Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ ՆՎԱՃԵԼ

Փետրվար 10,2011 00:00

Մեկն աշխարհի չեմպիոն է դառնալու, մյուսը՝ երգչուհի, երրորդն էլ՝ դերասանուհի: Սակայն նախեւառաջ այս երեխաներին տարրական խնամք եւ սնունդ է պետք:
\"\"

\"\"
Սիլվան կենտրոնի սաներից է:

«Երբ 4 տարի առաջ հայրս մահացավ, կենտրոնի աշխատակիցը միջնորդեց, որ ընդունվեմ այնտեղ, քանի որ սոցիալապես անապահով էինք ապրում: Ես այն ժամանակ գիշերօթիկ դպրոց էի գնում, մնում էի այնտեղ, բայց երազում էի միջնակարգ դպրոց հաճախել, կենտրոնի աշխատակիցների միջնորդությամբ այդ երազանքս իրականացավ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես սկսեց իր պատմությունը Գյումրիի ցերեկային հոգածության կենտրոնի 15-ամյա սան Սիլվան: Նրա կյանքն ամբողջովին փոխվել է, երբ սկսել է հաճախել այս կենտրոն, որտեղ նրա մասին հոգ են տանում դասերից հետո, իսկ երեկոյան նա վերադառնում է իրենց տուն՝ մոր եւ եղբոր մոտ. «Մայրս աշխատում է իմ դպրոցում որպես պարեկ: Նրա աշխատավարձը մեզ մասամբ է բավարարում կենցաղային ծախսերի համար, շատ հարցերում մեզ կենտրոնն է օգնում՝ հագուստ է տալիս, տեղում սնվում ենք: Հոգեպես էլ են ինձ օգնում»:
Սիլվան ձայնային լավ տվյալներ ունի, հենց դա հաշվի առնելով էլ կենտրոնի ղեկավարությունը միջնորդել է, որ նա ընդունվի Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի հենակետային վարժարան եւ սովորի բոլորովին անվճար: «Հաճախում եմ սոլֆեջիոյի, ժողովրդական երգեր եմ երգում: «Կռունկն» եմ շատ սիրում: Ուզում եմ դառնալ հանրաճանաչ երգչուհի, որ բոլորը տեսնեն եւ հպարտանան ինձնով, նաեւ հայրս, քանի որ նա էր ուզում, որ ես երգչուհի դառնամ»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
8-ամյա Գեւորիկն ապրում է տատի հետ: Ցերեկը, քանի դեռ տատն աշխատում է, Գեւորիկը ցերեկային հոգածության կենտրոնում իր դասերն է սովորում, հեռուստացույց նայում: Գեւորիկի խոսքերով. «Տատիկս 200 դրամով ավտոբուս է լվանում: Կենտրոնում ինձ շատ են օգնում, շոր ու կոշիկ են տալիս, Նոր տարուն էլ խաղալիքներ նվիրեցին: Գիմնաստիկայի եմ գնում, լավ եմ պարապելու, որ դառնամ աշխարհի չեմպիոն»:
Գոհարը, որը նույնպես այս կենտրոնի այցելուներից է, առանձնապես երազանքներ չունի, քանի որ ինչի մասին երազում է, միեւնույն է՝ չի իրականանում: Այդ է պատճառը, որ այստեղ հաճախող երեխաները սկսում են այս կամ այն դերասանի հետ հանդիպում ունենալու մասին երազանքներ պահել, ինչի իրականանալու հավանականությունը մեծ է: Կենտրոնի տնօրինությունը ընդառաջ է գնում եւ, ասենք՝ հայկական սերիալների հերոսների ու իրենց սաների հետ հանդիպում կազմակերպում: Գոհարի խոսքերով. «Հիմա տենց մեծ երազանք էլ չունեմ: Միայն մտածում եմ, որ մեծանամ անպայման գալու եմ Երեւան, որպեսզի դերասանուհի դառնամ»: Նա ապրում է մոր հետ. «Մաման պապայից բաժանվել է, ես նրան երբեք չեմ տեսել: Հիմա ինքն ընտանիք եւ երեխաներ ունի, որոնց հետ ընդհանրապես չեմ շփվում: Հորս հետ էլ չեմ ուզում շփվել, ինքն ինձ համար ոնց որ սովորական մարդ լինի, ճիշտ է, ինձ չի վիրավորել, բայց այն, որ նա իմ մամայի կողքին չէ, դրանից ես նեղվում եմ»:
Գոհարիկի ընտանիքն ապրում է ամսական 19500 դրամ նպաստով, արդեն 6-7 տարի է՝ էլեկտրաէներգիա չունեն, իրենց կերակուրը պատրաստում են փոքրիկ գազի բալոնի վրա:
Ներկայումս Գյումրիի ցերեկային կենտրոնում խնամք է ստանում 100 երեխա:
Նրանցից ոմանք բռնության ենթարկվածներ են, ծնողների կողմից անտեսվածներ, սոցիալապես անապահովներ եւ ծնողազուրկ երեխաներ: Կենտրոնի փոխտնօրեն Կարինե Գրիգորյանի ներկայացմամբ, եթե անգամ տեղ չեն ունենում, փորձում են իրենց դիմած երեխաներին ինչ-որ բանով օգնել. «Ամեն դեպքում, եթե համապատասխանում է մեր չափորոշիչներին, մենք փորձում ենք տեղավորել մեզ մոտ: Աշխատանքներ ենք տանում նաեւ ընտանիքների հետ, փորձում ենք նվազագույնի հասցնել խնդիրը: Երեխայի հետ աշխատում է բազմամասնագիտական խումբը, որում ընդգրկված է մանկավարժ, հոգեբան, սոցիալական աշխատող, բժիշկ, իրավաբան: Կախված երեխայի խնդրից եւ դրա լուծման բարդությունից, եզրակացություն է կազմվում եւ ըստ դրա էլ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Հիմնականում կանխարգելման աշխատանքներ են տարվում»: Երեխաներն այստեղ են հայտնվում կենտրոնի բազմամասնագիտական խմբի, ինչպես նաեւ դպրոցների, պոլիկլինիկաների եւ անհատների ուղղորդմամբ:
Նշենք, որ կենտրոնն էլ իր հերթին բազմաթիվ խնդիրներ ունի: Այստեղ կան առողջական խնդիրներով երեխաներ, որոնց բուժումը պետք է մայրաքաղաքում կազմակերպել, սակայն, ըստ փոխտնօրենի, երեխաների տեղափոխման համար անհրաժեշտ գումար չկա. «Գյումրիում էլ համապատասխան մասնագետներ չկան: Բացի այդ, մեր շենքը փոքր է: Հովանավորներ էլ ժամանակ առ ժամանակ լինում են, բայց հիմնական ծախսերը պետության վրա են՝ սնունդի, հագուստի: Հագուստն էլ շատ չէ, ձմեռային է լինում եւ սեպտեմբերի 1-ին նախապատրաստվելու համար գրենական պիտույքներ ու պայուսակներ ենք ստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել