Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆՑ

Փետրվար 10,2011 00:00

Արմավիրի քաղաքապետի տեղի համար մրցակցությունը վերսկսվել է, քաղաքը ծանր վիճակում է

\"\"
Արմավիրի միակ շուկան քաղաքապետի սեփականությունն է:

\"\"
Սա քաղաքապետի գազալցակայաններից մեկն է:

\"\"
5-րդ դպրոցի պատուհանների տակի այս աղբակույտերերից մարզկենտրոն Արմավիրում ամենուր կարելի է հանդիպել:

Մարտի 20-ին Արմավիրի մարզի մարզկենտրոն Արմավիր քաղաքում քաղաքապետի ընտրություններ են: Քաղաքապետի անցած ընտրություններն այս քաղաքում նշանավորվեցին նրանով, որ դրանք 2007-ին ծնված եւ սկիզբ առած ԲՀԿ-ՀՀԿ մրցակցության գագաթնակետը դարձան: 2007-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող տեղական նշանակության այս ընտրությունն ինչ-որ առումով փորձաքար էր նորաստեղծ ԲՀԿ-ի համար: Այն ժամանակ Գագիկ Ծառուկյանը հնարավոր ամեն ինչ արեց ԲՀԿ թեկնածուի հաղթանակն ապահովելու համար: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արմավիրում համերգով հանդես եկավ անգամ հայտնի շանսոնիե Միխայիլ Շուֆուտինսկին: Ըստ որոշ տեղեկությունների, ԲՀԿ-ն ընտրապայքարի վրա ծախսեց մոտ 400 հազար դոլար: Բայց այդ կուսակցության թեկնածու Արայիկ Աղաբաբյանը պարտվեց: ԲՀԿ-ն դիմեց դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, սակայն հենց դատական նիստի ժամանակ փաստաբանները անսպասելիորեն լքեցին նիստերի դահլիճը, ինչից հետո դատարանը մերժեց ԲՀԿ թեկնածուի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցը եւ հաղթող ճանաչեց ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության ղեկավար, գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին: Վերջինս, ի դեպ, կարկառուն հանրապետական Ռուբեն Հայրապետյանի սանիկն է: Բնականաբար, մարզի իրավապահ մարմինների, պետական հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների ղեկավար կազմի խլղաթյանամետ տրամադրությունները գերիշխող էին: Գործող քաղաքապետի շուրջ նրանց համախմբվածությունը երկու պատճառ ուներ. այդ ծառայությունների ու հատկապես կրթական հաստատությունների ղեկավարների եւ աշխատակազմի հախուռն հոսքը Հանրապետական կուսակցություն եւ ՀՀԿ թեկնածուի ֆինանսական ռեսուրսները: Աշխատանքը չկորցնելու վախը վերոհիշյալ հիմնարկների աշխատակիցներին դարձրել էր քարոզիչ: Ռուբեն Խլղաթյանին են պատկանում Արմավիրի շուկան, սուպերմարկետների ցանցը, գազալցակայաններ, բենզալցակայաններ: Նրա համար ֆինանսական ներհոսք է ապահովվում նաեւ Դոնի Ռոստովից, որտեղ դեռեւս 80-ականներից Խլղաթյաններն ունեն իրենց ընտանեկան բիզնեսը: Այս ֆոնի վրա ԲՀԿ թեկնածուն զիջում էր ակնհայտորեն: Սակայն նրա կուսակցության հետ միասին նրա կողքին էր նաեւ Արմավիրում հայտնի գնդապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Ի դեպ, Արայիկ Աղաբաբյանը ընտրություններին մասնակցելու հարուստ փորձ ունի, որոշակի շրջանակներում անգամ նրան «կարգել» են «հավերժ թեկնածու» պիտակը: Ներկայիս բարգավաճականը, նախկին ՀՀՇ-ական-հհշամետ է: 2003-ի խորհրդարանական ընտրություններին փորձեց շահել դաշնակցականների համակրանքը, բայց «Օրինաց երկրի» հետ պայքարում տանուլ տվեց: Դրան հաջորդած Արմավիրի քաղաքապետի ընտրություններում էլ «նվիրվեց» ՄԱԿ-ին ու դարձյալ՝ անարդյունք: Այժմ՝ 2007-ի պարտությունից հետո, Արմավիրի փոխմարզպետն է:
Քաղաքապետի վերջին ընտրություններից երեք տարի անց իրավիճակն Արմավիրում այսպիսին է. Ռուբեն Խլղաթյանը մտադիր է կրկին առաջադրվել: «Առավոտի» տեղեկություններով, այս անգամ ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանի փոխարեն կամ նրա հետ համատեղ «վազքուղի դուրս կգա» եւս մեկ ԲՀԿ-ական՝ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, ով Աշխատանքի տեսչության Արմավիրի ստորաբաժանման ղեկավարն է: Ռուստամ Գասպարյանը 1999թ. առաջադրվել է Արմավիրի քաղաքապետի թեկնածու եւ պարտվել: Պատճառն այն է, որ արմավիրցիները Ռուստամ Գասպարյանին տեղաբնակ չեն համարում։
Սակայն այս ընտրություններում ՀՀԿ-ն եւ հանրապետական գործող քաղաքապետը կունենան նաեւ այլ խնդիրներ: Մեր տեղեկություններով՝ լուրջ հավակնություններ եւ հնարավորություններ ունի նաեւ ներկայումս քաղաքի ավագանու անդամ, անկուսակցական Սեւակ Մինասյանը: Նրա հայրն էլ, մեզ հասած լուրերի համաձայն, մարզի դատախազի տեղակալն է, ինչը կարող է էապես թուլացնել հանրապետական թեկնածուի դիրքերը՝ պետական լծակների օգտագործման առումով: Այս անգամ իրենց ուժերը կչափեն նաեւ Արմավիրի տեխնիկումի տնօրեն Արմեն Խաչատրյանը եւ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը: Վերջիններս, ամենայն հավանականությամբ, կառաջադրվեն «ֆոն» ապահովելու եւ ձայներ փախցնելու համար:
Արմավիրում արդեն սկսում են խոսել ընտրակաշառքների մասին: Ավելին, այս առումով բավականին գործնական փուլ է. անձնագրեր են հավաքվում, գրանցվում՝ ետ են վերադարձվում, իսկ որոշ դեպքերում էլ չեն վերադարձվում, ասում են՝ ընտրություններից հետո: Քաղաքի լուսավորության համար նախատեսված 50 միլիոն դրամն, ըստ մեր տեղեկությունների, այդպես էլ չի ծառայեցվում նպատակին: Այդ գումարն այլ առաքելություն ունի. ընտրակաշառք պետք է բաժանվի:
Արմավիրն ունի ընդամենը երկու բարեկարգ փողոց. մեկը կենտրոնական փողոցն է, մյուսը՝ ծայրամասային, որը բարեկարգվել է տարիներ առաջ, հիմնականում պետբյուջեից տրամադրված գումարների հաշվին: Ընդհանուր առմամբ, քաղաքը թշվառության քողի մեջ է, չնայած որ մարզկենտրոնի կարգավիճակը գոնե պետք է նպաստեր, որ այն ավելի խնամված, փայփայված ու ավելի սիրալիր վերաբերմունքի արժանացած լիներ: 10-12 մանկապարտեզներից միայն մեկն է ամբողջովին վերանորոգված, 10 դպրոցներից՝ միայն երկուսը: Անմխիթար վիճակում են նաեւ քաղաքի սպորտդպրոցները: Այս առումով ամենանախանձելի վիճակում է գտնվում քաղաքի մշակույթի տունը, որը հենց քաղաքապետարանի հարեւանությամբ է գտնվում: Մեզ հետ զրույցներում քաղաքի բնակիչները հիմնականում դժգոհություններ էին արտահայտում, ցավով փաստում էին, որ գործազրկությունը, հիասթափությունն ու հուսահատությունն այն աստիճանի են հասել, որ մարդիկ լքում են իրենց բնակավայրը՝ հաշվի չառնելով ոչինչ: Խմելու ջրի հարցն արդեն այս տարածքի բնակիչների համար «ցարական լծի» պես մի բան է դարձել: Ծորակներից արտեզյան ջուր է գալիս, իսկ խմելու ջուրը վաճառվում է ցիստեռններով՝ մեկ դույլը 100 դրամ, կամ խանութներում՝ տարբեր պիտակներով: Իսկ ծայր աղքատության շեմին ապրող մարդու համար, ով դժվարությամբ է կարողանում հացի խնդիր լուծել, կրկնակի բեռ է դառնում նաեւ ջրի խնդիրը: Բողոքները արդյունք չեն տվել: Ու այսօր արմավիրցիները մեկ այլ խնդրի առաջ են կանգնած. պարբերաբար արտեզյան ջուր օգտագործելու արդյունքում լուրջ առողջական խնդիրներ են առաջանում: Բնակիչները դժգոհ են նաեւ հաճախակի հոսանքազրկումներից: Քաղաքի գերեզմաններում ոռոգման ջուր ապահովելու համար ընդամենը 4 միլիոն դրամ է պահանջվում: Քաղաքապետն այդպես էլ ընթացք չի տվել ավագանու նիստերից մեկում բարձրացված այս հարցին, անգամ այն պարագայում, երբ ավագանու որոշ անդամներ պատրաստակամություն են հայտնել սեփական միջոցներից որոշակի գումար տրամադրել: Փոխարենը՝ մի քանի օր անց հրավիրված ավագանու արտահերթ նիստում հավանության է արժանանում ծառայողական մեքենա գնելու քաղաքապետի առաջարկը: Այդ «սուրբ գործի» համար քաղաքային բյուջեից 22-23 միլիոն դրամ է տրամադրվել:
Արմավիրում լինելու պատեհ առիթն օգտագործեցի նաեւ քաղաքապետին հանդիպելու եւ այս խնդիրների պատասխանները նրանից ստանալու համար: Գործավարուհու միջոցով վերջինս փոխանցեց, որ «ընտրություններով գլուխը մի քիչ խառն է, նախապես չպայմանավորված ընդունելություններ անել չի կարող»: Նկատենք, որ ՀՀ օրենսդրությամբ ընտրական որեւէ գործընթաց այժմ չկա, հետեւաբար կասկածի տեղիք տվեց քաղաքապետի «խառը վիճակը»: Համենայնդեպս, խոստացավ «կապվել մեզ հետ». հուսով ենք, որ այս հարցերի պատասխանները կտրվեն հրապարակային եւ համոզիչ կերպով:
Մյուս հավանական թեկնածուներից «Առավոտին» հաջողվեց հեռախոսազրույց ունենալ առայժմ միայն Սեւակ Մինասյանի հետ: Մեր հարցին՝ գիտակցո՞ւմ եք, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի դեմ եք պայքարի դուրս գալու, վերջինս պատասխանեց. «Ես չեմ պայքարում կուսակցությունների դեմ, ես պայքարում եմ մեր քաղաքի վաղվա օրվա համար»: Իսկ Դուք ո՞ւմ «դաբրոյով» եք որոշել առաջադրվել՝ հարցին էլ ասաց. «Իմ խնդիրը «դաբրո» ստանալը կամ որեւէ կուսակցության դեմ պայքարելը չէ: Եթե ժողովուրդը իր «դաբրոն» տա՝ դա կլինի ամենամեծ ձեռքբերումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել