Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անտառը կկերակրի

Փետրվար 10,2011 00:00

Եթե անտառ մնա

Եթե մտածում եք, որ ֆրանսիացիները օղի թորելու գործում հայերից լավն են, ապա սխալվում եք: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բնության հարստությունը սերունդներին» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Շախկյանը: Ֆրանսիացիներից ոչ պակաս «օղի թորելու» մեր հնարավորությունները, ըստ պարոն Շախկյանի՝ բնությունից է տրված: Օրինակ, նա առաջարկում է անտառի մրգերից բրենդային օղի պատրաստել, ինչպես ֆրանսիացիք են պատրաստում վայրի խնձորից: Հ/կ-ի նախագահը երեկ կազմակերպված ասուլիսում հայտնեց, որ բնապահպանական եւ գյուղատնտեսական նոր ծրագիր է մշակել, ըստ որի՝ օգտագործելով բնության բարիքները, հնարավոր է մոտ 6 հազար աշխատատեղ բացել. «Եթե, ասենք, համակցված կերերի գործարան կառուցվի, ապա անտառից կաղինը կբերենք, կաղանք ու կօգտագործենք համակցված կերերի մեջ, ամարանդ կոչվող բույսերն էլ կարելի է նույն կերերի մեջ օգտագործել: Դա եւ էժան է լինում, եւ նորմալ կոմբիկեր է դառնում»:
Ըստ Ռ. Շախկյանի ծրագրի՝ բնությունից օգուտ քաղելու առաջարկներից մեկն էլ գյուղերում մրգեր եւ հատապտուղներ ընդունելու կետեր բացելն է. «Մարդը հավաքում է մորի կամ չիչխան, որը 150 դրամով տալիս է մեկ ուրիշին, վերջինս էլ 300 դրամով տալիս է գործարաններին: Գյուղացու համար անտառից բերքը շալակած բերելը հոգնեցուցիչ է: Գյուղացիները չեն կարողանում այնքան մոշ, չիչխան կամ մալինա բերել, որ բավարարեն պահանջարկը: Այ, եթե գործարարները կամ մեկ այլ կազմակերպություն ներգրավվի այս ծրագրի իրականացման գործում, ապա հատապտուղների կամ մրգերի ընդունումն ավելի արդյունավետ կկազմակերպվի: Շատերին թվում է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելով՝ քիչ վաստակ կունենան: Բայց բոլոր անցումային շրջանում եղած պետություններն իրենց մեջքը շտկել են հենց նմանատիպ ծրագրերով ու գյուղատնտեսությամբ»:
Ասուլիսին խոսվեց նաեւ անտառհատման խնդիրների մասին: Հանրային խորհրդի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանն էլ հայտարարեց, որ երեկվանից մեկնարկել է «Կանաչների շարժում» ծրագիրը, որի նպատակն է վերականգնել հանրապետության կանաչ տարածքներն ու ստեղծել նոր կանաչ տարածություններ: Պարոն Առաքելյանի խոսքերով՝ «Մենք կարեւորությունը տալիս ենք բարոյական կողմին, պետք է բնասեր սերունդ մեծացնել»: Մեր այն դիտարկմանը, որ մինչեւ բնասեր սերունդը մեծանա՝ անտառ չի մնա, պարոն Առաքելյանն ասաց. «Տնտեսությունները պետք է պայքարեն ապօրինի հատումների դեմ: Իսկ շարժումով հսկողությունը կշատանա, ձեռքները շատ ազատ չեն լինի, վախ կունենան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել