Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ԲԱՐԻ ԼԻՆԵՆ՝ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵՆ»

Փետրվար 10,2011 00:00

\"\"Միջազգային ճգնաժամային խմբի ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հրապարակած հերթական զեկույցին հակադարձում է Արմեն Ռուստամյանը:

– Նախ, գնահատումները առ այն, որ այս հռետորաբանությունը մեծացնում է պատերազմի վերսկսման հավանականությունը, իսկապես ճիշտ է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը, ըստ էության, մինչեւ հիմա ոչ հստակ իր դիրքորոշումներով նպաստել է այս իրավիճակի առաջացմանը: Երբ, օրինակ, նրանք տուրք են տալիս ադրբեջանական քարոզչությանը եւ թույլ են տալիս, որպեսզի աղավաղվեն կոնֆլիկտի էությունը, նրա ծագումը, ընթացքը, առաջացած իրավիճակը մեկնաբանվի ադրբեջանական տեսանկյունից, սրա նպատակը այն է, որ իրենք խնդիր են հետապնդում արդարացնել նոր ագրեսիան: Եվ այնքան աղավաղեցին, որ տպավորություն են ստեղծել, որ Ադրբեջանը ոչ թե ագրեսոր է, այլ զոհ, եւ, բնականաբար, ունի իրավունք, այսպես կոչված, իր կորցրածները ամեն գնով ետ բերելու: Զուտ մեթոդաբանական առումով պետք է ընկալեին, որ մի օր սա մեծացնելու էր պատերազմի հավանականությունը, եւ դա մեծացել է ոչ միայն սպառազինությունների մրցավազքով, այլ նաեւ Ադրբեջանը դրա համար ստացել է միջազգային հանրության ուղղակի կամ անուղղակի աջակցությունը: Պարզ էր ի սկզբանե, որ Ադրբեջանը բանակցային գործընթացում ապակառուցողական դիրքորոշում ունի, պարզ էր ի սկզբանե, որ այս ամենի մեջ կտրուկ փոփոխություն մտցնելը կլիներ այն, որ հակամարտող բոլոր կողմերը ներգրավվեին բանակցային գործընթացում: Պատահական չէ, որ Ադրբեջանը անընդհատ հրաժարվում էր Ղարաբաղի մասնակցությունից: Սա նշանակում էր, որ պարզապես խուսափում է հակամարտության բուն հարցի՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկումից:
– Ձեր կարծիքով, միջազգային կառույցների այս կարգի հայտարարությունների նպատակը ո՞րն է:
– Կարծում եմ, թեպետ փոքր-ինչ ուշացումով, բայց կարծես ընկալել են, որ միջազգային կառույցների գլխավոր դերը պետք է լիներ բանակցային գործընթացներում թույլ չտալ, որ կողմերը շեղվեն խաղաղ կարգավորման գործընթացից: Սա էր միջնորդների հիմնական առաքելությունը: Եվ սա էր, որ ժամանակին նկատի ունենալով՝ մենք ասում էինք. եկեք Ադրբեջանին հարցի առաջ կանգնեցնենք եւ պնդենք, որ պետք է խաղաղ բանակցային գործընթացի մասին համաձայնագիր ստորագրել: Շատ լավ է, որ այդ գաղափարն այժմ արծարծվում է: Ինձ համար շատ անակնկալ էր, երբ այս զեկույցից իմացա, որ այդ հարցը երկար ժամանակ քննարկվել է: Փաստորեն բացահայտում են, որ դեռեւս 2005-ից ԵԱՀԿ-ն այդպիսի նախաձեռնություն հանդես է բերել: Բայց ինչու ԵԱՀԿ-ն իրերը չի կոչել իրենց անուններով եւ չի ասել, որ այս առաջարկից խուսափողը շեղվում է խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությունից եւ փաստացի պատրաստվում է պատերազմի: Բայց հիմա մտավախություն կա, որ հանկարծ նորից նոր սխալ ընթացքի մեջ չհայտնվենք: Ի վերջո, լավ կամ վատ, այս փխրուն խաղաղությունը գոյություն ունի 1994-ի հրադադարի պայմանագրի շնորհիվ:
Եվ պետք է հստակ դառնա, որ նոր համաձայնագիրը պետք է կնքվի եռակողմ, եւ մենք դա պետք է անպայման պնդենք: Հակամարտության փաստացի կողմը Ղարաբաղն է, եւ չի կարելի նորից նույն ծուղակի մեջ ընկնել: Սա հանկարծ չհանգի այն բանին, որ համաձայնագիրը կնքեն Հայաստանը եւ Ադրբեջանը, եւ դա նորմալ համարվի: Սա իրականում ծուղակ կլինի մեզ համար: Ի վերջո պետք է հասկանալ, որ նման համաձայնագրերը իրական ուժ կստանան եւ երաշխավորման լրացուցիչ հանգամանք կհանդիսանան, եթե մասնակցի Ղարաբաղը:
– Ձեր վերլուծությունները, ըստ էության, էականորեն տարբերվում են ոչ խորհրդարանական ընդդիմության վերլուծություններից, քանի որ ցանկացած նման հերթական հայտարարությունից կամ զեկույցից հետո հնչում է կարծիք, որ այս ամենին հանգեցրել է գործող իշխանությունների կողմից վարվող ապաշնորհ քաղաքականությունը, փաստորեն, Դուք, որպես ընդդիմություն, այս հարցում էական տարաձայնություններ ունեք:
– Եթե այդպես են մեկնաբանում, ուրեմն պետք է ավելի անկեղծ լինեն եւ ասեն, որ այդ ամենը հենց իրենցից է սկսվել:
– Ինչո՞ւ:
– Օրինակ, ամեն տեղ Ադրբեջանը որպես հիմնական փաստարկ բերում է այն, որ Ադրբեջանը մաս է կազմել ՄԱԿ-ին այն տարածքներով, որ խորհրդային տարիներին էին, իսկ դա եղել է իրենց օրոք, եւ դրա դեմ ոչ մի ծպտուն չի հանել այդ ժամանակվա իշխանությունը: Սա իրավական հիմնական փաստարկն է, որը Ադրբեջանը ամեն տեղ ներկայացնում է, եւ դրա վրա իրենք կառուցել են իրենց հետագա ամբողջ քաղաքականությունը: Միայն այս փաստը բավարար է: Մյուս սխալն այն է, որ եթե ասում ենք՝ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, չի նշանակում, որ պետք է մասնակցի Հայաստանի փոխարեն: Իրենց ժամանակ իրենք Ղարաբաղը դիտում էին որպես բանակցային միակ կողմ եւ ասում էին, որ երկուսի միջեւ ինչ էլ ստորագրվի, համաձայն են: (Մենք այս հարցի հետ կապված պատրաստ ենք տպագրել նաեւ «նախկինների» տեսակետը- Մ. Ե.): Իսկ դրանից հետո եկած իշխանության սխալն այն էր, որ Հայաստանը փոխարինեց Ղարաբաղին: Մինչդեռ ոչ պիտի Հայաստանը Ղարաբաղին փոխարինի եւ ոչ էլ Ղարաբաղը՝ Հայաստանին:
– Համանախագահները գտնվում են Հայաստանում եւ խոստացել են լավ եղանակի դեպքում այցելել նաեւ Ղարաբաղ:
– Նման հայտարարությունները շատ վտանգավոր եմ համարում, երբ անընդհատ ինչ-որ տեխնիկական պատճառներ են գտնում, բայց իրականում խուսափում են այցելել Ղարաբաղ, որը նշանակում է՝ ուզում են շրջանցել Ղարաբաղը: Դրա համար, կարծում եմ, միջազգային հանրության ոճը պետք է փոխվի եւ մեղավորների մասին պետք է խոսվի հստակ: Հիմա, այս հայտարարությունը այնպիսին է, որից պարզ չէ, թե ստեղծված իրավիճակի մեղավորը ով է, ուրեմն թող բարի լինեն՝ կոնկրետ նշեն, որ ստեղծված իրավիճակի համար մեղավորը Ադրբեջանն է, քանի որ իրենց նշած բոլոր կետերի համար մեղավորը եւ պատասխանատուն Ադրբեջանն է, եւ դա պետք է առնվազն շեշտվի: Սա է միջազգային կառույցների թերությունը: Վախենում են կամ խուսափում են ասել, որ ամեն ինչի մեղավորը Ադրբեջանն է: Իրենց իսկ ներկայացրած թվարկումները հենց դրա մասին են խոսում, ուրեմն թող բարի լինեն՝ իրերը իրենց անուններով կոչեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել