Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՉ ԴԱՍԱԿԱՆ ԲԱԼԵՏ

Փետրվար 09,2011 00:00

«Արցախյան հերոսամարտ» պարային ներկայացմամբ մեկնարկեց հոբելյանական հանդիսությունների շքերթը

\"\"

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2009թ. Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացման առաջնախաղից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը արվեստագետների շրջանում հնչեցրեց հետեւյալ միտքը. «Մի՞թե հնարավոր չէ խոշորամասշտաբ նման ներկայացում իրականացնել Արցախյան հերոսամարտի թեմաներով…»: Եվ ահա Ազգային օպերային թատրոնում փետրվարի 7-ին ներկայացվեց, շատերի համար անսպասելի, բացառիկ ու անսովոր, 50 րոպե տեւողությամբ, դինամիկ ընթացքով, հրաշալի լուսային ձեւավորմամբ եւ բարձրաճաշակ դեկորներով «Արցախյան հերոսամարտ» պարային ներկայացումը՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Սարդարապատ» ռազմահայրենասիրական անսամբլի մատուցմամբ: Սցենարի եւ բեմադրության հեղինակն է անսամբլի գեղարվեստական ղեկարար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Հակոբյանը, պարուսույցը՝ Էդգար Հակոբյանը, ռեժիսորը Լեւոն Իվանյանն է, զգեստների հեղինակն է Արուսյակ Փայտյանը, բեմանկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը:

Մուրադ Հակոբյանի երաժշտական ձեւավորումը ինքնատիպ էր, օգտագործված էր ամերիկյան ֆիլմերի համար գրված եւ դեռեւս չօգտագործված երաժշտական աշխատանքներ, որոնք վաճառքի են հանված ինտերնետում: Այն համեմված էր հայկական թեմաներով, որոնցով ամբողջանում էր բարձրակարգ երաժշտական նյութը:

«Արցախյան հերոսամարտը» պարային ներկայացում է, իր տեսակի մեջ անսովոր, ռեժիսոր Լ. Իվանյանի ձեւակերպմամբ՝ «ոչ դասական բալետ»: Անսամբլի ղեկավարը գտել էր պարի միջոցով պայքարի ոգու դրամատուրգիական կառուցվածքը ներկայացնելու ձեւը, որն իր տեւողությամբ զուտ պարային ելույթի սովորական սահմաններից մեծ ժամանակային ընթացք էր պահանջում: Մ. Հակոբյանը ստեղծել էր դրամատուրգիա, ինչն իր սյուժետային ընթացքով հենց ցանկացած ներկայացման գլխավոր պայմանն է:

Դրամատուրգիական հորինվածքը հետեւյալն է. հայաստանյան, երեւանյան առօրյայի մի դրվագ, գործնական ու աշխատանքային սովորական մի օր է, սակայն տագնապի շունչ կա օդում ու անհանգիստ է հրամանատարը: Նա իր մտքերի հետ մենակ է… Շատ արագ նրա շուրջ համախմբվում են երիտասարդները ու թիկունք կանգնում հրամանատարին: Իրադրությունը պահանջում է հրաժեշտ տալ խաղաղ կյանքին… Քաղաքացիներ, տագնապ, հրամանատար, հավաքակայան, լեռներ, հետախուզություն, անհավասար մարտ, նահանջ, զոհ, ցավ, աղոթք, պոռթկում, գրոհ, հաղթանակ. սա ներկայացման ընդհանուր գիծն է: Իրավիճակները մատուցվում են կատարողական բարձր մակարդակով, հանդիսատեսն էլ ապրում էր ներքին ու արտաքին հրճվանքի տոն:

Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին այս տարի դեռեւս շատ հանդիսություններ ու ձեռնարկներ կնվիրվեն, սակայն «Արցախյան ազատամարտը» առաջինն էր, որով մեկնարկեց հոբելյանական տարվա հանդիսությունների շքերթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել