեղավոր եմ, ինչու ա ասում՝ վիզ առ, քիչ կուզենք: Եթե իրենք բավարար ապացույցներ ունեն, որ ես դա արել եմ, դատախազը չպիտի գար, ասեր՝ վիզ առ: 12 տարի են ուզում: Ինչ ա՝ ես «մանյակ-ուբիյցա» եմ, հա՞»: Ես ինչքան նստել եմ, 2 էդքան էլ կարամ նստեմ, ես պատժից չեմ վախենում: Էս սաղ իրանց սարքածն ա: Եթե օրենքով չկարողանամ էս հարցը լուծել, գնալու եմ իմ երկիր ու հրաժարվելու եմ ՀՀ քաղաքացիությունից»,- դատարանին վրդովված իր վերջին խոսքն էր ասում ամբաստանյալ Արմեն Կիլինկարովը:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրականի՝ 39-ամյա Արմեն Կիլինկարովը մեղադրվում է Ալավերդի քաղաքի բնակիչ Արսեն Շաքարյանին սպանելու մեջ:
Սրանից 10 տարի առաջ Արսեն Շաքարյանի եղբայրը դիտավորությամբ հրազենային վնասվածք էր պատճառել ամբաստանյալի եղբորը՝ Գագիկ Կիլինկարովին: Արմեն Կիլինկարովն էլ, պարզաբանումներ ստանալու նպատակով, մորեղբոր տղայի հետ մեքենայով գնացել է փնտրելու Ա. Շաքարյանի եղբորը: Սակայն ճանապարհին հանդիպել է հենց Արսենին ու նստեցրել մեքենան:
Մեքենայում վիճաբանության թեժ պահին իր մոտ գտնվող հրազենից ավտոմեքենայի մեջ կրակել է Արսեն Շաքարյանի որովայնին, ապա վերջինիս դիակը գցել Շեստակովի փողոցի երթեւեկելի մասում եւ դիմել փախուստի:
Նշված ավտոմեքենան որոշմամբ ճանաչվել է ապացույց եւ կցվել քրեական գործին: Հետագայում այն հանձնվել է այլ անձի:
«Իրեղեն ապացույցը մինչեւ քրեական գործով վարույթի ավարտը սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին վերադարձնելու օրենքով նախատեսված հիմքերը բացակայել են: Այդ հարցը պետք է որոշվեր միայն դատավճռով, ինչը չի կատարվել: Իրեղեն ապացույց ճանաչված հիշյալ ավտոմեքենան այս պահին չկա, իսկ եթե չկա, ինչպես պետք է դատարանը դատական ակտում նշի, որ իրավական հետեւությունների է հանգել նաեւ այդ իրեղեն ապացույցով»,- տարակուսում է պաշտպանը:
Պաշտպան Հակոբյանն ավելացնում է, որ նշված ավտոմեքենան խուզարկելիս նույնիսկ փորձ չի արվել, ըստ գործում առկա նյութերի, վերցնել մատնահետքեր, մազի հետքեր եւ այլն, որով կարելի էր պարզել՝ տուժողը այդ ավտոմեքենայում եղե՞լ է, թե՝ ոչ, ով է մեքենան վարել, արդյոք մեղադրյալը այդ ավտոմեքենայում եղե՞լ է, թե՝ ոչ:
«Դատախազության քննիչը սպանության գործով գնում է սպանության հնարավոր վայր՝ զննելու կամ խուզարկելու, եւ մատնահետքեր չի վերցնում: Այսինքն՝ նա չէր կարող չհասկանալ, որ դա պարտադիր է: Մատնադրոշմային փորձաքննության եզրակացություն չկա, որովհետեւ ձեռքի հետքերի նմուշներ չեն վերցվել, նույնիսկ նշված չէ, որ փորձել են վերցնել, բայց չի եղել կամ էլ հայտնաբերել են, տեսել են՝ իրենց ձեռք չի տալիս, եզրակացության մեջ չեն մտցրել»,-ասում է պաշտպանը:
Ա. Կիլինկարովը նշում է, որ Ռուսաստանում կալանքի տակ գտնվելու ժամանակ իրենից վերցվել են մատնահետքեր, մազի հետքեր եւ ուղարկվել Հայաստան:
«Երեւի գործով ստուգել են, տեսել են, որ իրենց ունեցածն ու Արմենի մատնահետքերը չեն համընկնում, այդպես էլ չեն արձանագրել»,- կարծիք է հայտնում պաշտպանը:
Մյուս իրեղեն ապացույցները առարկաներ են, որոնք, ըստ պաշտպանի, ձեռք են բերվել բացարձակ անօրինական, չթույլատրված մեթոդներով՝ առանց դատարանի համապատասխան թույլտվության: «Իսկ քանի որ ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ, դրանք չեն կարող օգտագործվել, հետեւաբար, իրեղեն ապացույց որպես այդպիսին չի կարող լինել»,- պարզաբանում է պաշտպանը:
Դատավճիռը կհրապարակվի 3 օրից: