Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանում հնարավոր է անկայունություն

Փետրվար 10,2011 00:00

Ըստ «Սթրաթֆորի» վերլուծության՝ եգիպտական ցույցերն ամենայն հավանականությամբ չեն կրկնվի նախկին խորհրդային երկրներում, սակայն դրանցից 4-ում առկա խնդիրները
կարող են վտանգել կայունությունը:

«Նախկին Խորհրդային Միության երկրները եւ «եգիպտական ազդեցությունը». այսպես է կոչվում «Սթրաթֆոր» վերլուծական կենտրոնի երեկ հրապարակած հոդվածը: Այստեղ նշվում է, թե Եգիպտոսում բողոքի շարունակական գործողությունների ընթացքում «շատ էին շահարկումները, թե նման զարգացումներ կարող են տեղի ունենալ նախկին Խորհրդային Միությունում, մասնավորապես, Ռուսաստանում: Սա քիչ հավանական է, քանի որ կան շատ տարբերություններ՝ ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական, Եգիպտոսի եւ նախկին ԽՍՀՄ երկրների միջեւ: Սակայն Եգիպտոսի ցույցերին չառնչվող գործոնները անկայունության վտանգ են առաջացրել նախկին խորհրդային մի շարք այլ երկրներում»:
Վերլուծության մեջ նշվում է, թե ինչպես Եգիպտոսը, այնպես էլ խորհրդային նախկին երկրներից շատերն ունեն «բռնակալ առաջնորդներ, որոնք տասնամյակներ շարունակ իշխանության ղեկին են, եւ այդ երկրներից շատերում բռնակալ ղեկավարները ճնշել են ընդդիմությանը, անգամ ուժ գործադրել: Բայց կան մի քանի սկզբունքային տարբերություններ, որոնք խոչընդոտում են հնարավորությունը՝ «Եգիպտոսի ազդեցությանը» հասնել նախկին խորհրդային երկրներ»: Հոդվածում թվարկված են այդ տարբերությունները՝ երկիր առ երկիր, մասնավորապես, թե ՌԴ-ի կամ Բելառուսի քաղաքական համակարգերը տարբեր են Եգիպտոսից. «Վրաստանում իրավիճակը նման է Ռուսաստանին եւ Բելառուսին՝ ուժեղ նախագահ, որն ունի ժողովրդական եւ ռազմական ուժերի ու մտավորականության աջակցությունը»:
Վերլուծության մեջ հիմնավորվում է, թե Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի 4 երկրներում՝ պատճառներով, որոնք բավական տարբեր են եգիպտականից, առկա ճնշումները կարող են վտանգել քաղաքական եւ սոցիալական կայունությունը: «Հնարավոր խնդրահարույց երկրներ» ենթաբաժնում նշվում են Տաջիկստանը, Ղրղըզստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը, որոնք «ունեն ռեժիմի կայունության եւ անվտանգության ավելի խորքային խնդիրներ, քան վերոհիշյալ պետությունները»: Մասնավորապես նշվում են տնտեսական ծանր պայմանները. «Հետեւաբար՝ բողոքներն ու ընդդիմադիր ուժերն ավելի հավանական է, որ իրական խնդիրներ կառաջացնեն իշխող վարչակարգերի համար: Սա չի նշանակում, թե այս երկրներում կտեսնենք նույն սցենարը, ինչ Եգիպտոսում»: Այսուհանդերձ՝ կանխատեսվում է, թե այս երկրների վարչակարգերը կարող են առնվազն ստիպված լինել փոխել իրենց ներկա քաղաքականությունը կամ տապալվել:
Հայաստանի վերաբերյալ նշվում է, որ «սովորաբար հակված չէ լայնածավալ անկայունությունների եւ բողոքի ցույցերի, թեեւ վերջերս ՀՀ նախկին նախագահի եւ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր- Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը կոչ է արել մեծ հանրահավաք կազմակերպել փետրվարի 18-ին Երեւանի Ազատության հրապարակում՝ վկայակոչելով Եգիպտոսը որպես ոգեշնչման աղբյուր»: Ըստ «Սթրաթֆորի» աղբյուրների՝ ընդդիմությունն ակնկալում է 10 հազար կամ մի քիչ պակաս ցուցարարների մասնակցություն. «Մասնակցության աստիճանը բավարար կլինի՝ խրախուսելու ընդդիմությանը շարունակել»: Վերլուծության մեջ, սակայն, անհասկանալի է համարվում՝ արդյոք նրանք կկարողանա՞ն ցույց անել Ազատության հրապարակում, քանի որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները հայտարարել են, թե այդ վայրում անցկացվելու են սպորտային եւ մշակութային միջոցառումներ՝ փետրվարի 15-ից մարտի 15-ը: Նշելով, թե բողոքի ցույցը կլինի դիտարկման արժանի իրադարձություն՝ «Սթրաթֆորը» դարձյալ ընդգծում է. «Հայաստանը նվազագույնը ռիսկային է՝ դառնալու հնարավոր խնդրահարույց երկիր»:
Վերլուծության վերջում նշված է, թե նույնիսկ հաշվի առնելով այս 4 երկրներում առկա պարարտ հողը զանգվածային անկարգությունների համար՝ մեծ հարցական է, թե արդյոք այնտեղ կլինե՞ն այնպիսի ցույցեր, որոնք կհանգեցնեն իշխող վարչակարգի տապալմանը: Հարցին «Սթրաթֆորի» պատասխանը բացասական է, հաշվի առնելով, որ այդ երկրներից ոչ մեկը չունի ռազմական կամ անվտանգության այնպիսի ուժեր, որ անտեսի ՌԴ շահերը. «Ղրղըզստանում, Տաջիկստանում եւ Հայաստանում գերիշխող ռազմական ուժը Ռուսաստանն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել