Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սյունիքը բժիշկների կարիք ունի

Փետրվար 10,2011 00:00

Սյունիքի մարզպետարանի յոթ վարչությունները, վեց բաժիններն ու չորս ծառայությունները ամփոփել են 2010 թվականը: Պարզվել է, որ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը 2010 թվականին թերացել է անասնագլխաքանակի հաշվարկման հարցում՝ ներկայացված թվերը չեն համապատասխանում իրականությանը: Նաեւ անհրաժեշտ աշխատանքներ չեն տարվել բնապահպանության բնագավառում: Իսկ գյուղատնտեսության համար տարին շատ անբարեհաջող էր: Ըստ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի՝ 2010թ.-ին գարնանային ցրտահարությունը, կարկտահարությունը, երկարատեւ անձրեւները, ջերմաստիճանի կտրուկ իջեցումը բացասական ազդեցություն են թողել գյուղատնտեսական մթերքների արտադրության վրա: Մարզի բոլոր համայնքներում գյուղացիական տնտեսությունները եւ ֆերմերները կրել են զգալի՝ մոտ 1,37 միլիարդ դրամի վնասներ: Փտախտի, սնկային եւ ժանգային հիվանդությունների հետեւանքով աշնանացանի ցանքատարածություններին հասցվել է 774 միլիոն, պտղատու այգիներին՝ 467,5 միլիոն, նորատունկ այգիներին՝ 130,3 միլիոն դրամի վնաս: Գեղիի ջրամբարի վթարի հետեւանքով Լեռնաձորի համայնքի Թավշուտ եւ Բարիկավան բնակավայրերի ցանքատարածություններին հասցվել է 8,4 միլիոն դրամի վնաս, խոզերի աֆրիկական ժանտախտի եւ հավերի ժանտախտի հասցրած վնասը կազմել է 68,9 միլիոն դրամ:
Աշխատանքներ եւ անելիքներ կան ոչ միայն գյուղատնտեսությունում: Առողջապահության ոլորտում հսկողության կարիք ունեն մանկական մահացության դեպքերը: «Փաստեր կան, որ նորածին երեխաներ են մահանում, բայց ոչ մի անգամ բժշկին պատասխանատվության չեն ենթարկել»,- նշեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: 2010 թվականին մարզում արձանագրվել էր 0-1 տարեկան երեխաների մահացության 17 դեպք: Անցած տարի մարզում 1664 երեխա է ծնվել, ծնունդների աճ գրանցվել է Գորիսում, իսկ Կապանում ու Սիսիանում ծնունդները նվազել են, Մեղրիում պահպանվել են նույնությամբ: Առողջապահության բնագավառում 2010 թվականին Սյունիքում դրական տեղաշարժեր են եղել. բժշկական կենտրոնների նորոգում, բուժսարքավորումներով հագեցում: Այս տարվա համար էլ նախատեսված են Մեղրու եւ Կապանի հիվանդանոցների հիմնանորոգումներ: Բայց շարունակվում են բաց մնալ բժիշկների պակասի եւ սարքավորումների բացակայության խնդիրները: Սյունիքը 50 բժիշկ մասնագետի կարիք ունի: Մարզպետարանում գտնում են, որ անհրաժեշտ է ուղեգրերով բուհեր գործուղված երիտասարդներից պահանջել վերադառնալ ու մարզում աշխատել: Իսկ մինչ այդ, մարզի բնակիչները ստիպված են լինում որակյալ բուժում ստանալու կամ վիրահատվելու համար հասնել մայրաքաղաք:
Ուշադրության են արժանի նաեւ գյուղական ամբուլատորիաները: Սյունիքի մարզպետարանում որոշել են տարեկան մի քանի անգամ այցելել գյուղական ամբուլատորիաներ: Սոցիալական ոլորտի պատասխանատուներն էլ եռամսյակը մեկ կայցելեն բազմազավակ ընտանիքներին եւ հնարավորության սահմաններում կաջակցեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել