Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՉԻ ՍԿՍՈՒՄ ԵՎ ՎԵՐՋԱՆՈՒՄ ԿԱՇԱՌՔՈՎ

Փետրվար 10,2011 00:00

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն ամփոփեց 2010 թվականը: Ներկայացնենք մի հատված նրա զեկույցից:

2010թ. ընթացքում հատուկ քննչական ծառայությունը իր վարույթում քննել է 214 քրեական գործ՝ նախորդ տարվա 198-ի դիմաց:
Վարույթում քննված քրեական գործից՝

I. 89-ը՝ 165 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (նախորդ տարվա 71 գործի՝ 125 անձի դիմաց, այսինքն՝ 18 գործով, 40 անձով ավելի):
Դատի տրված 165 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 76-ը, իսկ 89-ի նկատմամբ կիրառվել է կալանքի հետ չկապված խափանման միջոց:
II. Կարճվել է 25 քրեական գործ (անցյալ տարվա 35 գործի դիմաց), որոնցից 15-ը՝ արդարացման, 10-ը՝ ոչ արդարացման հիմքերով:
Ավարտված 114 (դատարան ուղարկված՝ 89, կարճված՝ 25) քրեական գործից 53-ը քննվել է երկամսյա, 61-ը՝ 2 ամսից ավելի ժամկետում, որոնցից 44-ը՝ 2-4 ամսվա, 8-ը՝ 4-6 ամսվա, 9-ը՝ 6 ամսից 1 տարի ժամկետում:
Ավարտված քրեական գործերով պատճառված 62.893.437 դրամ վնասից նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 33.460.000 դրամ կամ 53.2 տոկոսը:  
Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քրդատօրի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 21 միջնորդագիր՝ նախորդ տարվա 15-ի դիմաց:
III. 10 քրեական գործի նախաքննությունը կասեցվել է, որից 6-ը՝ քրեական պատասխանատվության ենթակա անձի պարզված չլինելու, 2-ական՝ մեղադրյալի՝ քննությունից թաքնվելու եւ անհաղթահարելի ուժի առկայության պատճառով:
IV. Միացվել է վարույթում եղած քրեական գործերին՝ 10-ը:
V. Ուղարկվել է ըստ ընդդատության՝ 49-ը:
VI. Անավարտ է մնացել՝ 31 քրեական գործ:

ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Վարույթում եղած քրեական գործերից 122-ը վերաբերել են իրավապահ մարմինների աշխատակիցների կամ նրանց հանցակցությամբ կատարած հանցագործություններին, որոնցից 69-ը՝ 126 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, կարճվել է 20-ը, կասեցվել՝ 3-ը, միացվել՝ 8-ը, մնացել է անավարտ 22-ը, այդ թվում՝
– 64-ը վերաբերել է ոստիկանությանը, որոնցից 34-ը՝ 62 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, կարճվել է 10-ը, կասեցվել՝ 3-ը, միացվել՝ 5-ը, մնացել է անավարտ 12-ը,
– 22-ը՝ քրեակատարողական հիմնարկներին, որոնցից 17-ը՝ 32 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, կարճվել եւ մնացել է անավարտ՝  2-ական, միացվել է 1-ը,
– 16-ը՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, որոնցից 5-ը՝ 12 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, կարճվել եւ միացվել է 2-ական, մնացել է անավարտ 7-ը,
– 9-ը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, որոնցից 7-ը՝ 6 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, կարճվել է 2-ը,
– 6-ը՝ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը, որոնցից 5-ը՝ 8 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, 1-ը մնացել է անավարտ,
– 5-ը՝ ԴԱՀԿ ծառայությանը, որոնցից 1-ը՝ 1 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, կարճվել է 4-ը:

Ավարտված քրգործերից ուշագրավ են
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանի եւ նրա տեղակալ Արսեն Պետրոսյանի նախնական համաձայնությամբ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Հրանտ Ավագյանից 5 միլիոն դրամ կաշառք ստանալու, Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչ Վլադիմիր Կոթոլյանի կողմից Հովհաննես Գեւորգյանից 4000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանի կողմից «ԱրմենՏել» ՓԲԸ անվտանգության աշխատակից Վիգեն Չիլինգարյանի օժանդակությամբ քաղ. Ռոբերտ Լայիշյանից 3.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կանանց տեղամասի պետ, փոխգնդապետ Կարինե Համբարձումյանի կողմից դատապարտյալ Արեւհատ Սարգսյանից 23.800 դոլար կաշառք ստանալու, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկաններ Եղիա Հովհաննիսյանի եւ Վահե Նազարյանի նախնական համաձայնությամբ ամբաստանյալ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Քաջիկ Դավթյանից 20.000 դրամ որպես կաշառք պահանջելու եւ ստանալու, ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննության գծով տեսուչ Վահե Մանուկյանի կողմից Կոմիտաս Աբրահամյանից 500 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու վերաբերյալ քրեական գործերը եւ այլ գործեր:

Իրենցից առանձնակի
բարդություն են ներկայացրել

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Արտավազդ Ղուկասյանի կողմից շորթմամբ 1500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, նույն բաժնի ավագ հետաքննիչ Սիմոն Ներսիսյանի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելու, իսկ Ոստիկանության Սեւանի քննչական բաժնի պետ Արմեն Մկրտչյանի եւ «Լույս ընդ քար» ՍՊԸ տնօրեն Արսեն Ղարիբյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ քրեական գործը, որով դատի է տրվել 4 անձ (քննիչ՝ Արիստակես Երեմյան):
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների բաժնի ավագ տեսուչ Արմեն Գեւորգյանի կողմից Վաղարշակ Գրիգորյանին փաստաթղթերի կեղծիք եւ մաքսանենգություն կատարելուն դրդելու եւ նրանից 1.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու ու մեկ այլ դրվագով Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ Ալեքսան Նիկողոսյանի հետ քաղաքացի Տիգրան Բալայանից 1 միլիոն 400 հազար դրամ կաշառք շորթելու վերաբերյալ քրեական գործը:
Կատարած հանցանքի համար Արմեն Գեւորգյանին, Ալեքսան Նիկողոսյանին եւ Վաղարշակ Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել համապատասխան հոդվածներով, եւ քրեական գործն ուղարկվել է դատարան (քննիչ՝ Արմեն Նադիրյան):
– ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տեսուչ Սասուն Մկրտումյանի կողմից քաղաքացիներ Սամվել Մելքոնյանի, Կարեն Ենգոյանի եւ Սամսոն Սարգսյանի հետ նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ իրացնելու,
– պարեկապահակային ծառայության գնդի ոստիկան Գրիշա Աբգարյանի եւ «Կառլեն եւ Հակոբ որդիներ» ՍՊ ընկերության տնօրեն Էլվիրա Մարգարյանի կողմից տարբեր քաղաքացիների անուններով «Ինեկոբանկ» ՍՊԸ կեղծ տեղեկանքներ ներկայացնելու, ապառիկ առուվաճառքի կեղծ պայմանագրեր ձեւակերպելու,
– տրանսպորտային վարչության գծային բաժնի օպերլիազոր Վահագն Մխիթարյանի եւ քաղաքացի Արթուր Կարախանյանի կողմից մի խումբ քաղաքացիներից շուրջ 12 միլիոն դրամ գումար հափշտակելու վերաբերյալ քրեական գործերով կատարված նախաքննությամբ ճիշտ տակտիկա ընտրելու, նախաքննությունը պատշաճ պլանավորելու, հարձակողական, խորացված, բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել եւ հիմնավորվել է 100-ից ավելի դրվագ (քննիչներ՝ Արշակ Վարդանյան, Լեւոն Մելքոնյան, Արամ Գրիգորյան):

Այլ մարմինների, դատավորների կողմից
Շարունակական բնույթ է կրում նաեւ այլ մարմինների կողմից առանց նախնական ուսումնասիրության կամ հանցակազմի ակնհայտ բացակայությամբ կամ էլ վիճարկվող հարցի ակնհայտ քաղաքացիա-իրավահարաբերության բնույթ կրող դիմումների, հաղորդումների, նյութերի, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի պահանջների խախտմամբ քրեական գործերի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու սովորություն դարձած պրակտիկան, որի խոսուն վկայությունն է 49 քրեական գործի՝ այլ քննչական մարմիններ ուղարկելու հանգամանքը: Այդ ամենն ստեղծում է աշխատանքի ավելորդ ծանրաբեռնվածություն, ժամանակի կորուստ, արդյունքում՝ նախաքննության ժամկետների անհարկի ձգձգում, իսկ վերջնաարդյունքում՝ ուղղակի-անուղղակի բացասաբար է ազդում քննության որակի եւ արդյունքների վրա:
Կցանկանայի նաեւ նշել ակնհայտ բացահայտված, բավարար ապացուցված գործերով անտեղի փորձաքննություններ նշանակելու եւ արդյունքում՝ նախաքննության ժամկետների անհարկի խախտման մասին:
Բազմիցս է նշվել քննության պլանավորման պարտադիր անհրաժեշտության մասին, որը, սակայն, ոչ բոլոր քննիչներն են գործնականում կիրառում: Արդյունքում՝ ոչ լիարժեք քննության ու հետագայում հայտնաբերված բացթողումները լրացնելու նպատակով գործով անցնող, արդեն իսկ նյութական, բարոյական վնաս կրած տուժողը պարբերաբար տասնյակ անգամներ հրավիրվում է լրացուցիչ քննության: Ստացվում է, որ նա այս անգամ էլ, իսկ երբեմն՝ առավել, տուժում է հենց իրավապահ մարմինների գործողություններից:
Նման պայմաններում ակնկալել նրա աջակցությունը դեպքի իրական հանգամանքների բացահայտման ուղղությամբ՝ տարակուսելի է:
Որքան էլ չցանկանալով, այնուհանդերձ, չեմ կարող շրջանցել ու մեկ անգամ եւս չանդրադառնալ արդարադատությունն իրականացնող առանձին դատավորների գործունեությանը, մասնավորապես՝ անտրամաբանական եւ հակասական որոշումներին:
Նախ, ցավոք, շարունակվում են այն դեպքերը, երբ դատավորները քննիչներին անտեղի ժամերով սպասեցնում են միջանցքներում՝ պատճառաբանությամբ, որ չի ավարտվել նախորդ նիստը կամ էլ հարցի քննարկումը հետաձգվում է, իսկ երբեմն էլ՝ առանց որեւէ պատճառաբանության:
Երկրորդ պարագայում՝ որոշումների հետ կապված, ասածս հիմնավորելու համար բերեմ ընդամենը մեկ-երկու օրինակ. 2010թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 05-ի սահմաններում, Երեւան քաղաքի Գայի փողոցում գործող «Էլլա» գիշերային ակումբում, ապա ակումբի հարակից տարածքում մի խումբ անձանց կողմից բռնության եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնի ոստիկանության ավագ Վազգեն Բաբիկյանին եւ Սարգիս Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու նպատակով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել են համապատասխան միջնորդություններ, որոնք, սակայն, չեն բավարարվել, եւ գրավի կիրառմամբ մեղադրյալներն ազատ են արձակվել։ Ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշումներն էլ բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն երկու դեպքում էլ գրավի կիրառումը ճանաչվել է օրինական, իսկ վերաքննիչ բողոքը՝ մերժվել։
Մինչդեռ, նույն քրեական գործով մեղադրյալներ Արթուր Միքայելյանի, Գեղամ Անդրեասյանի եւ Արկադի Սարկիսյանի նկատմամբ, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից որպես խափանման միջոց կալանքը կիրառվել է, դեռ ավելին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մի քանի անգամ երկարացրել է նրանցից յուրաքանչյուրին կալանքի տակ պահելու ժամկետը։
Մեկ այլ քրեական գործով 2010թ. հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության «Ինտերպոլ» ազգային կենտրոնական բյուրոյի օպերլիազոր Տիգրան Քալանթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ այն բանի համար, որ նա, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, «Վազ 21093» մակնիշի ավտոմեքենայով ցերեկով Պռոշյան փողոցում գերազանցելով սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը, դուրս գալով երթեւեկելի մասից, վրաերթի է ենթարկել երթեւեկելի մասից դուրս գտնվող հետիոտներ Ծովինար Մարգարյանին, Սեդա Շահբազյանին, Գայանե Ավանեսովային եւ Լաուրա Ջավախյանին, որի հետեւանքով վերջին երկուսը, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել են, իսկ Ծովինար Մարգարյանին եւ Սեդա Շահբազյանին պատճառվել է, համապատասխանաբար, ծանր եւ միջին ծանրության վնասներ:
Եթե վրաերթի հետեւանքով մեկ անձին մահ պատճառելու համար մեկ այլ գործով մեղադրյալ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային տեսչության մասնագետ Մարտիկ Մկրտչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ հարուցված միջնորդությունը բավարարել է, ապա Տիգրան Քալանթարյանի վերաբերյալ քրեական գործով հարուցված միջնորդությունը 2011թ. հունվարի 20-ին բավարարելով՝ Քալանթարյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել է թույլատրելի:
Դատարանը գրավի կիրառման անհրաժեշտությունը (որ այն չի կարող կախվածության մեջ դրվել հանցագործության ծանրության աստիճանից) փորձել է հիմնավորել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմով՝ ինչպես մյուս նման դեպքերում մեջբերելով «Նիկոլովան ընդդեմ Բուլղարիայի» եւ «Կաբալերոն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործերը: Որեւէ կերպ չի հիմնավորել ու չի պատճառաբանել, թե նախադեպային համարվող այդ ակտերն ինչքանով են համահունչ եւ կիրառելի տվյալ գործով՝ ակամա անտեսելով Օրենքի եւ Դատարանի առաջ բոլորի հավասարության սահմանադրական դրույթը եւ Քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջները:
Իհարկե, դա դատարանի, դատավորի գործն է. արդարադատությունն իրականացնելիս նրանք անկախ են, ենթարկվում են միայն Օրենքին, եւ ես բնավ որեւէ մտադրություն, առավել՝ բարոյական եւ իրավական հիմքեր չունեմ նրանց գործունեությանը միջամտելու: Սակայն այդ հանգամանքը եւս նախ՝ բացասաբար է անդրադառնում նախաքննության վրա, հայտնի հետեւանքներով խոչընդոտում է քննության բնականոն ընթացքին, իսկ մյուս կողմից, որն ավելի եմ կարեւորում, ստեղծում է անբարենպաստ հասարակական կարծիք, անպատժելիության մթնոլորտ եւ տարաբնույթ կարծիքների ու շահարկումների տեղիք է տալիս:
Ամփոփվել ու վերլուծվել են առանձին տեսակի հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքը, արդյունքները, իրականացված դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակը:
2010թ. ՀՀ վերահսկիչ պալատն ստուգել է պետական բյուջեից ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հատկացված միջոցների օգտագործումը եւ որեւէ խախտում չի արձանագրել. աշխատակազմի գործունեությունը գնահատվել է դրական։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել