Երեկ ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, Հարավ-արեւմտյան թաղամասում հայտնաբերել եւ ձերբակալել են մի երիտասարդի: Նա նախկինում ՀՀ Քրօրի 177-րդ հոդվածով դատապարտված (գողություն)՝ 29-ամյա Գեւորգ Բադալյանն է: Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ շահադիտական դրդումներով, պատվերով զուգորդված շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով):
2009թ. մայիսից Գեւորգ Բադալյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Իսկ նրա հանցակից երկու ընկերներին՝ Պետրոս Թեմիրյանին եւ Կարեն Դալլաքյանին 2010թ. ապրիլի 28-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2009թ. ապրիլի 25-ին, ժամը 20:00-ի սահմաններում, 1951թ. ծնված ԱՄՆ քաղաքացի, «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն Նազարեթ-Հագոփ Բերբերյանը (աջ նկարում) դուրս էր եկել իր բնակարանից (ք. Երեւան, Ամիրյան 5 շենք, բնակարան 3) եւ այլեւս չէր վերադարձել:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: Իսկ մի քանի օր անց քրեական գործը տեղափոխվել էր Երեւան քաղաքի քննչական վարչություն: Հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվում է օպերատիվ քննչական խումբ՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Օպերատիվ խումբը Բերբերյանին պատկանող «Տոյոտա» մակնիշի «Ջիպ» ավտոմեքենան հայտնաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Դրանից մոտ 20 օր անց Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում՝ ճամփեզրի ձորակում (Չայնիի ոլորանում) իրավապահները հայտնաբերում են Ն. Բերբերյանի դին՝ բռնության հետքերով:
Դիակի տեղն իրավապահներին ցույց էր տվել Բերբերյանի ընկերը՝ Պետրոս Թեմիրյանը: Քննությամբ պարզվել եւ հիմնավորվել էր, որ սպանությունը կատարվել էր խեղդամահ անելու եւ կետամին դեղամիջոց ներարկելու միջոցով: Այնուհետեւ հանցագործները՝ Պետրոս Թեմիրյանն ու Կարեն Դալլաքյանը (որին, ի դեպ, Նազարեթ Հագոփ-Բերբերյանի սպանության փաստով ձերբակալել են Մոսկվայում) հենց Բերբերյանի «Ջիպ» ավտոմեքենայով դիակը տեղափոխում են Երեւան-Սեւան ճամփեզրի ձորակ, թաղում այնտեղ, իսկ ավտոմեքենան Գեւորգ Բադալյանը տանում է օդանավակայան: Նրանք այդ քայլով փորձում էին ալիբի ստեղծել, որ Բերբերյանը մեկնել է արտերկիր: Ավտոմեքենան եղել էր լիովին սարքին, չթալանված, նույնիսկ գործի է դրված եղել անվտանգության ձայնաազդանշանային համակարգը:
Բադալյանը տեղափոխվեց ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Չի բացառվում, որ նրան դատապարտեն ցմահ ազատազրկման, ինչպես նրա երկու հանցակիցներին: