Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳԱԳԻԿ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ ԽՈՍԵԼՈՒ Է

Փետրվար 10,2011 00:00

«Առավոտին» դիմեց Հայաստանում նախկինում տարբեր նախարարություններ գլխավորած, իսկ այժմ ԱՄՆ-ում բնակվող Գագիկ Շահբազյանը եւ երկարամյա լռությունից հետո ցանկություն հայտնեց պատմել իրականությունը մի շարք առանցքային իրադարձությունների մասին, որոնք առնչվում են Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակին: Նաեւ պատրաստակամություն հայտնեց պատասխանել մեզ հետաքրքրող բոլոր հարցերին: Գագիկ Շահբազյանը բացատրեց, թե ինչու է դիմել մեր թերթին. «Հայաստանից հեռանալուցս հետո ինձ դիմել են ինչպես ռուսական, այնպես էլ անգլալեզու պարբերականներ՝ հարցազրույցի խնդրանքով, սակայն որոշեցի ընտրել հայկական ԶԼՄ եւ հատկապես «Առավոտին», քանի որ այլ ԶԼՄ-ներ այնքան կեղտ, ասեկոսեներ ու ստեր էին տարածել իմ հասցեին, իսկ ձեր թերթը միայն մեկ անգամ էր անդրադարձել իմ խնդրին եւ հավաստիանալով, որ տեղեկատվությունը հիմնավոր չէ՝ տպագրել էր հերքում»:

Հիշեցնենք, որ Գագիկ Շահբազյանը 1992-ին ղեկավարել է Հայաստանի պատվիրակությունը՝ Թուրքիայի հետ հաղորդակցական ուղիները վերաբացելու եւ ցորենի ներմուծման շուրջ բանակցելու համար:

Բացի այդ՝ պրն Շահբազյանը եղել է հայ-ռուսական ռազմաքաղաքական հանձնախմբի համանախագահը եւ նախապատրաստել Հայ-ռուսական մեծ պայմանագիրը, որը ստորագրվեց 1997 թվականին: Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահն էր մինչեւ 2000 թվականը: Նաեւ ղեկավարել է Եվրամիության հետ համագործակցության հանձնաժողովը:

Վազգեն Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո Գագիկ Շահբազյանը նախապատրաստել է նրա այցը ԱՄՆ եւ մասնակցել բոլոր հանդիպումներին՝ ներառյալ ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորի հետ:

Վարչապետ Արմեն Սարգսյանի բացակայության շրջանում՝ շուրջ 4 ամիս փաստացի կատարել է կառավարության ղեկավարի պարտականությունները: Վրաց-աբխազական հակամարտության շրջանում ղեկավարել է հայ-վրացական հանձնաժողովը եւ զբաղվել այն խնդրով, որ Հայաստան բեռների առաքման հարցերում չլինեն խափանումներ, հանդիպել է հակամարտող կողմերին:

Եվ ահա նա խոսելու է այս բոլոր թեմաների շուրջ՝ ինչպես նաեւ հայ-ռուսական համագործակցության անդրկուլիսյան կողմի մասին:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել