Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երկու շնորհանդես՝ մեկ հարկի տակ

Փետրվար 09,2011 00:00

Ռուսերեն են հրատարակվել Հրաչյա Քոչարի՝ «Կարոտ» եւ Վալտեր Արամյանի՝ «Վերադարձ» գրքերը, թարգմանիչը նախկինում մոսկվաբնակ Կարինե Խալատովան է:

Երեկ Գրողների միությունում կայացավ գրքերի շնորհանդեսը:

Ինչպես նշում է թարգմանչուհին, «Կարոտի» եւ «Վերադարձի» ռուսերեն տարբերակների հրատարակումն իր համար նպատակի իրականացում էր. «Այս գրքերի լույսընծայմամբ ես հաստատեցի իմ Հայաստան վերադառնալը: Երկուսուկես տարի Երեւանում եմ: Գուցե մեծամիտ թվամ, բայց իմ արած աշխատանքից գոհ եմ: Հասկանում եմ, որ իմ թարգմանություններով լցրեցի այն բացը, որը մնացել էր հայ գրականության մեջ: Քիչ գործ չեմ արել այս երկու տարիներին Երեւանում գտնվելուս ժամանակահատվածում՝ եւ թարգմանության ոլորտում, եւ ժուռնալիստիկայում»:

Բազմաթիվ թարգմանությունների հեղինակը նշում է, որ մեծ պատասխանատվություն եւ խիզախություն է՝ մասնավորապես Քոչարին թարգմանելը. «Պետք է կարողանաս ասելիքը այնպես հասանելի դարձնել ռուսալեզու ընթերցողին, որպեսզի չզգացվի երկրորդ «ձեռքը»:

Կ. Խալատովան ունի նաեւ սեփական բանաստեղծությունների ժողովածու: Ինչպես ինքն է ասում՝ երբեմն թարգմանչուհին էլ կարիք ունի մտքերն արտահայտելու:

Քոչարի «Կարոտ» գրքի հայերեն տարբերակի խմբագիր Մկրտիչ Սարգսյանի որդին՝ «Հայաստան» հրատարակչության ղեկավար Վահագն Սարգսյանը ասաց. «Խալատովան մի առավելություն ունի, նա դրսում երկար ապրելով՝ մեր այս պարփակված եւ ինքնամփոփ վիճակին կարծես լույս է բերում եւ հնարավորություն տալիս դրսի հայացքով ինքներս մեզ նայել: Վերջերս Անգլիայում հրատարակվել է մի գիրք, որտեղ հայերը ներկայացվում են հայրենասիրական շարժումների մեջ: Այդ գրքով անգլիացի ընթերցողը ընկալելու է մեզ որպես վայրենիների, հնադարյան մակարդակով կռվող ցեղախմբի: Մենք համաշխարհային գրականությանը պետք է ներկայանանք մեր մեծերի մասին ստեղծագործություններով, մի բան, որ անում է Խալատովան»:

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի խոսքով, թարգմանչուհու գործերի ընտրությունը պատահական չէ. «Կարինեն առանձնահատուկ է իր ճիշտ ընտրված հեղինակներով: Թե՛ «Կարոտը» եւ թե՛ «Վերադարձը» մեր դասական գրականության արժեքներից են: Կարծում եմ, սա իրոք հոգու պարտք է, նաեւ արժեք, որը կարող ենք հպարտությամբ եւ անկաշկանդ ներկայացնել ռուսալեզու ընթերցողին՝ չհաշված այն հանգամանքը, որ ռուսերենը միջնորդ լեզու է մեզ համար թերեւս հեղինակներին ներկայացնելու, գեղարվեստական ճաշակ փոխանցելու առումով: Բացի այդ, ռուսերեն թարգմանությունները մեծ հնարավորություն են՝ ստեղծագործությունները դնելու համաշխարհային գրական շրջանառության մեջ»: Առաջիկայում նախատեսվում է Վալտեր Արամյանի, Հրաչյա Քոչարի եւ նույն սերնդի դասականների տուն-թանգարանների ստեղծումը, որին աջակցելու է Վեհափառը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել