Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իտալիան էլի կօգնի

Փետրվար 10,2011 00:00

«Առավոտը» թե անցած տարի, թե այս տարի տեղեկացրել է, որ խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության արդյունքում մեծապես տուժել են Տավուշի, Լոռիի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում խոզաբուծությամբ զբաղվող գյուղացիները: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմել էր Իտալիայի դեսպանատուն՝ խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության դեմ պայքարի ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նոր նախարար Սերգո Կարապետյանին եւ ասել, որ հարցը քննարկման փուլում է եւ ամենայն հավանականությամբ կստանա դրական լուծում: Իտալիան արդեն մեկ միլիոն դոլար նվիրել է Հայաստանին, որով ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ իրականացվում է բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի ծրագիրը:
Դեսպան-նախարար հանդիպման ժամանակ Սերգո Կարապետյանը հյուրին տեղեկացրել է, որ Հայաստանն ու Իտալիան գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարուստ ու լայն փորձ չունեն, սակայն գինեգործության, պտղաբուծության եւ անասնաբուծության բնագավառներում մի շարք համատեղ ծրագրեր են իրականացվել: Դեսպանը հավաստիացրել է, որ Իտալիան թե պետական, թե գործարարների մակարդակով պատրաստ է Հայաստանին աջակցել, ուղղակի հարկ է գործարարներին տրամադրել Հայաստանի գյուղատնտեսության վիճակի եւ հնարավորությունների մասին տեղեկություններ: Չի բացառվում, որ ակտիվ համագործակցության նպատակով, բացի դիվանագիտական ներկայացուցչությունից, Հայաստանում բացվեն նաեւ առեւտրային եւ այլ տիպի կենտրոններ, հնարավոր է Հայաստանում հայ-իտալական առեւտրային պալատի ստեղծումը: Այս տարի Հայաստան կգան Իտալիայի Ֆրուլիա Վենեցիա Ջուլիա, Վենետո, Տոսկանա նահանգների պատվիրակությունները՝ քննարկելու երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ գյուղատնտեսության բնագավառում: Նշված նահանգներում զարգացած են խաղողագործությունը, պտղաբուծությունը, գինեգործությունը, օրգանական գյուղատնտեսությունը:
Սերգո Կարապետյանը առաջարկել է իտալացի մասնագետների հետ կազմակերպել գինու համտեսներ:
Նախարարը գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի 34-րդ կոնֆերանսին մասնակցելու նպատակով փետրվարի 19-22-ը մեկնելու է Հռոմ եւ, ամենայն հավանականությամբ, կհանդիպի նաեւ Իտալիայի գյուղատնտեսության քաղաքականության եւ ձկնաբուծության նախարարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել