Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀԱՑՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ

Փետրվար 10,2011 00:00

Գործարարները պնդում են, որ օլիգարխների մատը խառն է, իսկ մարզպետարանը հույսը դրել է համայնքապետարանների վրա

Ալյուրի թանկացումը անելանելի վիճակի մեջ է գցել հաց արտադրողներին: Օրեցօր թանկացող ալյուրը հերթական անգամ նոր գին է թելադրում հացամթերքի շուկայում: Անցած տարեվերջին, երբ հաց արտադրողները մեկ անգամ եւս ստիպված բարձրացրին ապրանքի գինը, հույս ունեին, որ դա վերջինը կլինի, քանի որ դրանից ավելի ձգելը սոցիալական ցնցման տեղիք կտար:
Այնուամենայնիվ, խուսափել հերթական գնաճից՝ հնարավոր չեղավ: Ճիշտ է, վերջին թանկացումից հետո որոշ հաց արտադրողներ իրենց պատրաստի արտադրանքի վրա դեռեւս բարձր գին չեն դրոշմել, բայց համոզված են, որ դա ժամանակավոր է: «Դեռեւս յոլա ենք գնում մեր եկամուտների հաշվին: Եթե մինչեւ մարտ չթանկացնենք, մենք ենք հայտնվելու ճգնաժամի մեջ»,- ասաց Էջմիածնի հացի փռերից մեկի հաշվապահ Կարինե Սիմոնյանը:
Եթե նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերի դրությամբ մեկ պարկ այլուրն արժեր 9200 դրամ, ապա այս տարի հաց արտադրողներն այն գնում են 11 300 դրամով: «1 կգ ալյուրից, որը մոտավորապես 224 դրամ է կազմում, 1 կգ 300 գրամ հաց ենք ստանում, այսինքն՝ 650 գրամանոց երկու հատ հաց: Եթե սրան էլ գումարում ենք թանկացած ձեթը, էլեկտրաէներգիայի արժեքը, աշխատավարձը, մեքենայի ծախսը, որով հացը մատակարարվում է խանութներ, արտադրողին գրեթե շահույթ չի մնում: Մի կերպ ինքնարժեքն ենք ապահովում»,- ներկայացրեց զրուցակիցս: Վերջինիս փոխանցմամբ՝ արտադրողները տուժում են նաեւ տարադրամի տատանումներից, որովհետեւ մատակարարներն ալյուրը վաճառում են դոլարի փոխարժեքին համապատասխան: «Եթե խոշոր արտադրողների դեպքում այդ տատանումները ֆինանսապես էական ազդեցություն չեն գործում, ապա մանր արտադրողներն այդ հարվածը զգում են նույնիսկ մեկ պարկի հաշվարկով»,- նկատեց Կարինե Սիմոնյանը:
Հաց արտադրողները նաեւ կարծում են, թե միջազգային շուկայում ցորենի գնի բարձրացման փաստը շահարկող տեղական օլիգարխիան էլ իր հերթին է գին բարձրացնում՝ մանր արտադրողներին այդ բիզնեսից աստիճանաբար դուրս մղելու նպատակով:
«Նոյեմբերին, երբ հացը թանկացավ, հաց գնողների թիվը թանկացման առաջին երկու օրը կրճատվեց: Գալիս-տեսնում էին գինը բարձրացել է՝ ջղայնանում-գնում էին: Մի երկու օր խռովեցին, հետո նորից եկան: Ի՞նչ անեն. չուտե՞ն: Նկատել եմ. նրանք, ովքեր օրը մեջ երկու հատ հաց էին առնում, հիմա մեկով են բավարարվում: Խիղճս տանջում է, բայց ես ի՞նչ կարող եմ անել. ես ընդամենը վաճառող եմ: Պատկերացնում եմ, որ էլի բարձրացնեն՝ խեղճ ժողովուրդը սովի կմատնվի»,- ասաց Էջմիածնի խանութներից մեկի աշխատակիցը:
Հացի կամայական գնաճի դեպքերը բացահայտելու նպատակով 2010 թ. նոյեմբերին Արմավիրի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը խանութներ կատարած շրջայցերի միջոցով փորձում է պարզել գների բարձրացման իրական պատճառները: Հանձնաժողովի նախագահ, փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանի փոխանցմամբ՝ նույն արտադրողի հացը մի խանութում էժան է վաճառվում, մեկ այլ խանութում՝ թանկ: «Արտադրողը դա բացատրում է փռից խանութ հեռավորությամբ: Եթե խանութը արտադրամասին մոտ է, հացն էժան գնով է տալիս, իսկ եթե հեռու է՝ տեղափոխման գինն էլ է մեջը հաշվում»,- պարզաբանեց փոխմարզպետը:
Մարզպետարանում ստեղծված հանձնաժողովը կամայական գնաճի զսպման մեխանիզմներ չունի, ոչ էլ ստանձնել է այդ գործառույթը: Իրենցը միայն չհիմնավորված թանկացման դեպքեր բացահայտելն ու այդ մասին համայնքների ղեկավարներին տեղեկացնելն է: «Համայնքապետարաններում առեւտրի բաժիններ են գործում, որոնք պարբերաբար վճարումներ են կատարում տեղական բյուջե: Կողմերը կարող են փոխհամաձայնության գալ եւ այնպես անել, որ արհեստական թանկացումներ չլինեն»,- նկատեց Դավիթ Սամսոնյանը:
Դատելով Արմավիր քաղաքում վաճառվող հացի գներից, կարելի է եզրակացնել, որ համայնքի ղեկավարությունը արտադրողների ու վաճառողների հետ դեռ լեզու չի գտել՝ այստեղ հացը թանկացել է ամենաքիչը 10 դրամով:
Իսկ Էջմիածնի հաց արտադրողները չեն էլ սպասել ղեկավարության միջամտությանը: «Առավոտի» տեղեկություններով, ավելի քան 15 փռերի տնօրեններ հավաքվել ու որոշել են առայժմ ձեռնպահ մնալ հացի գնի թանկացումից: Դա է պատճառը, որ Էջմիածնի խանութներում տեղական արտադրության հացը վաճառվում է դեռեւս անցած տարվա բարձրացրած գնով: «Մենք դա արել ենք մեր ժողովրդի մասին մտածելով: Առանց այդ էլ մի հարուստ սննդակարգով չեն ապրում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրանց հանապազօրյա հացին էլ կարոտ թողենք: Ճիշտ է, մենք էլ ծախսածածկ հազիվ ենք անում, բայց հացը աստղաբաշխական գնի հասցնելն էլ անաստվածություն ենք համարում: Անձամբ ինձ, որ օրական 7-8 պարկ այլուր եմ օգտագործում, այս պայմանները ձեռք չեն տալիս: Ավելի շուտ իմ եւ եւս մի քանի ընտանիքներ կերակրող բիզնեսից կհրաժարվեմ, քան մեկ անգամ եւս հացի գին կբարձրացնեմ»,- «Առավոտին» անկեղծացավ Էջմիածնի հաց արտադրող ընկերություններից մեկի ղեկավարը:

Հ. Գ. Փետրվարի 2-ին տեղեկացրել ենք, որ հացը թանկացել է ողջ Սյունիքի մարզում: Օրինակ՝ Կապանում 600 գրամանոց հացը վաճառվում է 240 դրամ, նախկին 210-ի փոխարեն: Սյունիքում էլ հացի որակի, քաշի եւ գնի վերահսկման նպատակով հանձնաժողով է ձեւավորվել, որը պարբերաբար կլինի մարզի խանութներում:
Իսկ Ղարաբաղում, ըստ «Մեդիամաքս» գործակալության, նախագահը եւ վարչապետը խորհրդակցություններ են հրավիրել գնաճի եւ հացամթերքի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահը ասել է, որ գնաճի միտումները բացասական ազդեցություն են ունենում բնակչության սոցիալական իրավիճակի վրա, վարչապետն էլ հավելել է, որ առկա հնարավորություններով եւ համաձայնեցված գործողություններով հարկավոր է կանխել հացամթերքի գների աճը: Ըստ ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարականի, փետրվարի 9-ից հացի գները պետք է վերականգնվեն նախկին մակարդակի վրա: Անհրաժեշտության դեպքում կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները վնասներ չկրեն՝ կսահմանվի ալյուրի առավելագույն գինը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի կանխել գնաճը, ցորենի արտահանումը ԼՂՀ-ի սահմաններից դուրս՝ արգելված կլինի մինչեւ ընթացիկ տարվա բերքահավաքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել