Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսֆերային հունվարը

Փետրվար 09,2011 00:00

Տարին երկու անգամ՝ հունվարի ու օգոստոսի 31-ին, ողջ ֆուտբոլային աշխարհը շունչը պահած հետեւում է Եվրոպայի առաջատար առաջնությունների տրանսֆերային շուկայում տիրող իրավիճակին: Հենց այս օրերին՝ հիմնականում տրանսֆերային պատուհանի փակումից հաշված ժամեր առաջ են կնքվում ամենաաղմկալի գործարքները: 2011-ի հունվարի 31-ը բացառություն չեղավ: Տրանսֆերային պատուհանի փակումից հաշված ժամեր առաջ կայացավ լիվերպուլցի Ֆերնանդո Տորեսի տեղափոխումը Լոնդոնի «Չելսի»: Հինգուկես տարի ժամկետով այս պայմանագիրը արիստոկրատներին արժեցավ 58,5 մլն եվրո, իսկ Լիվերպուլ քաղաքը պատեց կրակով. ամենուր այրվում էին դեռ ոչ վաղ անցյալում քաղաքի կուռք Տորեսի մարզաշապիկները:

Ի դեպ, «Լիվերպուլին» հրաժեշտ տվեց նաեւ բազմաչարչար Ռայան Բաբելը, ով Անգլիա էր եկել՝ գոլեր խփելու համար, բայց թե Բենիտեսի եւ թե Հոջսոնի օրոք ժամանակի մեծ մասն անցկացրեց պահեստայինների նստարանին: Ակումբի նոր ղեկավարությունն էլ եկավ եզրակացության, որ իրենց ուղիները չեն հատվում, ինչի արդյունքում Բաբելը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքոմ հայտնվեց գերմանական «Հոֆֆենհայմում»: Սակայն, «կորուստներից» բացի, «Լիվերպուլը» միանգամից երկու բավական հետաքրքիր ձեռքբերում ունեցավ: Ու երկուսն էլ կրկին վերջին օրը: Ակումբը 41մլն եվրո վճարեց «Նյուքասլի» հարձակվող Էնդի Քերոլլի ու 26,5 մլն եվրո՝ «Այաքսի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի համար՝ այս աստղաբաշխական գումարներով ապշեցնելով ոչ միայն իր երկրպագուներին, այլեւ՝ ԶԼՄ-ներին:

Զարմանք առաջացրեց նաեւ բոսնիացի Էդին Ջեկոյի տեղափոխումը «Վոլֆսբուրգից» «Մանչեսթեր Սիթի», քանի որ դեռ ամառվանից համառորեն լուրեր էին պտտվում, թե բոսնիացի հարձակվողը պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրինի «Յուվենթուսի» հետ: Մանչեսթերյան ակումբը, գայլերին վճարելով 37 մլն եվրո, միեւնույն ժամանակ երկու կարեւոր կորուստ ունեցավ՝ Էմանուել Ադեբայորին զիջելով «Ռեալին», իսկ Ռոկե Սանտա Կրուսին՝ «Բլեքբերնին»: Հետաքրքիր տրանսֆերների ցուցակին կարելի է դասել նաեւ Սալլի Մունտարիի տեղափոխությունը «Ինտերից» «Բլեքբերն», Մարտին Դեմիկելեսինը՝ «Բավարիայից» «Մալագա», Սիսինյոյինը՝ «Ռոմայից» «Վիլյառեալ»…

Սրանք հետաքրքիր տրանսֆերների միայն քիչ մասն են, քանի որ, ձեւավորված ավանդույթի համաձայն, Եվրոպայում ձմռանը տրանսֆերային ակտիվություն առանձնապես չի նկատվում: 2011-ի հունվարը աչքի ընկավ աղմկոտ տեղափոխումներով, ընդ որում, ինչպես նկատելի էր, հիմնականում անգլիական պրեմիեր լիգայի ակումբներում:

Ինչ վերաբերում է հայկական ձմեռային տրանսֆերներին, ապա պետք է նշել, որ Հայաստանում, ինչպես նաեւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում, ուր հիմնականում տեղափոխվում են կամ կարող են տեղափոխվել մեր ֆուտբոլիստները, տրանսֆերային պատուհանն ավելի ուշ է փակվում, ինչն էլ նշանակում է, որ վաղ է ամփոփել հայկական միջմրցաշրջանային փուլը, ուստի՝ այս անգամ բավարարվենք միայն դանիական «Ռանդերսում» հանդես եկող մեր երկու ֆուտբոլիստների՝ Ռոբերտ Արզումանյանի ու Յուրա Մովսիսյանի տրանսֆերներով: Ամբողջ հունվար ամսին խոսակցություններ էին պտտվում, թե Արզումանյանը տեղափոխվելու է լեհական «Շլյոնսկ», սակայն այդ տրանսֆերը ձախողվեց, բայց ընդամենը մի քանի օր անց կայացավ տեղափոխումը լեհական Բիալյստոկ քաղաքի «Յագելոնիա», որի կազմում էլ մեր երիտասարդ պաշտպանն արդեն մասնակցել է ուսումնամարզական հավաքի շրջանակներում կայացած՝ Քիշնեւի «Զիմբրուի» հետ հանդիպմանը:

Արզումանյանի արդեն նախկին թիմակից Յուրա Մովսիսյանն էլ այս հունվարին տեղափոխվեց ռուսական «Կրասնոդար»՝ երեքուկես տարի պայմանագրային ժամկետով: Հետաքրքիր է, որ մինչ տեղափոխման փաստի հաստատումը՝ խոսակցություններ կային, որ Մովսիսյանով հետաքրքրված են իսպանական ու անգլիական թիմերը ու շատերին գուցե թվա, թե նոր-նոր ռուսական առաջին խմբից պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Կրասնոդարը» այնքան էլ հաջող տարբերակ չէ: Սակայն պետք է նշել, որ «Կրասնոդարը» ռուսական ամենահեռանկարային ֆուտբոլային նախագծերից է ու Մովսիսյանի համար գուցե եւ կարիերայի այս փուլում՝ ամենահաջող զարգացումը: Մակարդակի առումով «մեծ թռիչքը» դժվար թե մեր ֆուտբոլիստին ապահովեր մշտական մասնակցություն խաղերին, որի հետեւանքով կթուլանար ազգային հավաքականը, ինչը հայ երկրպագուի շահերից չի բխում:

Հուսանք, որ այս երկու տեղափոխություններով մեր ֆուտբոլը այս նախամրցաշրջանային փուլում չի բավարարվի: Հայաստանյան տրանսֆերներին առավել մանրամասն կանդրադառնանք մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Ձմռան ամենաթանկ տասը տրանսֆերները

Ֆուտբոլիստ որտեղից ուր տրանսֆերի գինը

1 Ֆերնանդո Տորրես «Լիվերպուլ» «Չելսի» 58,5

2 Էնդի Քերոլլ «Նյուքասլ» «Լիվերպուլ» 41,0

3 Էդին Ջեկո «Վոլֆսբուրգ» «Մանչեսթր Սիթի» 37,0

4 Լուիս Սուարես «Այաքս» «Լիվերպուլ» 26,5

5 Դավիդ Լուիս «Բենֆիկա» «Չելսի» 25,0

6 Դարեն Բենթ «Սանդերլենդ» «Ասթոն Վիլլա» 21,5

7 Ջամպաոլո Պացցինի «Սամպդորիա» «Ինտեր» 19,0

8 Անդրեա Ռաննոկյավ «Ջենոա» «Ինտեր» 18,5

9 Լուիս Գուստավո «Հոֆֆենհայմ» «Բավարիա» 17,0

10 Ժուլիանո «Ինտերնասիոնալ» «Դնեպր» 11,0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել