Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱ ԽԱՂ ՉԷ, ԱՅԼ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 09,2011 00:00

Հայաստանը ինտերնետի պատճառով տուժածների  վերաբերյալ վիճակագրություն չունի

Փետրվարի 8-ին, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նշվում է Անվտանգ ինտերնետի միջազգային օրը, որի շրջանակում արդեն 3-րդ տարին՝ ինտերնետից անվտանգ օգտվելու կանոններին ծանոթացնելու համար Հայաստանում անցկացվում է «Երեխաների առցանց (online) անվտանգություն» միջոցառումը, որն այս տարի ուներ «Սա խաղ չէ, այլ՝ իրականություն» կարգախոսը: Օրվան ընդառաջ՝ «Մայքրոսոֆտ» ընկերության հայաստանյան գրասենյակը եւ «World Vision» կազմակերպությունը իրականացրել էին «Ինտերնետը, դրա առավելությունները, վտանգներն ու անվտանգ օգտագործումն իմ աչքերով» թեմայով աշակերտական մրցույթ, որին մարզերի եւ Երեւանի երեխաները 2 շաբաթվա ընթացքում ներկայացրել էին մոտ 60 աշխատանք: Ներկայացված տեսահոլովակներից 19-ը հաղթող է ճանաչվել: Երեկ «Լավագույն բովանդակությամբ տեսահոլովակ», «Լավագույն ուսուցողական տեսահոլովակ», «Լավագույն թիմային» եւ այլ անվանակարգերում երեխաներին տրվեցին 2 հատուկ, 2 գլխավոր, ինչպես նաեւ խրախուսական մրցանակներ: «World Vision»-ը մեկ տարվա ծրագիր է մշակել, որի շրջանակում շուրջ 25 դպրոցներում կուսուցանվի ինտերնետից, տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու կանոնները, կկրթվեն նաեւ ուսուցիչներն ու ծնողները: «Մայքրոսոֆտ» ընկերությունն էլ հայտարարել է անվտանգ ինտերնետի միամսյակ: Ընկերությունը պատրաստվում է եղած նյութերը տեղայնացնել, բացատրական նյութերով առանձին կայք ստեղծել, նաեւ այցելել դպրոցներ:

«Հայ օգնության ֆոնդի» Երեխաների աջակցության կենտրոնում 2005-ից «թեժ գիծ» է գործում, որտեղ կարող են դիմել բջջային հեռախոսների վրա գայթակղիչ, երբեմն նաեւ հակասոցիալական բովանդակությամբ երկտողներ ստացողները: «Այս ծրագրի միջոցով կօգնենք բոլոր այն երեխաներին, որ վնասվել են նման հարձակումների պատճառով, կլինենք տուժածների կողքին, կաշխատենք ծնողների հետ, որոնք ավելի քիչ են տիրապետում համակարգչին եւ չեն կարող պաշտպանել իրենց երեխաներին»,- նշեց «թեժ գծի» ղեկավար Միռա Անտոնյանը եւ հավելեց, որ վերջին տարիներին «թեժ գծով» ավելացել են հատկապես ինտերնետային կայքերից տուժածների զանգերը:

«Մայքրոսոֆտ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանի «մասով» որեւէ վիճակագրություն չկա, թե համացանցից օգտվողների քանի՞ տոկոսն է վտանգների առջեւ կանգնել: Նա կարծում է, որ խնդիրը առկա է նաեւ մեր երկրում, եւ պետական մարմինները պետք է վիճակին տեղյակ լինելու համար գոնե ուսումնասիրություններ կատարեն: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ «Մայքրոսոֆտը» «MSN» կայքի կողմից նման հետազոտություն է կատարել եվրոպական 26 երկրներում: Նա գտնում է, որ Հայաստանում վիճակը շատ չի տարբերվում հետազոտության արդյունքներից: 14-18 տարեկանների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ երիտասարդների 23%-ը համացանցի միջոցով հեշտությամբ կապի մեջ է մտնում ավելի տարիքով անձանց հետ, ինչը կյանքում չի անում: Հարցվածների 75%-ը անծանոթների կողմից մտերմանալու առաջարկ է ստանում, ինչին 37%-ը դրական է արձագանքում: Հետազոտությունը պարզել է, որ երիտասարդների 50-60%-ը հակված է անձնական տվյալները լրացնելիս ավելի տարիքով ներկայանալ: 10%-ին լուրջ վտանգ է սպառնում, իսկ 11%-ն արդեն խնդիրներ է ունենում: «Վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաները կտրուկ փոխել են մեր կյանքը եւ այսօր անհնարին է պատկերացնել, որ որեւէ բիզնես, կառավարություն կամ անհատ չի օգտվում համակարգչից կամ տեղեկատվական տեխնոլոգիաներից, բայց այդ տեխնոլոգիաները նաեւ որոշակի վտանգներ են ներկայացնում: Երբեք վտանգներն այսքան վտանգավոր չեն եղել, ինչքան այսօր»,- նշեց Գ. Բարսեղյանը եւ կարեւորեց այլընտրանքային բովանդակությամբ կրթական կայքեր ստեղծելը. «որովհետեւ 60-70% երեխաներն այցելում են նման կայքեր կամ խաղում այնպիսի խաղեր, որոնք ծնողը երբեք թույլ չէր տա»: Ներկաները երեխաներին խորհուրդ էին տալիս՝ չտրամադրել անձնական տեղեկություններ՝ հեռախոսի համարներ, դպրոցի, բնակության վայրի, ծնողների աշխատավայրի կամ էլփոստի հասցեներ՝ որեւէ կայքում գրանցվելիս, առանց ծնողների իմացության չհամաձայնել հանդիպել ինտերնետային ծանոթներին, համացանցում չտեղադրել ընկերների կամ անձնական կիսամերկ լուսանկարներ, այդպես կարող ես դառնալ ինտերնետային մոլագարների զոհ եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել