Հայաստանի ազգային արխիվը թվայնացման նոր փուլ է սկսել
«Հայաստանի արխիվները այսօր ե՛ւ շենքային վիճակով, ե՛ւ ջերմային ռեժիմով գտնվում են ապահով վիճակում: Ապահովել ենք փաստաթղթերի պահպանման նորմալ ռեժիմ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նա նշեց, որ անկախ եղանակային պայմաններից, արխիվում պահպանվում է 19-20 աստիճան ջերմությունը: Տնօրենը տեղեկացրեց, որ կառավարության նախորդ տարվա հատկացրած 80 մլն դրամով եւ արխիվի միջոցներից տրամադրված 25 մլն դրամով նոր, ժամանակակից պահոցներ են ստեղծել, որոնց բացումը նախատեսված է մարտ կամ ապրիլ ամիսներին: Արխիվի տնօրենի խոսքով՝ նոր պահոցներում 2 անգամ ավելի շատ փաստաթուղթ կարող է պահվել: Ա. Վիրաբյանն ասաց, որ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը օգնել է Ազգային արխիվին՝ նոր թվայնացնող սարքավորումներ ունենալու հարցում եւ տրամադրել $40000, արխիվն այսօր թվայնացման նոր փուլ է սկսել. «Եթե նախորդ տարի թվայնացրել ենք 8 հազար թերթ, նոր արխիվային եւ գրադարանային փաստաթղթերը թվայնացնող սարքավորումով դա կանենք 2 օրվա ընթացքում»: Թվայնացումից հետո որոշ փաստաթղթեր, որոնք ունեն քարոզչական նշանակություն, վերաբերում են ցեղասպանությանը, կտեղադրվեն համացանցում: Նախապատրաստվում են մինչեւ 2015 թվականը ցեղասպանությանը վերաբերող նյութեր թարգմանել ֆրանսերեն, անգլերեն եւ տեղադրել ինտերնետում: Ինչ վերաբերում է ֆիլմերին, տնօրենը նշեց, որ դրանց մասին ինտերնետում կլինի միայն փոքր տեղեկատվություն:
Հարցին՝ ե՞րբ է նախատեսվում ավարտել թվայնացման վերջնական գործընթացը, Ա. Վիրաբյանը պատասխանեց. «Արխիվները կուտակվել են մի քանի հարյուրամյակում, ենթադրում եմ, որ թվայնացումը կտեւի տասնամյակներ: Պետք է նախ թվայնացնել այն, ինչը մեծ պահանջարկ ունի: Օրինակ, մարդկանց ծնունդների, կնունքների, ինչպես ասում էին՝ «տերտերների գիրքը» 50-60-ական թվականներին ուզում էին ոչնչացնել, այսօր դրանք ամենապահանջվածն են: Մարդն այսօր սկսել է իր արմատները փնտրել: Կա ժառանգականության տեսություն, մարդը ուզում է իմանալ, թե ո՞ր սերնդից է վերցնում բարությունը կամ չարությունը, առողջությունը կամ գիտելիքը»:
Թվայնացման գործընթացը աշխատակիցների թվի վրա չի անդրադարձել: Արխիվն ունի 350 աշխատակից: Տնօրենը, սակայն, դժգոհ է բուհերի արխիվագետ-շրջանավարտների ինտելեկտի մակարդակից եւ ցածր աշխատավարձից. «Ինքս կազմակերպում եմ վերապատրաստման դասընթացներ, որովհետեւ շրջանավարտի գիտելիքները զրո են: Ցավն այն է, որ ես աշխատում, կադր եմ պատրաստում, աշխատակիցը ավելի բարձր աշխատավարձով տեղ է գտնում եւ գնում է»: Նա շեշտեց, որ ի տարբերություն շատ երկրների, օրինակ՝ հարեւան Վրաստանի, որտեղ արխիվից անվճար ոչինչ ստանալ հնարավոր չէ, ՀՀ ազգային արխիվից փաստաթուղթ կամ տեղեկատվություն ստանալն անվճար է: Եթե քաղաքացին դիմում է աշխատավարձի, ուսման, բռնադատված լինելու, բանակում ծառայելու եւ նման հարցերով ու ցանկանում 15-օրյա ժամկետում ստանալ փաստաթուղթ, գումար վճարելու կարիք չունի: Եթե քաղաքացին ցանկանում է պահանջածն ավելի կարճ ժամկետում ստանալ՝ պարտավոր է վճարել: