Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԵՐ ԿԱՆ

Փետրվար 10,2011 00:00

Իսկ դրանց պատասխանները մեր «սփյուռքասեր»  պաշտոնյաներն այսօր չունեն

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը արձագանքել է հունվարի 30-ին Լոս Անջելեսում Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի արած հայտարարությանը, թե՝ ՀՀ-ն մտադիր է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել՝ մի նոր օրենսդրական վերին պալատ՝ Սենատ ստեղծելու համար, որն իր մեջ ընդգրկելու է Սփյուռքի ներկայացուցիչներին: Սասունյանը հարցի քննարկման այս նախնական փուլում ձեռնպահ է մնացել կարծիք ու դիրքորոշում հայտնելուց, բայց փոխարենը՝ ավելի քան տասը հարցադրումներ է արել, որոնք, իր ասելով, «պետք է հաշվի առնվեն անհատների, կազմակերպությունների եւ կառավարության պաշտոնյաների կողմից, նախքան ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն ու Սենատ ստեղծելը»: Ահավասիկ. «Արդյոք ՀՀ քաղաքացիները գոհ կլինե՞ն իրենց օրենսդիր մարմնում Սփյուռքի հայերի ներկայությունից, թե՞ կդիտեն որպես օտարերկրյա քաղաքացիներ՝ չնայած նրանց հայ լինելուն, որոնք միջամտում են իրենց ներքին գործերին: Արդյոք ՀՀ կառավարության կողմից Սփյուռքի ընտրված ներկայացուցիչների ընդգրկումը Սենատում չի՞ դիտվի որպես Սփյուռքի վրա Հայաստանի իշխանությունների անհարկի ազդեցության փորձ: Ինչո՞ւ չի կարելի Սփյուռքի հայերին ընդգրկվել գոյություն ունեցող խորհրդարանում՝ Սենատ ստեղծելու փոխարեն: Ինչպիսի՞ն կլինի Սենատի օրենսդրական լիազորությունը, եւ այն ինչո՞վ կտարբերվի գործող խորհրդարանից:
Քանի որ հայերի մեծամասնությունը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս, արդյոք առաջարկվող Սենատը բաղկացած կլինի ավելի շատ Սփյուռքի ներկայացուցիչներից, քան հայաստանցիների՞ց: Ինչպե՞ս են ընտրվելու սենատորները: Արդյոք նրանք ընտրվելու են հասարակությա՞ն, թե՞ նշանակվելու են կառավարության կամ խոշոր կազմակերպությունների կողմից: Եթե նրանք ընտրվելու են, ապա ինչպիսի՞ն է լինելու ընտրողների եւ թեկնածուների ընտրական արարողակարգը, ո՞վ է սահմանելու չափանիշները, եւ ո՞վ է կազմակերպելու ընտրությունները: Այն դեպքում, երբ որոշվի, որ սենատորները պետք է ընտրվեն, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն ապահովելու համար: Արդյոք կարո՞ղ են Սփյուռքի սենատորները պահպանել իրենց ներկա քաղաքացիությունը, ընդունել երկքաղաքացիություն, թե՞ ստիպված են հրաժարվել օտարերկրյա քաղաքացիությունից: Արդյոք Սփյուռքի անդամները պարտավո՞ր են տեղափոխվել Հայաստան՝ մշտական նստաշրջաններին մասնակցելու համար, թե՞ նրանք պետք է Հայաստան գան կարճ ժամանակահատվածների համար՝ մասնակցելու միայն համահայկական հարցերին նվիրված ժողովներին:
Կա՞ն արդյոք ծրագրեր՝ համեմատական ուսումնասիրություն կատարելու օտար երկրների օրենսդիր մարմինների մեջ այլ ժողովուրդների սփյուռքների ներկայացուցիչների մասնակցության մասին»:
Եվ վերջապես, Հ. Սասունյանը համոզմունք է հայտնել, որ  այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է բացառապես հիմնված լինի այն բանի վրա, թե արդյոք այս կամ որեւէ այլ միջոցառում բխո՞ւմ է հայերի շահերից, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
Հ. Սասունյանի թվարկած հարցերից շատերը նաեւ Հայաստանում են  բարձրացվում: Երեկ «Առավոտի» հետ զրույցում այդ հարցադրումներին եւս մի քանիսը հավելեց ՀՀ ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը. «Ո՞վ է հոգալու սփյուռքահայ պատգամավորի կեցության հարցը Հայաստանում, ո՞վ է վճարելու նրա տեղաշարժի ծախսերը: Ի՞նչ է նշանակում օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ կառավարման բարձրագույն մարմնի գործունեությանը մասնակից դարձնելը. հետո՞ ինչ, որ նրանք հայեր են: Ո՞ւմ շահերն են  նրանք ներկայացնելու՝ Սփյուռքի՞: Պաշտոնական հավաքականության ինչպիսի՞ տեսք ունի Սփյուռքը, եւ որո՞նք են նրա  ընդհանրական շահերը, որոնք  պետք է ձեւավորվեն Հայաստանի ազգային եւ պետական շահերի համատեքստում: Ովքե՞ր են նրանց այդպիսի լիազորություններ տալու, թե՞ պատրաստվում ենք Սփյուռքին փոխանցել ՀՀ ԱԺ ընտրությունները մեր նմանությամբ կազմակերպելու փորձը: Կամ՝ ի՞նչ պարտավորություններ կունենան նրանք մեր երկրի եւ ժողովրդի հանդեպ: Հարկեր վճարելո՞ւ են, բանակում ծառայելու հանգամանքն ինչպե՞ս է լինելու»: Երջանիկ Աբգարյանը նաեւ միանշանակորեն հայտարարեց, թե որեւէ կերպ Հայաստանը այս նախաձեռնությունից չի օգտվելու: Նա հարցի քննարկումն արդեն ինքնին քաղաքական տգիտություն որակեց ու հիշեցրեց, որ ժամանակին էլ Սահմանադրությունը փոխվեց եւ հանվեց երկքաղաքացիության արգելքը. «Եվ ի՞նչ:  Ֆինանսական միջոցներ ծախսվեցին, Սահմանադրություն փոխեցին, հանրաքվե անցկացրին: Ի՞նչ փոխվեց: Էդ ինչո՞ւ Հայաստանը երկքաղաքացիներով չի հեղեղվում: Այս մի նախաձեռնությունն էլ ոչ միայն որեւէ արժեք չունի, այլեւ Հայաստանի դեմ, կարելի է ասել, դավադրության նման մի բան է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել