Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՑԻ ՆՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Փետրվար 10,2011 00:00

\"\"Հայ ներկրողներին ամեն օր ցորենի նոր գներ են առաջարկում

«Հերթական պատուհասն է թակել մեր ժողովրդի դուռը՝ հացը թանկացել է մինչեւ 20 դրամով, ինչը ամսական կտրվածքով ընտանեկան բյուջեի վրա մեծ ծանրաբեռնվածություն է»,- հացի գների վերջին թանկացումներով մտահոգված՝ ահազանգում է սպառողների շահերի պաշտպան Արմեն Պողոսյանը: Ցորենի ներկրմամբ զբաղվող «Մանչոգրուպ» ընկերության տնօրեն Իվան Մոսոյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցնում է, թե 10-20 դրամով հացի գների բարձրացումը շատ չնչին է, այն դեպքում, երբ գների կրկնակի բարձրանալու վտանգն ավելի մեծ էր. «Միջազգային շուկաներում ցորենի գները շարունակում են ավելի արագ աճել: Ամեն օր նոր գներ են մեզ առաջարկում: Եթե մեկ տոննա ցորենը երկու ամիս առաջ գնում էինք $300-350-ով, հիմա գնում ենք $550-ով: Այսինքն՝ հացի գները դեռ լավ է, որ 10-20 դրամով բարձրացան, իրականում շատ ավելի պետք է թանկանային: Աշխատում ենք՝ գները պահենք, մինչեւ տեսնենք՝ ինչ-որ մի բան կլինի՞, իսկ այդ ինչ-որ մի բանը միանշանակ թանկացումն է լինելու: Առաջիկայում հացի գները պետք է թանկանան, ոչ թե, որ այդպես է պետք, այլ, որ մենք՝ ներկրողներս, կարողանանք վերարտադրել ցորենի ներկրումը: Թանկացումները շատ բարձր չեն լինի, հնարվոր է 10-20 դրամով»: Նրա խոսքով, ցորենի շուկան շատ անկանխատեսելի է, բայց. «Ցորենի հարցում լավ հեռանկարներ չկան: Աշխարհում ջրհեղեղներ ու փոթորիկներ են տեղի ունենում: Հայաստանում ահագին ժամանակ ձյուն չեկավ, ու աշնանացան ցորենը, փաստորեն, ցրտահարվել է, ու բավականին մեծ քանակությամբ ցորեն արդեն գոյություն չունի: Աշխարհում էլ նույն միտումներն են»: Պարոն Մոսոյանը վստահեցնում է՝ Հայաստանն այսօր ամենաէժան ալյուր վաճառող երկիրն է՝ ցորեն չարտադրող երկրների շարքում. «Ցորենի գնման ու ալյուրի վաճառքի գները իրար չեն համապատասխանում: Ալյուրը վաճառում ենք շատ ավելի էժան, քան ցորենի ինքնարժեքն է: Մեկ պարկ ալյուրը մեզ մոտ եւ Վրաստանում $31 արժե, այն դեպքում, երբ, ի տարբերություն վրացիների, ցորենն ալյուրի վերածելու համար մոտ $30-40 լրացուցիչ ծախս ենք կատարում: Տեսեք՝ ինչ քրտնաջան ենք աշխատում, որ կարողանանք բնակչության համար ցածր գներ ապահովել»: Նրա խոսքով, այնքան քրտնաջան են աշխատում, որ բնակչության շահն էլ իրենց շահից գերադաս են համարում. «Ո՞ւր մնաց շահույթը, շահույթ չկա: Այսօր վնասով ենք աշխատում: Անընդհատ այս հարցը բարձրացնում ենք կառավարությունում, որ դեմն առնեն: Եթե անընդհատ վնասով աշխատենք, բնականաբար, վաղը, մյուս օրը ի վիճակի չենք լինի ցորեն ներկրել, եղած պաշարներն էլ ամբողջությամբ կսպառվեն, կհայտնվենք փաստի առաջ»:
Անդրադառնալով կառավարության՝ Հայաստանը ցորենի ինքնաբավ երկիր դարձնելու ծրագրերին, պարոն Մոսոյանն ասաց. «Այն հողը, որը պատրաստ չի ցորեն տալու, չի կարելի ստիպել, որ անպայման ցորեն ցանեն ու ցորեն ստանան: Մենք շատ քիչ ցորենի ցանքատարածություններ ունենք, որը մեզ տարեկան կարող է ապահովել մոտ 100 հազար տոննա ցորենով: Խորհրդային տարիներին էլ շատ չէր՝ տարեկան պարենային ցորենի արտադրությունը մեր երկրում 60-70 հազար տոննայի չափով էր: Եթե այսօր գյուղացին ավելի շատ է ցորեն ստանում, դա միայն իր քրտնաջան աշխատանքի ու վնասների հաշվին է: Ավելի նպատակահարմար է, որ մրգի, բանջարեղենի մշակությամբ զբաղվեն, դրանցից ստացած եկամտով կարելի է ավելի շատ ցորեն առնել, քան թե նույն հողերում ցորեն ցանել: Գյուղացին ո՛չ փող ունի, ո՛չ սելիտրա, ո՛չ էլ սերմացու»: Պարոն Մոսոյանն ասաց, որ արդեն երկար ժամանակ է՝ ուկրաինական ցորենին են սպասում, բայց դեռ ոչ մի գրամ չեն ստացել: Չնայած սրան, ցորեն ներկրողը վստահեցնում է՝ Հայաստանն այսօր ցորենի պակաս չունի. «Փառք Աստծո, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ մենք ունենք ցորենի բավականաչափ պաշարներ՝ մի երեք ամսվա պաշար հաստատ ունենք: Դեռ չեմ ասում, թե ցորենի ներկրման ինչքան պայմանավորվածություններ կան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել