Հայաստանցի ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանը, Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը եւ Արտյոմ Բաղդասարյանը Փարիզից մեկնել են Բուդապեշտ եւ այնտեղ Հունգարիայի ազգային հավաքականի հետ ուսումնամարզական հավաք են անցկացնում: Երեկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը տեղեկացրեց, որ մեր ընտրանու եւս երկու անդամներ՝ մինչեւ 73 կգ քաշային Ռոբերտ Վարդանյանը եւ Հակոբ Առաքելյանը (մինչեւ 100 կգ) արդեն միացել են թիմակիցներին ու նրանց հետ մարզվում են: Մեր վեց մարզիկներն էլ փետրվարի 12-13-ին մասնակցելու են աշխարհի հերթական գավաթի խաղարկությանը: Վարկանիշային այս մրցաշարից հետո մեր տղաները եւս երեք օր կմարզվեն Բուդապեշտում եւ միայն դրանից հետո կմեկնեն Դյուսելդորֆ՝ «Գրան Պրի» մրցաշար (փետրվարի 18-20): Տուն վերադառնալուց առաջ մեր ձյուդոիստները մասնակցելու են փետրվարի 25-27-ին Վարշավայում կայանալիք աշխարհի գավաթի եւս մեկ խաղարկության:
Վերը նշված բոլոր մրցաշարերը վարկանիշային են, որոնցից յուրաքանչյուրը որոշակի միավորներ են տալիս հաղթողներին: Իսկ ձյուդոյում ընդհանուր առմամբ գոյություն ունի օլիմպիական վարկանիշային չորս մրցաշար: Դրանք են. «Աշխարհի գավաթ», որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում հաղթողի հաշվարկն ավելանում է 100 միավորով, «Grand Prix»՝ 200, «Մեծ սաղավարտ»՝ 300, «Masters»՝ 400: