Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԻՍՏԸ ՁԱԽՈՂՎԵՑ, ՀԱՋՈՐԴԸ՝ 2 ԱՄԻՍ ՀԵՏՈ

Փետրվար 10,2011 00:00

Տավուշի մարզկենտրոն Իջեւանի քաղաքապետարանում ձեւավորված վիճակի մասին «Առավոտը» գրել է՝ սկսած 2009 թվականից. «Իջեւանյան օրերի խրոնիկա»՝ 2009-ի փետրվար, «Քաղաքապետը հաղթեց»՝ 2009-ի նոյեմբեր, «Իջեւանյան կրքեր»՝ 2010-ի մայիս եւ այլն: Պատմությունը սկսվում է 2008 թվականից:
2008 թվականի հոկտեմբերի 6-ին Իջեւանի ավագանու 13 անդամներից 8-ը անվստահություն հայտնեցին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Դրանից հետո, ավագանու նիստերին անհարգելի բացակայության պատճառաբանությամբ, քաղաքապետը վաղաժամկետ դադարեցրեց այդ 8 անդամներից 5-ի լիազորությունները: Վերջիններս, համաձայն չլինելով Վարուժան Ներսիսյանի որոշմանը՝ դիմեցին վարչական դատարան, սակայն հաջողության չհասան: 2010թ. աշնանը ավագանու վերոհիշյալ 8 անդամներից մնացյալ 3-ը ինքնակամ հրաժարական տվեց: Ավագանու մեկ այլ անդամ էլ մշտական բնակության վայրը փոխելու՝ Երեւան տեղափոխվելու կապակցությամբ դեռեւս 2009-ի դեկտեմբերի 16-ին էր հրաժարական տվել: Սակայն ավագանու անդամի լիազորություններից հրաժարված այդ 4 անդամների հրաժարականի դիմումներին օրենքով նախատեսված ընթացք չի տրվել: Իջեւանի ավագանու վերջին նիստը կայացել է դեռեւս 2009թ. դեկտեմբերի 21-ին: Այդ նիստում հաստատվել էր քաղաքի 2010թ. բյուջեն: Տարի եւ երկու ամիս անց՝ 2011թ. փետրվարի 9-ին հայտարարված էր համայնքի ավագանու նիստ: Սակայն այն չկայացավ, որովհետեւ ներկայացել էին ավագանու ընդամենը 2 անդամ՝ քաղաքապետի եղբայրը՝ Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Հրաչ Ներսիսյանը, եւ քաղաքապետի քարտուղարուհու քույր Նարինե Գրիգորյանը: Վարուժան Ներսիսյանը հայտարարել է, որ մտադիր է երկու ամսից նորից ավագանու նիստ հրավիրել: Տավուշի մարզկենտրոն Իջեւանն այս ընթացքում առանց բյուջեի է ապրելու: Իջեւանում առկա ճգնաժամը վաղուց կարիք ունի հանգուցալուծման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել